Sentence
stringlengths 1
114k
| class
stringclasses 7
values | source
stringclasses 1
value |
---|---|---|
Նախօրեին Երևանում կայացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը:
Ինչպես հաղորդում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ընդհանուր հաշվով ստացվել է 9 հայտ, բայց ապրիլի 4-ին անցկացված մրցույթին մասնակցել է 7 թեկնածու: Արդյունքում, երկրոդ փուլ են դուրս եկել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը:
Բողոքի բացակայության դեպքում համապատասխան հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը կներկայացվի մշակույթի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:
Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը փետրվարին սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երկար վերնագրերը տարօրինակ առանձնահատկություններ ունեն․ իրենց տակ շարված տեքստերի մեջ, ասես, հսկայական հատորներ են հավաքում։ Ընդ որում` հատորները միայն հայտնի-անհայտ անձանց նոթատետրերից մեջբերումներ կամ կարևոր իրադարձությունների մասին պատմող սղագրումները չեն։ Դրանք տարածաշրջանների ամբողջական «քարտեզներ» են՝ավանդույթներով ու կենցաղով, սարերի կապույտով ու տների կղմիդրե տանիքներին աճած յուրահատուկ, կանաչ մամուռի նկարագրությամբ։ Թերևս, երկար վերնագրերը յուրօրինակ ճամփորդություններ են, որ ամփոփում են մի կարճ պատմություն՝ հերոսների գնացող-եկող միջանցքներով, քաղաքների, ազդագրերի նման իջնող-բարձրացող դեկոր-միջավայրով, որտեղ շրջում են բուժուաների հաստափոր կատուները, և շարունակում է խաղալ պատիֆոնի հին ու մաշված մեղեդին։ Իսկ իրականո՞ւմ․․․
․․․ Երկար վերնագրերը շատերի համար թաքուն մնալու ամենաիրական առանձնահատկություն ունեն․․․
«Կովկասի հարավային լանջերն այդ առավոտյան մարդազուրկ չէին: Ետին թվով վերհիշելով այդ օրվա իրադարձությունները՝ նա ասաց, որ մարդիկ կանգնած էին նույնիսկ ճամփեզրերի երկու կողմերում: Այնպես, ինչպես նա նկարագրեց նրանց իր պատմածում, բոլորը հետիոտն ճամփորդներ էին, ու այդ բոլոր ճանապարհներին միակ շարժվող փոխադրամիջոցը այն ավտոմեքենան էր, որը վարում էր նրա ծառան: Արևե՞լք: Բայց ոչինչ չէր հիշեցնում Արևելքը. թե հագուստով, թե շարժուձևով, նույնիսկ բամբասանքներով ու բանսարկություններով այս Արևելքը ավելի շատ Արևմուտք էր հիշեցնում, ինչպես ներկայումս Արևմուտքն է հիշեցնում Արևելքը, և այլն: Թերևս, միակ առանձնահատկությունն այն էր, որ բոլոր յոթ օրերի ընթացքում մշտապես օդում զգացվում էր մայիսյան թույլ քամին, և ամեն կողմից՝ ներքևից, վերևից ու միջանցիկ, ներթափանցում էր բարդու մազմզուկը»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված՝ Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» վիպակների ժողովածուն՝ գերմաներենից Կարլեն Մատինյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կյանքի 89-րդ տարում մահացել է ռուս հայտնի դերասան, ռեժիսոր, բեմական խոսքի վարպետ, ասմունքող եւ դասախոս Ալեքսեյ Բատալովը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը բազմաթիվ կերպարներ է մարմնավորել կինոյում, սակայն, ժողովրդի կողմից ամենասիրված եւ ամենահայտնի նրա դերը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում Գոշայի կերպարն էր:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեսուն եւ ավելի տարի շարունակ, ամեն օր, երեկոյան լուրերից առաջ՝ այս երկրի հեռուստաէկրաններին հայտնվում էր մի մարդու պատկեր, որը երկնքից՝ ամպերի հովանու ներքո, նայում էր երկրին։ Արդեն հասկացաք, դա Մոբուտու Սեսե Սեկոյի պատկերն էր։ Իշխանության հասնելուց հետո նա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը անվանափոխեց Զաիր, հայտարարեց, որ ինքը կիսաստված է (կարող էր, չէ՞, ասել, որ աստված է, բայց համեստ տղա էր), եւ ով համարձակվեր կասկածել իր աստվածային ծագմանը՝ եթե առանց խոշտանգումների մահ բաժին հասներ նրան, ուրեմն՝ հանգուցյալը շատ բախտավոր աստղի տակ էր ծնվել։ Ի դեպ, այս նույն հեռուստաէկրանների նորությունների թողարկումներում արգելված էր այլ մարդու անուն արտասանել. բոլոր նորությունները պտտվում էին «մեծ առաջնորդի» եւ «ազգի փրկչի» շուրջը։
Մինչ 1965-ին երկրի նախագահ դառնալը, բնականաբար՝ հեղաշրջման ու բռնությունների, իր հակառակորդներին ոչնչացնելու ճանապարհով, այս Մոբուտու Սեսե Սեկոյին (1930-1997) ճանաչում էին որպես Ժոզեֆ Դեզիրե Մոբուտու, բայց հենց պարզվեց՝ ինքը սովորական մարդ չէ, նախկին ոստիկան, ավելի ստույգ՝ «գործ տվող» չի, այլ կիսաստված է, որոշեց անվանափոխվել։ Համբերությամբ ընթերցեք նրա ամբողջական անունը՝ Մոբուտու Սեսե Սեկո Կուկու Նգբենդու վա զա Բանգա, որը թարգմանաբար նշանակում է՝ ամենակարող մարտիկ, որը՝ շնորհիվ իր անսասանության եւ երկաթյա կամքի, ընթանում է հաղթանակից հաղթանակ, կրակի տալով իր ճանապարհին հանդիպող ամեն ինչ։ «Չարամիտներն», իհարկե, այս նույն անունն այսպես էին թարգմանում՝ աքլոր, որը հրամանատարն է աշխարհի բոլոր հավերի։
Ինչ որ է. մինչ իր ղեկավարած երկրի սովահար բնակիչները դեգերում էին ջունգլիներում՝ այլ ցեղերի իրենց եղբայրներին ու քույրերին սպանելու ու նրանց միսն ուտելով սովից փրկվելու համար, այս Մոբուտուն իր սեփական օդանավակայանից մեկ թռչում էր Փարիզ՝ զանազան փալաս-փուլուսներ գնելու, կամ՝ գնում էր Դիսնեյլենդ՝ կարուսել նստելու։ Հասկացաք արդեն՝ մանկական, ջինջ հոգի ուներ։
Մոբուտուն ուտու՞մ էր մարդու միս, թե՝ ոչ, գրավոր փաստեր չկան սրա մասին, բայց որ իր հակառակորդներին սպանում էր առանձնակի դաժանությամբ՝ բոլորը գիտեն, որովհետեւ «ազգի փրկիչը» ոչ միայն չէր թաքցնում այդ սպանությունները, այլեւ իր զաիրցի «զավակներին» ստիպում էր վայելել այդ «ներկայացումները»։ Դե, որ հասկանան՝ եթե խելոք չմնան, իրենց էլ է նույն ճակատագիրն սպասվում։ Օրինակ՝ կառավարության նախկին ղեկավար Էվարիստ Կիմբային նա կախաղան հանեց 50 հազար հանդիսատեսի ներկայությամբ։ Իսկ ահա՝ այս «կիսաստվածի» ձեռքով այն աշխարհ ուղեւորված Պատրիս Լումումբայի հեղափոխական ընկեր, վտարանդի Պիեռ Մուլելեին խաբեությամբ ասաց՝ արի տուն, ես քեզ ներում եմ, իսկ երբ այս միամիտը ոտք դրեց իր հայրենիք, նրան ձերբակալեցին եւ հասարակության աչքի առաջ հանեցին աչքերը, կտրեցին սեռական օրգանները, հետո՝ ոտքերը, իսկ դրանից հետո ողորմածաբար թույլ տվեցին, որ մեռնի։
Մի օր վերջապես Կոնգոյի ժողովուրդը ըմբոստացավ այս աֆրիկյան ծագմամբ ստալինիկի դեմ, եւ մազապուրծ եղած Մոգուտուին միակ ապաստան տվողը Մարոկոն էր, որտեղ էլ սա մեռավ քաղցկեղից, ինչից հետո սկսեցին հաշվել նրա ծովածավալ հարստությունը, եւ ասում են՝ դեռ մինչեւ հիմա հաշվում են, ու վերջը չի երեւում։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նա եկավ, երգեց ու գնաց Դեպի հեռուներն աշխարհի, Բայց երգը իր կառչած մնաց Իր երկրի հնավանդ ծառին.
1897թ.-ի մարտի 13-ին Կարս քաղաքում է ծնվել Եղիշե Սողոմոնյանը` հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Սովորել է Կարսի ռեալական դպրոցում: Կարսը փոքր քաղաք էր. բայց այդտեղ Չարենցը ընթերցանությամբ մեծ գիտելիքներ ձեռք բերեց համաշխարհային գրականությունից ` կարդալով քաղաքում եղած գրականաթյունը:
Պարույր Սեւակը Չարենցի մասին ասել է. «Չարենցը մեր բանաստեղծության վերջին հեղափոխականն է, այսինքն` նորարարը: Եվ Չարենց ասելիս նախ և առաջ այս պիտի հասկանալ` երբեք չմոռանալու պայմանով: Նա մեր բազմադարյան քերթության սակավաթիվ ձևարարաներից մեկն է»:
Չարենցը հենց պատանեկան հասակից շատ զգայուն էր ժամանակի խնդիրների հանդեպ, նա ապրում էր կարծես մերկ ջղերով, սրությամբ զգում էր մարդու մենակությունը, որը դեռ 19-րդ դարից եվրոպական և ռուսական բանաստեղծության կենտրոնական թեմաներից մեկն էր: Մարդիկ անտարբեր էին միմյանց հանդեպ, մինչդեռ մարդը միշտ ուշադրության և սիրո կարիք ունի: Այդ տարիներին է նա գրում իր լավագույն բանաստեղծությունները մարդու ճակատագրի, նրա լքվածության մասին («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Փողոցային պչրուհուն», «Տաղարան» շարքերը, «Հարդագողի ճամփորդները», «Տաղ անձնական» և այլ բանաստեղծությունները):
Չարենցի հասունությունը համընկավ Համաշխարհային առաջին պատերազմի և հայ ժողովրդի մեծագույն ողբերգության` Ցեղասպանության տարիներին: 1916թ. նա միանում է հայ կամավորական շարժմանը և մեկնում ռազմաճակատ: Թուրքիայի դեմ կռվող ռուսական բանակի զինվորների և հայ կամավորների հետ Չարենցը լինում է Արևմտյան Հայաստանում, տեսնում է ցեղասպանության սարսափելի հետքերը և դրանց մասին պատմում «Դանթեական առասպել» պոեմում: Այս տարիների տպավորությունները խոր հետք են թողել նրա հոգում և չեն մոռացվել ամբողջ կյանքի ընթացքում: Առհասարակ, հայրենիքի ճակատագիրը Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկն էր նրա ամբողջ կյանքում. նրա լավագույն գործերից շատերը` «Մահվան տեսիլ» (1920), «Ես իմ անուշ Հայաստանի...» (1921) և այլ բանաստեղծություններ, մի շարք պոեմներ, «Երկիր Նաիրի» վեպը, նվիրված են հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագրին:
Գուրգեն Մահարին նրա մասին գրել է. «…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ»:
Ավետիք Իսահակյանի խոսքերով Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
«Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…»
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան. Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի, Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան: Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,- Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…
Հատված Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծությունից
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Էրեբունի-Երևան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացվել են Նանսենի թանգարանը և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրը:
Նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, փախստականների գծով Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի և եկեղեցու կառուցման ու նախագծման հեղինակներն են բարերարներ Կառլեն և Սառա Եսայանները։ Հուշահամալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, երիցատուն-տաճարը` հարակից հանգստյան տաղավարով, թանգարանի շենքը: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2012 թվականին` թանգարանի հիմնարկեքով:
Հուշահամալիրը ներառում է նաև հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված շուրջ 30 հուշարձան, այդ թվում՝ 1915թ. Մեծ եղեռնին և 1893-1923թթ. ընթացքում հայկական ջարդերի զոհերին, Արցախյան ազատամարտին ու Արցախի պետականությանը նվիրված հուշարձանախմբերը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սրբերի դասն անցած Վարդան Մամիկոնյանի և այլոց արձաններ, Ջորջ Բայրոնի հուշաքանդակը, Լրագրողի արձանը: Տարածքում է տեղադրված նաև բարերար Կառլեն Եսայանի հուշարձանը և նրա հիշատակին նվիրված «Թևավոր Խաչքարը»։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թ. Վենետիկի ճարտարապետական բիենալեին Հայաստանը կներկայանա 70-ական թթ. կառույցների ֆոտոցուցահանդեսով, այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այդ կառույցների թվում են, մասնավորապես, «Ռոսիա» կինոթատրոնը և Կամերային երաժշտության տունը: Նախարարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կօգնի ոչ միայն ցույց տալ դրանց պատմական արժեքը, այլ նաև հասարակայնության ուշադրությունը հրավիրել դրանց վրա:
Պողոսյանն անդրադարձել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ մտադիր չէ ժամանակ և գումար ծախսել հին շենքը պահելու համար, որը «չի համապատասխանում աերոնավիգացիայի արդի չափանիշներին»: Հոկտեմբերի սկզբին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը որոշել է դիմել ՀՀ Մշակույթի նախարարությանն առընթեր փորձագիտական հանձնաժողովին`հին շենքը պետական հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկով: «Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կընդունվի այդ հարցի առնչությամբ, քանի որ այստեղ կարևոր դեր է խաղում փորձագետների կարծիքը»,- նշել է Պողոսյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում հոկտեմբերի 26-31-ը անցկացվող Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 28-ին Գյումրիում էր չինական Ջուհայ քաղաքը ներկայացնող «Հանսեն» համույթը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցի հանդիսատեսին ընձեռված էր հրաշալի հնարավորություն ծանոթանալու չինական մշակույթի մասը կազմող ազգային պարերին: Խմբի ներկայացրած պարային ելույթները ընդմիջվում էին նաեւ ակրոբատիկ եւ աճպարարական համարներով:
Ներկայացվեցին նաեւ չինական ազգային նվագարանները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի ղեկավար Ու Շաուլին նշեց, որ 18 տարվա պատմություն ունեցող համույթում ընդգրված բոլոր պարողները` 15 աղջիկ եւ 10 տղա, պրոֆեսիոնալ են եւ ներկայացնում են Չինաստանի հայտնի պարային դպրոցները: «Թեեւ սա մեր խմբի առաջին այցն է Հայաստան, բայց տպավորությունները շատ լավն են: Հայկական ընդունելությունը, մարդիկ, եղանակը, այստեղ ամենի ինչ տպավորիչ է: Մենք կվերադառնանք մեր հայրենիք հայկական լեռների գեղեցկությունը եւ հայի հյուրընկալությունն ու բարությունը մեր հոգիներում: Կկարոտենք այս փոքրիկ երկիրը: Մենք կգնանք, բայց անհամբեր կսպասենք նոր հնարավորության` Հայաստան գալու համար», - նշեց Շաուլին:
Համույթը հոկտեմբերի 30-ին ելույթ կունենա նաեւ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոգնել է Փակ շուկայի թեմայից:
«Ժողովուրդ ջան, ուրեմն` ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից, ես ասել եմ, որ մեր գործառույթներով մենք ամեն ինչ արել ենք, ոնց որ օրենքը պահանջում է: Օրենքի խախտում մշակութի նախարարությունը ոչ մի տեղ չի արել, հիմա ես ինչքա՞ն կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Նրա խոսքով, մշակույթի նախարարությունը Շուկայի վերակառուցման նախագիծ չի հաստատել: «Մեզանից իրավապահ մարմինները ինչ փաստաթուղթ ուզել են, ամբողջական փաթեթը տրամադրել ենք, այս ամբողջ ընթացակարգը մեր լիազորությունների մասով կատարված է: Որևէ նոր բան այստեղ ես ձեզ, ցավոք սրտի, ասելիք չունեմ», - ասաց նախարարը` հավելելով, որ վերաբացված շուկայում չի եղել:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունիսի 8-ի ուշ երեկոյան պարզ են դարձել Արամ Խաչատրյանի անվան վոկալիստների 13-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլ անցած մասնակիցները։ Առաջին փուլը հաղթահարել են 17 մասնակիցներ, որոնք ներկայացնում են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Հայաստան, Արցախ։
Երկրորդ փուլի լսումները տեղի կունենան այսօր և վաղը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում։
Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Անազատությունը ցամաքային, օդային, մաշկի, մտքի, վախի ու սարքովի անտարբերության քարե պատնեշներ ունի՝ ցեմենտած, լոզունգային, բռնակալների քարոզչական դիմագծերով ու փշալարով նախշազարդված: Էդ պատնեշները պատերից բացի՝ հսկայական չուգունե տանինքերն ունեն և անգամ ինքնաթիռները չեն կարող անազատության թռիչքային բարձրությունը հաղթահարել: Բոլոր նրանց (պետական ապարատի մարմիններ, ճնշումներից կիսադիակ «մտավորականներ», ինֆարկտը մաշկի մեջ՝ գիտնականներ), ում թույլատրվում է սահմանն անցնել, միևնույն է, ԿԳԲ-յան անմեռ, անտեսանելի թելերով միշտ կապված են սահմանին, անընդունակ՝ տեղաշարժվելու, բառեր արտաբերելու, նույնիսկ օտարերկրյա խանութներում շրջելու: Իսկ երբ մտածելը դառնում է վանդակային՝ ազատության խորհրդանիշները ձևափոխվում, հաճախ հագուստի կաղապար-տեսք են ընդունում: Եվ դու քո չմաշվող, չպատռվող ջինսով մատնացույց լինելու, հալածվելու, փախչելու, մերժվելու, բռնվելու երկար ճանապարհ ես անցնում: Ու նույնիսկ գերեզմանում ջինսով ես «ճանաչվում»: «-Շատ եմ հոգնել, համ էլ արդեն զզվացրեց: Ասաց և ընկերոջից ներողություն խնդրեց: Սոսոն մտածում էր, որ Իրակլին նվիրած ջինսը նկատի ուներ, բայց հաջորդ օրը, երբ իմացավ նրա ինքնասպանության մասին, ամեն ինչ հասկացավ: Սոսոն սկզբում մտածեց, որ Իրակլին գերազանցեց իրենց բոլորին, իսկ հետո ինքն իր վրա բարկացավ, որ թեկուզ մեկ օր շուտ որևէ բան չզգաց, և փոքր երեխայի պես լաց եղավ: Իրակլի Կոստավայի հուղարկավորությունից հետո Սոսոն Իրակլիի հագած ջինսի աջ ծնկից վերև իննաչքանի արև նկարեց և հագավ: Մինչև մահ հագից չհանեց: Այդ ջինսով էլ թաղեցին նրան բոլորից թաքուն, և այդ ջինսով Նաթիա Մեգրելիշվիլին 15 տարի անց ճանաչեց դիակը…»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդը» վեպը՝ Էսմերալդա Երիցյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նկարչական ալբոմները, որպես կանոն, կիսով չափ են տեսանելի: Կամ տեսանելի են չափից ավելի: Որոշ նկարիչների աշխատանքներ ալբոմային մակերեսի վրա ձեռք են բերում գերադրական տպավորություն՝ ի վերջո վերածվելով կարծրատիպի, իսկ որոշ դեպքերում դրանց ներքին «տեսանելիությունը» խամրում, դառնում է գրեթե լուսանկարչական փաստ-պատկեր: Հետսովետական տարիներին վանգոգյան վերատպությունները «հալածում» էին ինձ, մերթ դառնում էին մասնակիորեն տեսանելի, մերթ գունաշեշտվում, մերթ մշուշվում էին: Վան Գոգը ինձ համար մնում էր չբացահայտված: Ի վերջո, Ամստերդամում կանգնեցի «Արևածաղիկիների» առաջ: Առաջին զգացողությունը, որ ունեցա. ինձ թվաց՝ ամեն ինչ սկսվում է զրոյից: Ընդ որում՝ էդ պահին, «ամեն ինչ» ասելով՝ չգիտեի ինչ նկատի ունեմ: Թվաց՝ նոր եմ գույները հայտնաբերում, ընդ որում՝ տեսածս երանգների մեծ մասը անուն չուներ, երևի տարօրինակագույն էր: Գույներից հետո նկարների մեջ նամակներ երևացին: Ուրիշի նամակները կարդալ չեմ սիրում, չնայած՝ Թեոյի բառերը աչքերս ծակում էին: Էդպես փակ աչքերով կտավները կոպերիս տակ պահած՝ գնում էի, երբ մի պահ կայծկլտաց Վան Գոգի՝ ինձ հասցեագրված նամակը: Չհասցրի կարդալ: Չհասցրի՞ կարդալ… Երևան գալով՝ կրկին բացեցի ալբոմն ու…
«Ինչ վերաբերում է ինձ, շատ լավ կհասկանաս, որ եթե ես ընտրելու լինեի, չէի վերցնի խելագարությունը՝ մասնավորապես, բայց երբ այդպիսի բեռ է ընկնում ուսերիդ, ոչինչ անել չես կարող: Ամենաքիչը գուցե ինձ կմնա գեղանկարչությամբ մի քիչ աշխատել շարունակելու մխիթարությունը»:
«Անտարես» հրատարաչկչության «Գեղանկարչության մեծ վարպետները» մատենաշարով լույս ընծայված «Վան Գոգ» ալբոմը՝ Էդուարդ Հարենցի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆրանսիայում գործում է օրենք առ այն, որ հոգեկան հիվանդի ծննդից 150 տարի պետք է անցնի, որպեսզի նրա հիվանդության թղթածրարը հնարավոր լինի օգտագործել: Սակայն, շնորհիվ Վազգեն Ա կաթողիկոսի միջամտության, հնարավոր էր դարձել թույլտվություն ստանալ՝ ուսումնասիրելու Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի Կոմիտասի արխիվները:
Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրության արդյունքները
1991 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց` ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ:
Երբ գիտության եւ մշակույթի ութ գործիչների հետ Կոմիտասը վերադարձավ Թուրքիայի հարավից` աքսորից, նա գտնվում էր հոգեբանորեն խիստ ճնշված վիճակում: Կոմպոզիտորի մոտ հիվանդության ախտանիշներ չէին նկատվում, ինչի մասին վկայում է նաեւ նրա հետ աքսորում եղած, «Բյուզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քոչյանը: Նրա հավաստմամբ, նույնիսկ ամենածանր պահերին Կոմիտասը նրանց համար հանդիսանում էր հույսի եւ փրկության «աղբյուր»` զարմացնելով իր ֆիզիկական ամրությամբ եւ ուժեղ կամքով: Սակայն, վերադարձից հետո կոմպոզիտորի մոտ սկսեց նկատվել անկումային վիճակի խորացում: 1916 թվականի գարնանը նրա առողջությունը մի փոքր լավացավ. Կոմիտասը, նույնիսկ, վերսկսեց իր կոմպոզիտորական գործունեությունը` ստեղծելով դաշնամուրային մի քանի պար: Ցավոք, աշնանը նա կրկին ընկավ դեպրեսիայի մեջ, եւ նրան տեղափոխեցին Կոստանդնուպոլսի թուրքական զինվորական հոսպիտալ, իսկ 1919 թվականին` Փարիզի Վիլ-Էվրարի հոգեբուժարան: Այնուհետեւ, 1922 թվականի օգոստոսին Կոմիտասին տեղափոխեցին Վիլ-Ժուիֆ հոգեբուժարան, որտեղ պայմաններն ավելի համեստ էին, իսկ բուժման ծախսերը` քիչ: Այստեղ էլ, 1935 թվականին կոմպոզիտորը կնքեց իր մահկանացուն: Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի կարծիքով, թե՛ Կոստանդնուպոլսում, թե՛ Փարիզում Կոմիտասին խաբեությամբ են տեղափոխել հոգեբուժարան: Թուրքական կառավարության իրականացրած կոտորածը տեսնելուց հետո նա ընկնում է հիվանդանոց, որտեղ բուժվում է թուրք բժշկի մոտ… Արդեն իսկ այդ փաստը բավական էր, որպեսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպե՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խոսել թուրքի հետ… Երբ, այսպես կոչված, Օգնության կոմիտեն խաբեց կոմպոզիտորին` ասելով, թե Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Փարիզ` կոնգրեսի, Կոմիտասը շոգենավով ուղեւորվեց Ֆրանսիա: Նույն շոգենավով ճամփորդող Կոմիտասին անծանոթ մի ուսանող, կոմիտեի ղեկավարության հանձնարարությամբ, խաբեությամբ ուղեկցեց նրան հոգեբուժարան… Փարիզյան հիվանդանոցում ուսումնասիրում էին կոմպոզիտորի ջղային համակարգը, վերջինիս գրգռվածության աստիճանը: Ականատեսների վկայությամբ, Կոմիտասն ամենեւին էլ անմեղսագիտակ վիճակում չէր. նա ոչինչ չէր խնդրում, չէր պահանջում: Կոմիտասի հիվանդության պատմության մեջ անճշտություն կա: Այնտեղ ասվում է, որ նախկինում կոմպոզիտորը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել Թուրքիայում ու Ռուսաստանում եւ առաջին անգամ հոգեբուժարան է ընկել դեռեւս 1898 թվականին: Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ, ըստ վավերագիր տվյալների, այդ շրջանում նա սովորում էր Գերմանիայում: Իրականում Կոմիտասին հոգեբուժարան են տեղափոխել քառասունութ տարեկանում, իսկ շիզոֆրենիան այդ տարիքում գրեթե չի զարգանում: Ըստ երեւույթին, թյուր ախտորոշումը հաստատելու համար ինչ-որ մեկը նենգափոխել է փաստերը… Կոմիտասի վարքագծում չափից ավելի լռակյացությունը մտորելու տեղիք էր տալիս: Բժիշկ Մորիս Դյուկոստեի կարծիքով, վարդապետի լռությունը հիվանդության ախտանիշ չէր: Նա ոչ թե լռում էր, այլ չէր ցանկանում խոսել: Կոմիտասն ինքն էր որոշում` խոսե՞լ այցելուի հետ, թե՞ ոչ: Բացի դրանից, կոմպոզիտորը դժվարությամբ էր արտահայտվում ֆրանսերեն, իսկ հոգեբուժությունում հիվանդի եւ բժշկի միջեւ լիակատար հաղորդակցությունը պարտադիր էր: Ահա թե ինչով էր արդարացվում բժշկական անձնակազմի եւ հիվանդների հետ նրա շփման բացակայությունը: Հայտնի է նաեւ, որ Օգնության կոմիտեի պահանջով` առանց իրենց թույլտվության ոչ ոք չպետք է այցելեր Կոմիտասին: Այս փաստը Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին դրդեց մտորելու. ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին խուսափում կոմիտեի ներկայացուցիչները, եթե համոզված էին, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ էր: Մինչեւ կյանքի վերջը Կոմիտասը չբաժանվեց հոգեւորականի իր փարաջայից: Տարիներ շարունակ լինելով մեկուսացած, չընթերցելով թերթեր, չօգտվելով ժամացույցից եւ օրացույցից` նա անվրեպ կերպով կռահում էր պահքի սկիզբը եւ հետեւողականորեն պահում այն:
Ելնելով այս փաստարկներից` Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդությունն ախտորոշում է որպես պոստ-տրավմատիկ խանգարում, որը հնարավոր էր բուժել կոմպոզիտորին նորմալ միջավայր վերադարձնելով, վերականգնելով նրա կյանքի ռիթմը, ստեղծագործական աշխատանքը, շփումը հասարակության հետ: Կոմիտասի մահվան պատճառ է հանդիսացել ոսկրաբորբը: Բանն այն է, որ հոգեբուժարանի հիվանդներն հագնում էին կոպիտ ոտնամաններ: Դա նպաստեց կոմպոզիտորի ոտքի բորբոքմանը` առաջացնելով ոսկրաբորբ: Իսկ հակաբորբոքային միջոցները ստեղծվեցին 1948-1950-ական թվականներին: Ուրեմն` Կոմիտասը չուներ ոչ մի փրկություն…
Աղբյուրը՝ այստեղ
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նոյեմբերի 1-5-ը Երևանում կընթանա «Կին» 11-րդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը, փառատոնի ծրագիրը ներառում է 57 ֆիլմ` աշխարհի 15 երկրներից, այդ թվում` Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Իրանից: Փառատոնը ներառում է թուրքական ֆիլմերի ծրագիր, որը նվիրված է ազգային փոքրամասնություններին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ծրագրի շրջանակում Երևանում հանդիպում կկազմակերպվի Թուրքիայից ժամանած կին կինեմատոգրաֆիստների հետ:
Փառատոնի շրջանակներում լավագույն ֆիլմերը կպարգեւատրվեն «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ» մրցանակներով: Կինոփառատոնի նպատակը հայ կին ռեժիսորների կողմից ֆիլմերի նկարահանումներին աջակցելն է, ինչպես նաեւ կանանց խնդիրների մասին կինեմատոգրաֆի միջոցով բարձրաձայնելը եւ նոր անուններ բացահայտելը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից, «Համազգային» թատրոնում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-14:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովը նշել է.
«Կյանքից հեռացավ մեր ժամանակների ականավոր դերասան, մշակութային ու հասարակական անվանի գործիչ ՀՀ ժողովրդական արտիստ և պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Սոս Արտաշեսի Սարգսյանը, ում անունը վաղուց ի վեր վայելում է համաժողովրդական սեր ու հարգանք և սերտորեն կապված է ազգային թատերարվեստի ու կինոյի ակնառու նվաճումների հետ:
Ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին, Ստեփանավանում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և սկսել իր ստեղծագործական ուղին Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1954 թ. ավարտել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Սոս Սարգսյանի արտիստական կենսագրության մի զգալի հատված կապվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հետ, որտեղ թափ է առնում նրա ինքնատիպ տաղանդը` գտնելով վառ ու անմոռանալի բեմական դրսևորումներ, որոնք աչքի են ընկել հոգեբանական ներթափանցումների խորությամբ, տարաբնույթ կերպարներ կերտելու հիրավի քանդակագործական արտահայտչականությամբ, ինչպիսիք էին, մասնավորապես՝ Զիմզիմովը, Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն արքան, «Հացավան» ներկայացման Մացակը, դերակատարություններ, որոնք իրավամբ կարելի է բնորոշել որպես արտիստի հեղինակային մեկնաբանության արգասիք:
Անպատկերացնելի է նաև վերջին հինգ տասնամյակների հայկական կինոն` առանց Սոս Սարգսյանի հարուստ ու բազմախորհուրդ անհատականության, որի մեջ արտացոլվել են հայ մարդու հոգեկերտվածքն ու կենսափիլիսոփայությունը, հարազատ հողի իմաստնությունը, պատմական փորձառությունն ու բարոյական ուժը: Հատկապես «Եռանկյունի», «Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Ձորի Միրո» կինոնկարներում և «Մատենադարան» ֆիլմաշարում Սոս Սարգսյանը կերտել է արդեն մի քանի սերունդների համար խորհրդանշական դարձած կերպարներ, որոնք մեր գիտակցության մեջ նույնանում են հայրենի բնօրրանի և մեր ժողովրդի կենաց արմատի հետ: Նրա տաղանդը նույնքան նկատելի դրսևորվեց մի քանի հանրածանոթ ռուսական ֆիլմերում. «Սոլարիս», «Առանց ընտանիքի», «Միխայիլո Լոմոնոսով» և այլն: Արվեստագետ-մտավորականի տիպար. այսպես կարելի է բնորոշել Սոս Սարգսյանի նկարագիրը` ազգային իղձերի և արժեքների գիտակցությամբ համակված, որոնք նրա ստեղծագործական ու քաղաքացիական աշխարհայացքի միջնասյուներն էին և դրսևորվում էին ինչպես մշակութային, այնպես էլ հասարակական կյանքի ոլորտներում: Այդ գիտակցության թելադրանքով էր նա մասնակցում մեր ժողովրդի համար բախտորոշ իրադարձություններին, դժվարին ժամանակներում հիմնադրում «Համազգային» թատրոնը (1991թ.), որը ներկայացավ Վ. Շեքսպիրի, Էդուարդո դե Ֆիլիպոյի, Վ. Սարոյանի սարգսյանական բեմադրություններով ու դերակատարումներով, կրթում երիտասարդ սերունդ` 1997-2006թթ. ղեկավարելով Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտը, որի կառավարման խորհրդի նախագահն էր մինչև իր կյանքի ավարտը, գրում հրապարակախոսական, խոհագրական և գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, և նույն ոգով աշխատում Հանրային խորհրդում:
Ականավոր դերասանի գործունեությունը բարձր է գնահատվել պետության ու ժողովրդի կողմից: 1972թ. նրան շնորհվել է ՀՀ ժողովրդական, իսկ 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: Տարբեր տարիների նրա ստեղծագործական նվաճումները երեք անգամ արժեվորվել են պետական մրցանակով: Պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով, ԼՂՀ «Մխիթար Գոշ» մեդալով:
Սոս Սարգսյանն ապրեց իր կյանքը` անմնացորդ նվիրվելով հարազատ ժողովրդին և հայ մշակույթին, իսկ ժողովուրդը պատասխանեց նրան անկեղծ սիրով ու մեծարանքով»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
People ամսագիրը, որը մասնագիտացել է հայտնի մարդկանց, նորաձևության և զվարճանքների վերաբերյալ նորությունների բնագավառում, կազմել է ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը: Ավանդական ցուցակը 2012 թ. գլխավորել է Չենիգ Թաթումը: Թոփ ցուցակը ամսագրի պաշտոնական կայքում մասնակիորեն հրապարակվել է նոյեմբերի 14-ին, ամբողջությամբ այն հասանելի կլինի ամսագրի տպագիր տարբերակում: Բացի Թաթումից՝ ցուցակում են հայտնվել Ռիչարդ Գիրը, Քրիստ Հեքմվսորթը, Բեն Աֆլեքը, Դենզել Վաշինգտոնը, Փոլ Ռադը, Բրեդլի Քուփերը, Օսկար Փիսթորիուսը և ուրիշներ:
Չենիգ Թաթումը նկարահանվել է «Թակարդ», «Ճակատամարտ Սիեթլում», «Կոբրայի ցատկը», «Հարկադրյալ պատերազմ», «Ջոնի Դ.», «Իններորդ լեգեոնի արծիվը», «Նոկաուտ», «Երդում» և մի շարք ուրիշ ֆիլմերում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փոքր հետքերը կառավարական գրքերում գրի չեն առնվում. խմելու վայրերը, հին շշերը, եղունգի լաքը, ծխախոտի մնացորդները, անվանափոխված փողոցների ցուցանակները, գարեջուրը, հեռավորության ընկալումները, մի քսան-երեսուն տարվա փոշին, անթրաշ դեմքերն ու էլի մի տոննա՝ առաջին հայացքից զիբիլ թվացող չնչինությունները պետական «գրականություն» չեն թափանցում կամ կրճատվում, փակվում են: Ու ՝ի՞նչ: Կրճատվելով փոքր հետքերի՝ ինքնահրատարակվում, գաղտնի ձեռքից ձեռք են անցնում, փակ-պանելային բնակարաններում ընթերցվում ու անվերադարձ հանձնվում ուրիշին: «Սամիզդատի» փոքր հետքերը մնում են լուսանցքում՝ մինչև ժամանակի փոփոխվելը: Հետո լուսանցքը ազատագրվում է, ու էդ կարճ անցումային շրջանում փոքր հետքերը սկսում են շնչել, մինչև ձևավորվում է նոր պետական գրականություն, որի մեջ նոր փոքր հետքերը անպայմանորեն… գրի չեն առնվում:
«Դա էլ խմեց ու դարձյալ մի տեսակ մեքենայաբար: Եվ խմելով՝ կրնկի վրա բացեց բերանն ու ցույց տվեց բոլորին: «Տեսնո՞ւմ եք, չորս ատամս չկա»: «Բայց ո՞ւր են»: «Ի՞նչ իմանամ: Ես՝ ուսյալ կին, և ահա անատամ եմ մնացել: Նա ատամներս Պուշկինի համար թափեց: Ես, ահա, լսում եմ, գրական զրույց եք վարում, մտածում եմ՝ նստեմ հետները՝ կխմեմ, հետո էլ կպատմեմ, թե ոնց Պուշկինի համար ջարդեցին գլուխս ու դեմից չորս ատամս թափեցին»: Ու նա սկսեց պատմել, և ահա թե ինչպիսին էր նրա պատումի ոճը…»:
«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Վենեդիկտ Երոֆեևի «Մոսկվա-Պետուշկի» վիպակը՝ Ներսես Աթաբեկյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակում Ճապոնական Հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը: Սեմինարի շրջանակում ներկայացվելու է Ճապոնական ավանդական ներկման «Շիբորիձոմե» մեթոդը, իրականացվելու են գործնական աշխատանքներ և վարպետության դասեր՝ դոկտոր Միե Իշիի կողմից: Հայտնում է Մշակույթի նախարարությունը:
Միե Իշիի վարպետության դասերը և սեմինարը նպատակ ունեն մշակութային արժեքների պահպանման բնագավառում ամրապնդել Ճապոնիայի և Հայաստանի միջև կապերը և նպաստել Հայաստանում գործվածքի պահպանման գործընթացի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Սեմինարը շարունակվելու է մինչև ս.թ. փետրվարի 22-ը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բրիտանական ակումբը այսօր ժամը 16-ից հրավիրում է Միրզոյան գրադարան` Խելահեղ թեյախմության՝ միասին տոնելու «Ալիսի արկածները հրաշքների աշխարհում» գրքի 150-ամյակը։ Մուտքն ազատ է Ալիսի բոլոր սիրահարների ու Բրիտանական ակումբին անդամակցել ցանկացողների համար, եթե թեյըմպմանը ներկայանաք բրիտանական արվեստի ցանկացած նշանային գործի որեւէ հայտնի կերպարով։ Միջոցառմանը կխաղարկվեն նվերներ։ Ամենահամոզիչ Ալիսը տեղում կստանա amazon Kindle անձամբ Մեծ Բրիտանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթից:
Հասցե. Մհեր Մկրտչյան փողոց, 10
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Համաշխարհային հռչակի հասած առաջին սեւամորթ հարավաֆրիկացի երգչուհին է։
Ծնվել է (1932-2008) ՀԱՀ-ի Յոհաննեսբուրգ քաղաքում։ Ծնողները բանտու ցեղախմբից էին։ Հայրը մահացավ, երբ Միրիամը դեռ վեց տարեկան էր։ Երգել սկսեց մանկուց՝ սկզբում սիրողական խմբերի հետ։ Պրոֆեսիոնալ կարիերան սաղմնավորվեց անցյալ դարի 50-ական թվականներից՝ Manhattan Brothers խմբում։ Հետագայում ստեղծում է իր սեփական խումբը՝ The Skylarks (Արտույտներ)՝ ջազի եւ Հարավային Աֆրիկայի ավանդական մեղեդիների յուրօրինակ համադրմամբ։
1959-ին իր ապագա ամուսնու՝ կոմպոզիտոր, երգիչ եւ փողհար Հյու Մասեկելայի (ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար, սցենարիստ, դերասան Սալ Մասեկելայի հայրն է) հանդես է գալիս «Քինգ Քոնգ» մյուզիքլում։ Նրանց համատեղ կյանքը երկու տարի է տեւում (1964-1966)։ 1959-ին նկարահանվում է Լայոնել Ռոգոզինի «Վերադարձիր, Աֆրիկա» վավերագրական ֆիլմում եւ մասնակցում Վենետիկի կինոփառատոնին։
Մեկնում է Լոնդոն, համագործակցում է դերասան, երգիչ, կալիպսո երաժշտության արքա Հարի Բելաֆոնթեի հետ։ Հենց նրա հետ էլ 1966-ին արժանանում է «Գրեմմի» մրցանակի՝ ազգագրական ոճի լավագույն ալբոմի համար (An Evening With Belafonte/Makeba)։ Ալբոմը նվիրված էր Հարավային Աֆրիկայի Հանրապետության սեւամորթ բնակչության ողբալի վիճակին։
1960-ին մահանում է Միրիամ Մակեբայի մայրը, եւ նա չի կարողանում վերջին հրաժեշտը տալ մորը, քանի որ պարզվում է՝ ինքն այլեւս անձնագիր չունի։ Սա ՀԱՀ-ի իշխանությունների պատասխանն էր իր հայրենակիցների քաղաքացիական իրավունքների համար պայքարող երգչուհուն։ 1963-ին նա ՄԱԿ-ում ելույթ է ունենում ապարտեիդի դեմ եւ վերջնականապես զրկվում ՀԱՀ-ի քաղաքացիությունից եւ երկիր վերադառնալու իրավունքից։ Ի պատասխան՝ բազմաթիվ երկրներ Միրիամին պատվավոր քաղաքացի են դարձնում. նա ինն անձնագիր ուներ։
1968-ին ամուսնանում է տրինիդադյան ակտիվիստ, նույնպես քաղաքացիական իրավունքների համար պայքարող Սթոքլի Կարմայքլի հետ։ Այս ամուսնությունը բոլորովին ԱՄՆ-ի սրտով չէր. Միրիամի բոլոր ծրագրած ձայնագրություններն ու համերգները չեղյալ են հայտարարվում։ Ամուսինները ստիպված են լինում փոխադրվել Գվինեա, նրանց գրկաբաց ընդունում է երկրի նախագահ Ահմեդ Սեկու Տուրեն։ 1973-ին Սթոքլին ու Միրիամը բաժանվում են։ Միրիամը շարունակում է իր ստեղծագործական եւ քաղաքացիական ակտիվ գործունեությունը։ Նա ՄԱԿ-ում Գվինեայի ներկայացուցիչն էր եւ 1986-ին խաղաղության համար պայքարի Նոբելյան մրցանակի դափնեկիր Դագ Համմերշյոլդի անվան մրցանակի արժանացավ։
1990-ին Նելսոն Մանդելան համոզում է Միրիամին վերադառնալ հայրենիք։ 1991-ի նոյեմբերին նա նկարահանվում է «Բիլի Քոսբիի շոու» կոմեդիայում, 1992-ին խաղում է «Սերաֆինա» ֆիլմի գլխավոր դերերից մեկը, որը 1976-ին ՀԱՀ-ում երիտասարդական հուզումների մասին էր։ 2002-ին նկարահանվում է «Amandla!: A Revolution in Four-Part Harmony» վավերագրական ֆիլմում, որտեղ՝ այլ մասնակիցների հետ, խոսում է ապարտեիդի մասին։
2000-ի հունվարին լույս է տեսնում նրա «Հայրենիք» ալբոմը. «Գրեմմի»-ի հավակնորդ էր «Լավագույն արտասահմանյան ալբոմ» անվանակարգում։
2001-ին պարգեատրվում է «Ատոմային քիմիայի հայր» Օտտո Գանի անվան խաղաղության մեդալով, 2002-ին՝ Polar Music Prize-ին։ 2004-ին 100 հռչակավոր հարավաֆրիկացիների ցուցակում 38-րդն էր։
2005-ին սկսում է հրաժեշտի համերգային շրջագայությունները։
2008-ի նոյեմբերի 9-ին նրա ինքնազգացողությունը վատանում է Իտալիայում, համերգի ժամանակ։ Համերգն աջակցություն էր գրող Ռոբերտո Սավիանոյին, որի «Գոմորրա» վեպը՝ իր երկրում իշխող կազմակերպված հանցագործությունների մասին, դուր չէր եկել ոչ մաֆիային, ոչ նրանց «թանկագին բարեկամ» Բեռլուսկոնիին։ Երգչուհին սրտի նոպա է ունենում իր հայտնի Pata Pata երգից հետո։ Նրան փրկելու ջանքերն ապարդյուն են անցնում, եւ հաջորդ օրը մահանում է հիվանդանոցում։։
Մեկ դուստր ուներ։
Վայելեք Միրիամ Մակեբայի երգերը։ «Աֆրիկայի մայր» կոչվելու պատվին արժանանալն ամեն մարդու բան չէ։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վաղը` օգոստոսի 21-ին, ժամը 20:00-ին, Կասկադ համալիրում՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի հարակից տարածքում, կայանալու է «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող «Քաղաքը ջազ է լսում» համերգային երեկոն: Երեկոյի ընթացքում կհնչեն ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայ հեղինակների ջազային ստեղծագործություններ: Հայտնում է Երեւանի քաղաքապետարանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Թատրոնի և կինոյի հայտնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևը մահացել է այսօր հիվանդանոցում, կյանքի 86-րդ տարում` երկարատև և ծանր հիվանդությունից հետո: Այս մասին հայտնում է Վախթանգովի անվան թատրոնի կայքը:
Յուրի Յակովլևը նկարահանվել է այնպիսի հանրահայտ կինոներում, ինչպիսիք են «Բաղնիքդ անուշ» (Ирония судьбы, или С лёгким паром! ), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (Иван Васильевич меняет профессию) «Ապուշը» (Идиот), Կին-ձա-ձա (Кин-дза-дза):
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հաշմանդամ, կույր, խուլ, համր և, և, և… Բայց առանց քունքերի մարդ կա՞: «Ասում են…»: էս պարզ ու գործածական արտահայտության մեջ առասպելական, նախնադարյան, մշակութային, սնահավատության, քաղաքական ու բամբասանքի անասելի շերտեր կան: Մի խոսքով: Ասում են՝ հավատը մարդու քունքերում է բնակվում: Ուրեմն ի՞նչ. անհավատը անքունք մա՞րդն է: Պատկերացնո՞ւմ եք գլխի էդ երկակի հատվածում ինչքան ծանրամարս, թախտա-բոխչայական ինֆորմացիա կա, որի առկայությունը մարդուն դարձնում է վախկոտ, ստրուկ, կախված ու կասկածամիտ: Իրականում հավատը բոլորովին ուրիշ տեղ է: Մնացած մոգությունը հետաքրքիր է իբրև մշակության շերտ: Իսկ կախարդները, վհուկները, սատանաներն ու գյոռնափշտիկները իրականում ապրում են միմիայն մարդու գլխում՝ արտաքսված բանականության փոխարեն:
«Ցանկացած կախարդանքի գլխավոր նախադրյալն ու դրսևորումը օգնական ոգու կանչելու արվեստն է: Դրա համար կախարդները վատ համբավ ունեցող ծածուկ տեղեր են գտնում: Հատկապես հարգի էին ավերակները, մահապատժի վայրերն ու խաչմերուկները: Այստեղ կախարդն իր շուրջը շրջան էր գծում, որի եզրով խորհրդավոր նշաններ, մոլորակների խորհրդանշաններ և հրեշտակների ու դևերի գաղտնի անուններ էր գրում…»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Ինչու և ինչպես» մատենաշարով լույս ընծայված «Կախարդները, վհուկները և մոգությունը» գիրքը՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Հայակ» ազգային կինոմրցանակի շուրջ սկանդալ է հասունանում: Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը անհամաձայնություն է հայտնել ժյուրիի աշխատանքին: Ժապավենը մրցանակի է ներկայացվել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Նանոր Պետրոսյան) և Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Աշոտ Ադամյան) անվանակարգերում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Փարալելզ ֆիլմ փրոդաքշն» ընկերության ղեկավար Հովհաննես Գալստյանը, որոշում է կայացվել հրաժարվել նշված անվանակարգերից: «Մենք կասկածում ենք ժյուրիի անաչառությանը: Պատճառն ավելի քան ծանրակշիռ է», - ասել է նա: Նրա խոսքով, ինքը կինոմրցանակի կազմակերպիչներին բազմիցս նախազգուշացրել է, որ փոփոխությունները ժյուրիի կազմում կհանգեցնեն անուղղելի հետևանքների:
«Ակադեմիական կամ ազգային կինոմրցանակը, սկզբունքորեն, ժյուրի չպետք է ունենա: Բայց քանի որ դուք սկսնակ կինոմրցանակ եք, ապա ավելի լավ է հետևեք ակադեմիական գծին, այլ ոչ թե ամեն տարի փորձեր կատարեք: Կամ էլ՝ փոխեք անվանումը: Թող դա լինի, օրինակ, Ազգային կինոկենտրոնի մրցանակ», - ասել է Գալստյանը:
Ինչպես նշվել է, այս պահի դրությամբ նախապատրաստվում է պաշտոնական հայտարարություն, որը կհրապարակվի առաջիկա օրերին: Ընդ որում չի բացառվում, որ հայտարարության ներքո ստորագրեն նաև այլ կինոգործիչներ:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի գլխավորած ժյուրիի կազմում են ռեժիսոր Մարիա Սահակյանը, կինոքննադատ Անետա Երզնկյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, մուլտիպլիկատոր Նարինե Մուրադյանը:
Այս տարի բացի Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովից», Ազգային կինոմրցանակի են ներկայացվել նաեւ ֆիլմեր, որոնք դեռ չեն հասցրել մեծ էկրան բարձրանալ: Դրանք են Սուրեն Բաբայանի «Փուշը», Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկները», Լիլիթ Մովսիսյանի «Կաուչոն»: Այդ ֆիլմերը հավակնում են մրցանակի մի քանի անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն ֆիլմի» և «Լավագույն ռեժիսորի»: «Հայակ» ազգային կինոմրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա մայիսի 13-ին Երևանում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գալիս է օրը, երբ թռչում ես: Մի հեռավոր օվկիանոս՝ լցված մարդակային հոգեբանության սև խոռոչներով ու սպիտակ բծերով: Տիեզերական անընդգրկելիությո՜ւն... Չէ, ավելի ճիշտ՝ արտաքուստ բանալ թվացող հարաբերությունների տիեզերական անընդգրկելիություն: Եվ հոգեվերլուծությունը, փորձը, հազար տեսակի հնարքներն ու գիտությունը բախվում են ռեալ պատկերին, շփմանը, շփման խզմանը, մարդկանց, որոնք տեսանելի են, կան, բայց այդ տարածքում որևէ կերպ չէին կարող լինել: Օվկիանոսը, առանց ջրի, խորտակում է իրականության մասին քո բոլոր պատկերացումները: Եվ կյանքը թվում է իրադարձությունների ու հանդիպումների տարօրինակ շղթա: Դեպքեր, որոնք կյանքո՛ւմ, կյանքո՜ւմ չեն կարող պատահել, բայց զարմանալիորեն պատահում են...
«Մահճակալիս դեմ- դիմաց՝ կիսով չափ վարագուրված պատուհան, պատուհանի տակ թիկնաթոռ ու դրա մեջ ինչ-որ մեկը՝ լուսավորված արևի կարմիր շողերով։ Հարիեթն էր։ Ճերմակազգեստ, մի ոտքը դրած մյուսին, բոկոտն, մուգ մազերը ետ էին սանրված, կրծքի վրա նուրբ գործվածքը պրկվել էր, մինչև արմունկներն արևա- կեզ ձեռքերը կախել էր ներքև։ Սև թարթիչների տակից անշարժ հայացքը հառել էր ինձ։ Զննեցի նրան երկար ու միանգամայն հանգիստ։ «Ինչ լավ է, որ սա այն երազներից է, երբ գիտես, որ բոլոր տեսածդ երազ է»՝ եղավ իմ առաջին միտ-քը։ Այնուամենայնիվ, ես ցանկանում էի, որ Հարիեթն անհետանա։ Աչքերս փակեցի և ինքս ինձ ստիպեցի, որ շատ ուժեղ կամենամ դա, բայց երբ վերստին նայեցի նրա կողմը, Հարիեթն առաջվա նման նստած էր դիմացս։ Շրթունքներին տվել էր իրեն յուրահատուկ ձևը՝ հիմա ուր որ է սուլելու է, բայց աչքերն անժպիտ էին։ Միտքս եկավ այն բոլորը, ինչ նախորդ երեկոյան պառկելուց առաջ մտածել էի երազների մասին։ Հարիեթը ճիշտ այնպիսին էր, ինչպես որ վերջին անգամ տեսել էի նրան մահանալուց առաջ, բայց ախր այն ժամանակ նա միայն տասնինը տարեկան էր։ Հիմա նա քսանինը տարեկան կլիներ, բայց բնական է, որ ամենևին չէր փոխվել. մահացածները երիտասարդ են մնում»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված՝ Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը ՝ լեհերենից Մ. Գրոխոլսկայի և Վ. Վասիլյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայ հնագետներն Արենիում (Վայոց ձոր) գինեգործության և խաղողագործության զարգացման վերաբերյալ հետազոտություններ են անցկացնում: Հարուստ հնագիտական նյութ է «տրամադրել» Արենի-1 քարանձավը:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, պեղումների ընթացքում քարանձավում գտնվել են խաղողի մնացորդներ, որոնք վերագրվում են երեք պատմական դարաշրջանների. նեոլիտ, միջին բրոնզե դարաշրջան և միջնադար ( վաղ, զարգացած և ուշ): Ընդհանուր առմամբ, սահմանվել է 10 ռադիոկարբոնային տարեթիվ, որոնք ընդգրկում են տարբեր շրջաններ: Արենիի «ամենաերիտասարդ» խաղողը վերագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին, ամենահինը` 16-15-րդ դարերին:
Հաջորդ քայլը «հնագիտական» խաղողի ԴՆԹ լուծազատումն ու արտազատումն է և ստացված տվյալների հետագա համեմատումը: Այդ նպատակով, ինչպես նշվել է, անհրաժեշտ է օգտագործել պատմական աղբյուրներն ու ազգագրական տվյալները:
Ինչ վերաբերում է գինեգործությանը, ապա այստեղ ուշադրություն կդարձվի հին խեցեղենի վրա պահպանված գինու նստվածքների տարրալուծմանը:
Ժամանակակից Հարավային Կովկասի տարածքում խաղողագործության և գինեգործության հիմքերը դրվել են մ.թ.ա. 5-4-րդ դարերի սահմանագծին: «Հայաստանի տարածքը մեծ դեր է խաղացել այդ գործում: Արդեն Վանի թագավորության շրջանում գինին արժույթի կարգավիճակ է ունեցել: Բացի այդ, ինչպես հայտնի է բազմաթիվ անտիկ աղբյուրներից, հին Հայաստանում գինին ըստ որակի համեմատում էին փյունիկյան գինու հետ», - ընդգծել է փորձագետը:
Նրա ասելով, կա նաև Վայոց ձորի մարզի որոշակի շրջանների առանձնացման անհրաժեշտություն, որտեղ աճում է վայրի և մշակովի խաղող: Այդ գործում, ինչպես նշվել է, առանձնապես կարևոր նշանակություն ունի Նորավանքի կիրճը և, մասնավորապես, Արենիի շրջանը: Գասպարյանը չի բացառել, որ առաջիկայում պեղումներ կանցկացվեն Նորավանքին առնչվող միջնադարյան գինեգործության հետքեր որոնելու համար:
Արենիում գինեգործության և խաղողագործության զարգացման այդպիսի մանրակրկիտ հետազոտությունները կնպաստեն գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ կառանձնացնեն խաղողի նոր տեսակներ, ինչպես նաև կօգնեն հին տեսակների գենետիկական կազմի ուսումնասիրմանը: Բացի այդ, այդ հետազոտությունները կմեծացնեն զբոսաշրջիկների հետաքրքրությունը Վայոց ձորի նկատմամբ` որպես գինեգործության տարածաշրջան:
Այդ հետազոտություններում ներգրավված են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը և այլ հաստատություններ: Բացի այդ, աշխույժ համագործակցություն է ընթանում խոշոր միջազգային գիտական կենտրոնների հետ, ինչպես նաև Տյուբինգենյան համալսարանի (Գերմանիա) և Ավստրալիայի Ադելաիդյան համալսարանների հետ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Պատկերացրեք, որ դուք հարուստ եք: Եւ ահա, ձեզ մոտ է գալիս մի մարդ եւ առաջարկում ստեղծել 4 սերիանոց մի ֆիլմ` առանց որեւէ մի աստղի, առանց որեւէ մի կնոջ մասնակցության, առանց սիրային պատմության եւ գրեթե առանց էքշըն տեսարանների: Եւ նկարահանումը պետք է իրականացվի անապատում: Ի՞նչ կասեք դուք»,- այսպես էր պատմում Օմար Շարիֆը «Լոուրենս Արաբիացու» մտահղացման մասին` պատկերավոր կերպով ներկայացնելով ֆիլմի ողջ անհավանականությունը: Չնայած, պրոդյուսերական ֆիլմի դարաշրջանում այդ պատմությունը մի փոքր այլ կերպ էր նայվում, քան մենք այսօր կարող ենք պատկերացնել Շարիֆի խոսքերից:
1935 թվականին տուն վերադառնալու ճանապարհին մոտոցիկլով վթարի ենթարկված բրիտանացի հետախույզ Թոմաս Էդվարդ Լոուրենսը դեռ կենդանության օրոք եղել է հոլիվուդյան բոսսերի ամենացանկալի հերոսներից մեկը: Մարդ առեղծվածը, լորդ Թոմաս Չեպմենի ապօրինի զավակը, ով Առաջին աշխարհամարտի տարիներին գլխավորել է թուրքերի դեմ արաբների ապստամբությունը, իր արկածները նկարագրել էր «Իմաստության յոթ սյուները» վերնագրով մեմուարներում, որի համառոտ տարբերակը, «Ապստամբություն անապատում» վերնագրով, դարձել էր համաշխարհային իսկական բեստսելլեր:
Նրա հաջողության գրավականը արեւելյան էկզոտիկայի խառնուրդն էր պատմողի բացառիկ անհատականության հետ, որի «մշուշոտ» մոտիվացիաները միայն առավել շատ հմայք էին հաղորդում գրքին: Այդուհանդերձ, Լոուրենսը որեւէ անգամ համաձայնություն չտվեց սեփական գրքի էկրանավորմանը, թեեւ նման առաջարկներ, նա, բնականաբար, բազմիցս էր ստացել:
Ալեքսանդր Կորդան, օրինակ, դեռ 1940-ականներին պատրաստվում էր նկարահանել «Իմաստության յոթ սյուները»` անձամբ սեր Լոուրենս Օլիվյեի մասնակցությամբ, սակայն, դերասանի եւ պերսոնաժի նրբագեղ համադրությանը կանխորոշված չէր իրականությունդ դառնալ, այդ թվում եւ ֆինանսական պատճառներով: Եւ միայն 1960 թվականին դրամատուրգ Մայքլ Ուիլսոնը, դրանից քիչ առաջ համոզելով հերոսական հետախույզի եղբորը` Առնոլդ Լոուրենսին համաձայնություն տալ էկրանավորմանը, պրոդյուսեր Սեմ Սպիգելին ներկայացրեց ֆիլմի սցենարը:
Սպիգելը առանց հապաղելու այն տվեց գաղափարապես անթերի ռեժիսոր Դեյվիդ Լինին, եւ աշխատանքը սկսվեց: Պետք է ասել, որ Լինը չուներ էպիկական կտավն առանց աստղերի նկարահանելու ամբիցիոզ պլան: Գլխավոր դերի համար նա հրավիրեց Ալբերտ Ֆիննիին եւ Մառլոն Բրանդոին: Երբ երկուսն էլ հրաժարվեցին, իր դերը խաղաց պատահականությունը. Լինը «Օրը, երբ թալանեցին անգլիական բանկը» ֆիլմում տեսավ թատրոնի երիտասարդ դերասան Փիթեր Օ’Թուլին, եւ միանգամից հասկացավ` «դա Լոուրենսն է»: Ռեժիսորն անհողդող էր, եւ չնայած պրոդյուսերի կասկածներին, բոլորին անհայտ իռլանդացուն հաստատեց գլխավոր դերում: Գրեթե նույն պատմությունն էլ կրկնվեց նաեւ Շարիֆի հետ: Բանն այն է, որ արաբ շերիֆ Ալիի դերում, Լինը, որքան էլ որ տարօրինակ է, սկզբում ընտրեց ոչ թե ֆրանսիացի արաբին, այլ` Ալեն Դելոնին: Սակայն, կամակոր Դելոնը հրաժարվեց խաղալ այդ դերը շագանակագույն լինզաներով: Ավելորդ չի լինի նաեւ նշել, որ մեծ էկրանին այդ ֆիլմով իրենց դեբյուտը սկսած այդ դերասանները ընկերներ են մինչ օրս:
Երբ դերասանական կազմը, չնայած Սպիգելի բոլոր կասկածներին եւ առարկություններին, վերջապես հաստատվեց, նոր խնդիր առաջացավ. ֆիլմը գործնականում մնաց առանց սցենարիստի: Լոուրենսի հարազատներից գիրքն էկրանավորելու թույլտվությունը հերոսաբար կորզած Ուիլսոնը` կոմունիստների հանդեպ ունեցած համակրանքի պատճառով հայտնվեց «սցենարիստների սեւ ցուցակում»:
Գործն իր ձեռքը վերցրեց Բեվերլի Քրոսսը, բայց նրա կողմից գրված տեքստի ոչ մի բառ այդպես էլ չհայտնվեց ֆիլմում. նախագիծը փոխանցվեց Ռոբերտ Բոլտին, որը մինչեւ 1995 թվականը ֆիլմի տիտրերում նշվում էր որպես ֆիլմի միակ սցենարիստ: Չի կարելի ասել, որ դա ամբողջությամբ անհիմն էր. ուիլսոնյան նախնական տեքստից ֆիլմը ժառանգել էր պատմությունը, իսկ բոլոր երկխոսությունները եւ բնավորությունները ամբողջությամբ փոխադրվել են Բոլտի կողմից: Պետք է նաեւ նշել, որ նա ստիպված եղավ ավարտին հասցնել սցենարը էքստրեմալ պայմաններում` նկարահանումների ժամանակ:
Դեվիդ Լինը այնքան ոգեւորված էր իր ուսերին բարդված պատասխանատվությամբ, որ որոշել էր գնդապետ Լոուրենսի արկածները նկարահանել իրականությանը հնարավորինս մոտ: Նրա նախնական գաղափարի համաձայն, ֆիլմը պետք է նկարահանվեր Հորդանանում` իրական անապատում: Գտնվել էր մի հրաշալի վայր` մոտակա օազիսից 240 կմ հեռավորության վրա: Այնտեղ էլ նկարահանվել է տեսարանների մի մասը, բայց մի պահի պրոդյուսերը ստիպված եղավ «սառեցնել» հեղինակի մտահղացումը, քանի որ մերձավորարեւելյան տապում հայտնված նկարահանող խմբին հիվանդություններ էին սպառնում: Արդյունքում, տեսարանների մյուս մասը նկարահանվեց Իսպանիայում եւ Մարոկկոյում: Մյուս կողմից, եթե չլիներ ռեժիսորի մանիակալ հետաքրքրվածությունը, ֆիլմը կարող էր եւ իրականություն չդառնար` նախատեսված մեկ-երկու ամիսների փոխարեն, կինեմատոգրաֆիստները ստիպված եղան ավազներում անցկացնել գրեթե մեկ տարի:
Իր ֆանատիզմում Լինը, սակայն, միայնակ չէր. պրոցեսի երկրորդ շարժիչը դարձավ գլխավոր դերակատարը: Օ’Թուլը, ականատեսների խոսքերով, երկար ամիսների ընթացքում փաստացի դարձել էր Լոուրենս: Նա ոչ միայն սովորել էր արաբերեն լեզուն եւ բեդվինների նման վեհությամբ հեծնել ուղտին, այլ նաեւ ռեժիսորի խնդրանքով պլաստիկ վիրահատություն արեց` իր «մաքուր» իռլանդական քիթը դարձնելով անգլիական: Բացի դա, դերասանը հաջողացրել էր նաեւ հարստացնել արաբական մշակույթը. թամբին երկար ժամանակով նստելու համար` նա մտահղացավ, որ կարելի է թամբի տակ տեղադրել սպունգե ռետինից գորգիկ: Օ’Թուլի այս նորարարությունն առայսօր օգտագործվում է բեդվինների կողմից, իսկ դերասանը շնորհակալ արաբների կողմից ստացավ մի անուն, որը մոտավորապես թարգմանվում է որպես «Սպունգի հայր»: Պետք է նշել, որ զգուշավորությունը ամեն դեպքում չօգնեց նրան խուսափել վնասվածքներից. տուն վերադառնալուն պես նա բազմաթիվ այրվածքներով, կոտրվածքներով, եւ ուղտից բազմակի անգամ ընկնելու հետեւանքով ստացած ուղեղի ցնցումով պառկեց հիվանդանոցում:
Չնայած բոլոր զրկանքներին, որ տարել էր նկարահանող խումբը, առաջին թեսթային ցուցադրությունները ռեժիսորի մոտ այնքան էլ մեծ վստահություն չառաջացրեցին այն հարցում, որ ֆիլմը կարող է հաջողություն ունենալ: Քիչ էր, որ Լոուրենսի եղբայրը դահլիճից դուրս էր վազել դիտման առաջին կես ժամից հետո` կինեմատոգրաֆիստներին դավաճան անվանելով, դեռ մի բան էլ` Սպիգելն էլ հիասթափված էր ֆիլմի մեդիտատիվ ռիթմից: Որեւէ մեկը չէր էլ կարող ենթադրել, որ ֆիլմը «Օսկար» կստանա 7 նոմինացիաներում, (առաջին «Օսկարը» ստացավ Օ‘Թուլը), եւ կմտնի աշխարհում լավագույն ֆիլմերի տարատեսակ ցանկերի մեջ:
Այդ ամենն առավել զարմանալի է` հաշվի առնելով ֆիլմի տեւողությունը, ինչի համար այն ոչ մեկ անգամ քննադատության էր ենթարկվել: Այսօր դժվար է պատկերացնել մի բլոկբաստեր 222 րոպե տեւողությամբ, բայց հենց այդքան էր տեւում ֆիլմի առաջին տարբերակը: Արդյունքում, ֆիլմը մի քանի անգամ վերափոխվեց եւ վերանվանվեց: Մասնավորապես, 2000 թվականի թողարկմանը մասնակցել են Մարտին Սկորսեզեն եւ Սթիվեն Սփիլբերգը, որը մեկ անգամ չէր հայտարարել, որ հենց այդ ֆիլմն էր իրեն ոգեշնչել սկսել ռեժիսորական կարիերա:
Այս տարի, ֆիլմի 50-ամյակը որոշել են նշել ամբողջական թվայնացմամբ եւ Blu-ray-ով թողարկմամբ: Առաջին անգամ «Լոուրենսի» նոր տարբերակը ցուցադրվել է Կաննում, իսկ հոկտեմբերի 4-ին ֆիլմը մեկ օրով վերադարձավ կինոթատրոններ, եւ հնարավոր չէ չխոստովանել, որ ռեստովրատորների շնորհիվ ֆիլմը նոր ծնունդ է ստացել, որը, լեզուդ չի էլ պտտվում կոչել «դասսական` հաշվի առնելով, թե որքան ակտուալ է այն դիտվում նաեւ այսօր:
Յարոսլավ Զաբուլաեւ
Թարգմանությունը` մասնակի կրճատումներով, iLur.am-ի
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երբ առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ անկախության օրվա առթիվ երեկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպված Նունե Եսայանի համերգին կառավարության պահուստային ֆոնդից 54 691 400 դրամ (կամ 134 հազար 927 ԱՄՆ դոլար) է հատկացվել Մշակույթի նախարարությանը, ապա` «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը,PanARMENIAN.Net ը որոշել էր պարզել, թե այս տարիներին ով ու ինչ գումարի դիմաց է համաձայնել ելույթ ունենալ / ունեցել Հայաստանում: Կայքը զրուցել է հայաստանյան համերգների մի քանի կազմակերպիչների հետ և պարզել, որ վերջին տարիներին Հայաստան այցելած երգիչները համաձայնել են ելույթ ունենալ մոտավորապես ներկայացված գումարների դիմաց.
Ջո Քոքեր՝ 200.000 ԱՄՆ դոլար
Պլասիդո Դոմինգո՝ 130.000 ԱՄՆ դոլար
Օկեան Էլզի՝ 20.000 ԱՄՆ դոլար
DDT՝ 45.000 ԱՄՆ դոլար
Գորան Բրեգովիչ՝ 55.000 ԱՄՆ դոլար
Deep Purple` 150.000 ԱՄՆ դոլար
Yanni՝ 170.000 ԱՄՆ դոլար
Իոսիֆ Կոբզոն՝ 25.000 ԱՄՆ դոլար
Ջորջ Բենսոն՝ 250.000 ԱՄՆ դոլար
Ինգրիդ՝ 15.000 ԱՄՆ դոլար
Լեոնիդ Ագուտին՝ 30.000 ԱՄՆ դոլար
Իսկ սրանք այն մարդիկ են, ովքեր թեև համաձայնել են ելույթ ունենալ Հայաստանում, բայց ինչ-ինչ պատճառներով չեն եկել.
Էրոս Ռամազոտի՝ 90.000 ԱՄՆ դոլար
Շադե՝ 500.000 ԱՄՆ դոլար
Սթինգ՝ 1 մլն ԱՄՆ դոլար
Roxette՝ 70.000 ԱՄՆ դոլար
Քրիս Րի՝ 60.000 ԱՄՆ դոլար
Դեմիս Ռուսոս՝ 50.000 ԱՄՆ դոլար
Էնրիկե Իգլեսիաս ՝ 250.000 ԱՄՆ դոլար
Զեմֆիրա՝ 35.000 ԱՄՆ դոլար
«Մաշինա վրեմենի»՝ 50.000 ԱՄՆ դոլար
Նիկոլայ Նոսկով՝ 20.000 ԱՄՆ դոլար
Գրիգորի Լեպս՝ 45.000 ԱՄՆ դոլար
Snoop Dogg՝ 160.000 ԱՄՆ դոլար
Խոսեցինք նաև մասնագետների հետ, պարզեցինք, որ ըստ մոտավոր հաշվարկների՝ Նունե Եսայանի համերգի կազմակերպչական մասի վրա (որտեղ ներառվում է նաև ամբողջ տեխնիկան, բեմը և այլ) ծախսվել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես գրել էր Նունե Եսայանի համերգի գումարի չափը հրապարակած «ՓաստԻնֆո»-ն, ծախսը բյուջեում ձևակերպվել էր իբրև նվիրատվություն, իսկ դրա պատասխանատվությունը դրվել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վրա: Նաև նշվում էր, որ իբրև 54 691 400 դրամ գումարի շրջանակում կատարված աշխատանքների վերջնական արդյունք՝ կառավարության որոշման մեջ նշված է. «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Տատիկիս վարսերը» հայկական կինոնախագիծն ընդգրկվել է B’EST EAVE կրթական ծրագրի 8 ֆիլմերի ցանկում: Ծրագիրը կազմակերպվում է Տալլինի միջազգային կինոփառատոնի Baltic Event նախաձեռնության, Ռուսական RFilms և CTB Film Company ընկերությունների համատեղ ջանքերով` Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր EAVE (European Audiovisual Entrepreneurs) և Creative Europe MEDIAկառույցների աջակցությամբ: B’EST-ը նախատեսված է Եվրոպական Միության և ԱՊՀ երկրները, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող կինոպրոդյուսերների համար, ովքեր ունեն միջազգային համագործակցության նպատակ և միջազգային համատեղ արտադրության համար պատրաստ կինոնախագծեր:
Ութ կինոպրոդյուսերներ, չորսը` Եվրոպական Միության անդամ երկրներից և չորսը` ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Ուկրաինայից, ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից` միջազգային շուկայում հեռանկարային համարվող իրենց կինոնախագծերով ծրագրին մասնակցելու համար: Այս տարիՀարավային Կովկասից ընտրված է երկու կինոնախագիծ` հայկական Պարալլելս Ֆիլմ կինոընկերության ` «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ»` ռեժիսոր Մարինե Զաքարյան, Պրոդյուսերներ` Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Կարեն Ծատուրյան և ադրբեջանական` «ԶԱՄԲՅՈՒՂ», ռեժիսոր Իմմամադին Հասանով:
B'EST-ը բաղկացած է երկու սեմինարներից, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 7 -11-ը Սանկտ Պետերբուրգում և նոյեմբերի 15-18-ը Տալլինում: Դրանք ներառում են սցենարի զարգացում, ֆիլմերի ֆինանսավորման Արևելյան և Արևմտյան աղբյուրների, համատեղ արտադրության իրավական ասպեկտների, մարքեթինգային ռազմավարությունների մասին գիտելիքների փոխանակում: Երկու սեմինարների միջև պլանավորված են առցանց նիստեր` մասնակիցների և դասախոսների միջև: Հաղթող կինոնախագիծը ստանալու է P.O.V. Film Fund-ի կողմից սահմանած 10000 Եվրո մրցանակը:
Մարինե Զաքարյանի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ֆիլմը 2005-ին հիմնադրված Պարալլելս Ֆիլմ կինոընկերության 4-րդ լիամետրաժ կինոնախագիծն է՝ ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ (2009), ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ (2014) և ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ (նկարահանումների մեջ) ֆիլմերից հետո: Ֆիլմը` 19րդ դարավերջին Հայաստանի գյուղերից մեկում տեղի ունեցած, մի ընտանիքի պատմություն է, էպիկական դրամա, որի գործողությունները ձգվում են 3 տասնամյակ: Ֆիլմի հիմքում ռեժիսորի տատիկի հուշերն են: Ֆիլմը համատեղ արտադրություն է Բուլղարիայի և Ռումինիայի հետ, էկրան կբարձրանա 2017-ին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Logos Film ընկերությունը ֆիլմ է նկարահանում հայազգի լողորդ Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին, հաղորդում է կինոստուդիայի կայքը:
Ֆիլմը կկոչվի «20 կյանք»: Այն նվիրված կլինի այն սխրագործությանը, որը ստորջրյա լողի աշխարհի տասնյոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը կատարել է 1976 թ. սեպտեմբերին: Նա իր եղբոր հետ միասին կարողացել էր Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից դուրս բերել 92 ուղևորներից 20-ին:
Ֆիլմի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան:
60-ամյա Շավարշ Կարապետյանի մասին կրկին սկսեցին խոսել անցյալ տարեվերջին, երբ նա դարձավ Սոչիի օլիմպիական կրակի էստաֆետի մասնակիցներից մեկը, փոխանցում է gazeta.ru-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 10-ին Նարեկացի արվեստի միությունում երաժշտական բացառիկ իրադարձություն էր` հանդիպում կոմպոզիտոր Ալեքսանդր Բրինկենի հետ, ով ներկայացրեց Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված «Երգ Հայաստանի մասին» իր նոր օրատորիան:
Նարեկացի արվեստի միություն Հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ երեք խոշոր մասերից կազմված ստեղծագործությունը գրված է երկու ասմունքողի, խառը մեծ երգչախմբի, հայկական ժողնվագարանների անսամբլի և լիակազմ սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկանշական է, որ օրատորիայի ողջ լիբրետոն կազմված է Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ավետիք Իսահակյանի և Վահագն Դավթյանի արևելահայերեն և արևմտահայերեն բանաստեղծություններից: Այս հանգամանքով էլ պայմանավորված է, իր ելույթում մասնավորեցրեց կոմպոզիտորը, 2 ասմունքողի առկայությունը օրատորիայում, քանզի նա նախատեսել է, որ արևմտահայերեն և արևելահայերեն տեքստերից յուրաքանչյուրը պետք է ընթերցվեն լեզուներից յուրաքանչյուրին փայլուն տիրապետող վարպետների կողմից: Օրատորիայի առաջին մասը վերնագրված է «Հայրենի հողի երգեր» և կազմված է Դանիել Վարուժանի բնագրերի հիման վրա ստեղծված 5 առանձին դրվագներից՝ «հայկական լեռների երգ», «հերքի երգ», «ձնի երգ», «ցորենի երգ», «հունձքի երգ»: «Ցասումի ու վշտի երգեր» վերնագրով երկրորդ մասում զետեղված են հատվածներ Դ. Վարուժանի «Ջարդը», Սիամանթոյի «Մահվան տեսիլք» և Վ. Դավթյանի «Ռեքվիեմ» նշանավոր բանաստեղծական ստեղծագործություններից: Երրորդ մասը՝ «Վերածնունդ, և հույսի երգեր», կազմված է երեք դրվագից. «Հայկական լեռների երգը», «Վերածնվող հայրենիքի գովերգ» (Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա), «Հրավերք պայքարի» (Դ. Վարուժանի «Ձոն» բանաստեղծության հիման վրա): Ողջ դասախոսությունն Ալեքսանդր Բրինկենը վարեց հայերենով, որին կոմպոզիտորը փայլուն է տիրապետում և որը նա սկսել է ուսումնասիրել 1975 թ., երբ, Սանկտ Պետերբուրգից այցելելով Հայաստան՝ մասնակցելու համամիութենական երաժշտագիտական համաժողովի, սիրահարվել է հայ ժողովրդին և մշակույթին: Վերջնականապես է սիրահարվել` ավելի տեղին կլիներ ասել, քանզի իր խոսքում նա հավելեց. Շվեյցարացի երգահան, դաշնակահար, երգեհոնահար և հայագետ Ալեքսանդր Բրինկենը (ծն. 1955 թ.) նաև հեղինակել է երեք սիմֆոնիա, «Ձնե թագուհի» բալետը, լատինական պատարագ եւ մի շարք այլ երաժշտական ստեղծագործություններ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Զարմացա՞ք։ Իզուր։ Հայ բանաստեղծ, առակագիր եւ թարգմանիչ Աթաբեկ Խնկոյանը (1870-1935) բազմաթիվ գրական կեղծանուններ է ունեցել։ Փորձենք թվարկել։ Սկսենք՝ Ախպեր, Յուվենալ, Ա. Խ. Աթիկ, Աթ., Խնկ., Անստորագր., Սեփ-սար, Խնկ. Աթ., Գյուղացի, Գյուղթղթակից, Խեչո բիձա, Քեռի Պողոս, Մարտնչող, Խնկոյան Աթանես եւ իհարկե՝ Խնկո Ապեր։
Հուսանք, ոչ մի անուն չմոռացանք։ Թե ինչու է մեր փոքրիկների սիրելի Ապերը գրական կեղծանունների նկատմամբ այսպիսի ակնհայտ թուլություն ունեցել, հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ, թե նրա կենսագիրներն ինչու են այսպես ջանասիրաբար թվարկել բոլոր կեղծանունները, բայց համեստորեն լռել են այն մասին, թե, օրինակ, ովքեր են եղել Լոռու մարզի Ղարաբոյա (այժմ՝ Խնկոյան) գյուղում ծնված Խնկո Ապոր ծնողները, միա՞կ զավակ է, թե՝քույր-եղբայր ունի, կին ու երեխաներ ունեցե՞լ է, սիրե՞լ է կնոջը, թե՞ «նամուսի ձեռը կրակն ընկած» ապրել է մի հարկի տակ ողջ կյանքը, խմիչքի նկատմամբ թուլություն ունեցե՞լ է, թե՞ միայն աղբյուրի զուլալ ջուր է խմել կամ սառը թան, թե՝ ոչ կերել է, ոչ՝ խմել, «իր ողջ կյանքը նվիրել է երեխաներին ու գրականությանը»՝ ինչպես սիրով պնդում են բոլոր էլեկտրոնային հավաստի աղբյուրները։ Կամ՝ ինչու՞ է Հայաստանում տասը տարի ուսուցչություն անելուց հետո փոխադրվել Թբիլիսի ու մեկ էլ՝ տասը տարի հետո նորից վերադարձել Հայաստան։
Ամեն դեպքում, թեկուզեւ առանց կենսագիրների օգնության՝ դժվար չէ հետեւություն անել, որ Աթաբեկ Խնկոյանը սիրելի մարդ է եղել իր ընկերների համար, որովհետեւ հենց նրանք են Խնկո Ապեր կեղծանվան ակամա հեղինակները։ Վերջիվերջո՝ ամեն մեկի «ապեր» չես ասի։ Ստեղծագործություններն էլ հուշում են, որ մեր սիրելի մանկագիրն ահագին սրամիտ է եղել։
Իսկ որ տաղանդավոր առակագիր էր Խնկո Ապերը եւ եթե միայն «Մկների ժողովը» գրեր ու ձեռքերը ծալեր-նստեր, միեւնույն է՝ կարող էր իր անմահությունն ապահովված համարել ճառ ասող ու զանգ չկախող «մկների» պակասություն չքաշող մեր երկրում, դժվար թե հակաճառողներ լինեն։ Էլ չասենք, որ «Ուժն է ծնում իրավունք»-ի հետեւորդներից է։ Վկան՝ «Գայլն ու գառը» առակը. «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»։
Նաեւ՝ սիրուն բանաստեղծություններ է գրել։
Ահավասիկ։
Առավոտը
Լույսը լույսով շողշողաց,
Երգը հնչեց սոխակի,
Շողը շողով դողդողաց,
Շուտով արեւ կծագի։
Արշալույսի ցոլքերը
Շապիկ հագան ծիրանի,
Տեսան, թռան հավքերը,
Նրանց հազա՛ր երանի։
Դաշտի քնքուշ ծաղիկը
Բացեց թեւեր բուրավետ,
Եվ վաղորդյան շաղիկը
Երկինք թռավ շողի հետ։
Ու բարձրացավ թանձր մեգ
Գետի փրփուր ջրերից,
Ջրին ասավ մի եղեգ.
-Տե՛ս, լու՜յս ծագեց վերեւից։
Լավն է, չէ՞։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային Խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երևան տեղափոխելու հարցի քնննարկմանն օրերս նվիրված նիստին: Հուշարձանագետը անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաև հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու և անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:
«Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որևէ հուշարձան հայտնվի որևէ թանգարանում, իսկ առավել ևս Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, ով սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո խաբի և հնարավորություն չտա իբրև ուսումնասիրող շարունակելու իմ աշխատանքը»,- ասել է Սամվել Կարապետյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ուրիշ քաղաքում ամեն ինչն է ուրիշ: Ուրիշ, ուրի՜շ և ու-րիշ… Մտածում ես՝ քո էդ տարածքում հայտնվելու ուրիշության մասին, ուրիշ լինելով՝ փորձում ես որսալ անսովորության, խոսքի, շրջապատում պտտվող սպիտակագռավության թեմաների շուրջ ու հանկարծ հասկանում ես, որ չէ, ամեն ինչ նույնն է: Ամեն ինչ բանալ է՝ սարթ-փափուկ զգացողությունները, չթռչող մարդիկ, անպոզուպոչ ծառերը, չթրաշված շենքերը: Ուղղակի ինտոնացիան է ուրիշ: Ներքին տարօրինակ մի ռեգիստր, որ իր ձայնային վայրիվերումներով է գրանցում ուրիշ քաղաքի ու միջավայրի լիովին հարիր իրականությունը…
«Հիտլերը վերադարձել էր, ու Լենիկն ուզում էր մեռնել, էդ անտեր մազերից մի պարան սարքեր ու կախվեր: Պատկերացրեց, թե ինչպես է այրվում իրենց այգու ամենաբարձր ծառը, որի բնին՝ կեղևի կախված կտորի տակ բոլորից ծածուկ փորագրել էր՝ «Լենիկ+Բենիկ= Սեր»: Սակայն թաքուն մի հույս, այնուամենայնիվ, դեռ շարունակում էր մլմլալ հանգած երազների մոխիրների տակ:
Կյանքը նրան խաբել էր ու խորդուբորդ էր լինելու հիտլերյան կյանքի ուղին: Արդեն ստիպված էր ամեն օր սափրել բեղերը, բայց հայրը կարճ կապեց.
-Աղջիկը համեստ կլինի: Եթե աղջկա մտքին բան չկա՞, իրան էդքան հետևալ չի… »:
«Անտարես» հրատարակչության կողմից «XXI» մատենաշարով լույս ընծայված Նարինե Կռոյանի «Դառնածիններ» պատմվածքների ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր «Ֆորում» ակումբում Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ամփոփեց միության այս տարվա աշխատանքները եւ ասաց, 2012թ. ընթացքում միջին հաշվով տպագրվել է շուրջ 2000 անուն գիրք, որի մոտ 18 տոկոսը կազմում է գեղարվեստական գրականությունը: «Գրողների միությունը տարվա ընթացքում կազմակերպել է շուրջ 135 գրական միջոցառում, այդ թվում՝ շնորհանդեսներ, նոր գրքերի մասին քննարկումներ, հանդիպումներ, համաժողովներ: Ամենակարեւորը՝ համագործակցություն է հաստատվել երկրի գրադարանային համակարգի հետ: Մենք շարժվել ենք մի քանի ուղղություններով, որոնցից առաջնայինը այսօրվա գրականության տպագրությունն է: Գրվում են լավ գրքեր, որոնք տպագրվում են պետպատվերով կամ մասնավոր ներդրումների հաշվին»,-ասաց Անանյանը:
Ապա հավելեց, որ տարբեր լեզուներով տպագրվում է արդի հայ գրականությունը. «Սա մեծ ձեռքբերում է, քանի որ հաճախ գրականությունից հեռու, բայց «գրականամերձ մտավորականները» վայրահաչում են, թե այսօր մենք գրականություն չունենք»:
Ասուլիսի ընթացքում ներկաներից մեկը հանդիպման ընթացքը «կտրելով»՝ ներկայացավ որպես Հովհաննես Աղաջանյան, ում գրականությունը կարելի է գտնել Ազգային գրադարանում: Այս մասին հաղորդում է aravot.am-ը: Հաշվի չառնելով այն հանգամանքը, որ խախտվում է ասուլիսի անցկացման կարգը, Հովհաննես Աղաջանյանը ձայնը բարձրացրեց Լեւոն Անանյանի վրա, եւ երկուսի միջեւ լեզվակռիվ սկսվեց, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.
- Ինչու՞ ես լռեցնում, այ ընկեր (Լեւոն Անանյանին է դիմում): Դուք խոտան եք տպագրում, ամեն ինչ վարդագույն եք ներկայացնում եւ անհեթեթ մրցանակներ բաժանում:
- Խնդրում եմ՝ չտեսագրեք, որովհետեւ դա է սրանց ուզածը: Սա նկարահանվելու համար է եկել:
- Պետպատվերով տպագրված գրականության 90 տոկոսը պատռվում եւ նետվում է: Իսկական գործը չեք տպում, այլ տպում եք խոտանը:
-Էս խոտանչուն դուրս հանեք: «Ազատ գոտում» թեւերից բռնած՝ նրան դուրս հանեցին:
- Խոտանչին դուք եք, այ ընկեր: «Թայֆաբազի» մեկն եք եւ գրականության առաջընթացի խոչընդոտ:
-Ոստիկանություն կանչեք: Հանեք այս անկիրթին…հոգեկան հիվանդների…
Վերջում, դիմելով օպերատորներին եւ լրագրողներին, Հովհաննես Աղաջանյանը հարցրեց. «Գոնե այսքանից մի բան տեսագրեցի՞ք»:
«Չէ, չէ…,-ժպտալով պատասխանեց Անանյանը, ապա հավելեց,- տեսնո՞ւմ եք՝ ինչ թունավոր գոտում եմ աշխատում»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Խոր Վիրապի բլուրներում, որտեղ գտնվում են Մեծ Հայքի Արտաշատ մայրաքաղաքի ավերակները, պեղումների ընթացքում հնագետները հին արխիվ են հայտնաբերել:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ավելի վաղ` տարբեր տարիների պեղումների ընթացքում, այստեղ հայտնաբերվել է երկու արխիվ, որոնք վերաբերում են Արտաշատի վաղ ժամանակաշրջաններին, այսինքն`մ.թ.ա. I և II դարերին: Երրորդ արխիվը գտնվել է այս տարի: «Հայտնաբերվել են շատ լավ նմուշներ` շուրջ 850 կոնդակ: Դրանք Արտաշատի ավելի ուշ ժամանակաշրջանի մասին պատմող բացառիկ տվյալներ են»,- հաղորդել է Ավետիսյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
1915-ին հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել, այդ հարցի վերաբերյալ ոչ ոք չի վիճում: Այդ մասին ասել է համաշխարհային հռչակ վայելող դերասան Ջորջ Քլունին Հարավային Քալիֆորնիայի հանրային ռադիոյի «The Frame» հաղորդմանը տված հարցազրույցում: Հայտնում է News.am-ը:
«Հիմա պատմությունը փոխվել է, եւ թուրքերն այլեւս չեն ուզում խոսել դրա մասին: Եվ քանի որ մենք Թուրքիայում ռազմական բազաներ ունենք, հանկարծ այդ նույն քաղաքական գործիչները, որոնք մինչ այդ ասում էին՝ «Այո, եղել է ցեղասպանություն», այսօր չեն կարող խոսել դրա մասին: Դուք դա չեք կարող ցեղասպանություն կոչել»,- հայտնել է Քլունին:
Դերասանի խոսքով, ինքը շատ սենատորների հետ է խոսել եւ հարցրել է, թե կարո՞ղ են այսօր խոսել Հայոց ցեղասպանության մասին: Օրենսդիրները պատասխանել են. «Բոլորովին չենք կարող, որովհետեւ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում մեր դաշնակիցն է»:
Քլունին ընդգծել է, որ դերասանը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, բայց իրոք կարող է հարցեր բարձրացնել, որոնք իր համար նշանակություն ունեն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մարտի 12-ին մի խումբ քաղաքացիներ բաց նամակով դիմել էին Մշակույթի նախարարին և պահանջել էին մինչև մարտի 15-ը հրապարակել այն ամենը , ինչ կապված է Գառնու կամրջի վերանորոգման հետ: Հիշեցնենք, որ կամուրջը վերջերս վերանորոգվել է և, ըստ մասնագետների, կորցրել է իր նախկին տեսքը: Մշակույթի նախարարությունը հրապարակել է կամրջի վերանորոգման ողջ նախապատմությունը:
Ըստ այդ հրապարակման՝ 2006 թվականին կազմվել է կամրջի վերականգնման նախագիծը, որը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նույն թվականի հուլիսի 11-ի N 6 նիստում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են «Կոտայքնախագիծ» ՍՊԸ կողմից, որը հուշարձանների վերականգնման ոլորտում ունի փորձ և համալրված է համապատասխան մասնագետներով:
2010 թվականին պետական բյուջեի միջոցներով և հաստատված նախագծով կատարվել են կամրջի հյուսիսային կողմի արևմտյան` փլուզման եզրին կանգնած պատի մասնակի վերականգնման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների շարունակությունն ապահովելու նպատակով 2011 թվականին հարցը կրկին դրվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստի օրակարգում, քննարկվել և որոշվել է. «ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրել հարցը, վերանայել բոլոր արխիվային նյութերը և ներկայացնել առաջարկություն»: 2012 թվականի հունվարի 20-ի նախարարության գիտամեթոդական խորհրդի N 1 նիստում քննարկվել է կամրջի վերականգնման և ամրակայման նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը` հիմք ընդունելով ճարտարապետ Ալբերտ Բալասանյանի կողմից 1945 թվականին կատարված արխիվային չափագրությունները և ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանի «Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները» գրքում «կամրջի կառուցվածքը իրականացված է սրբատաշ տուֆով և կրաշաղախով» նշումը: Խորհուրդը 11 կողմ և 4 դեմ քվեարկությամբ որոշում է կայացրել` առաջարկել նախագծող կազմակերպությանը վերանայել նախագիծը, մասնավորապես նշելով. «…կամրջի եզրապատերը վերականգնել կամարի պահպանված հին սրբատաշ քարերի տաշվածքի օրինակով …»:
ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով 2011 թվականին ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամին է ներկայացրել համապատասխան ծրագիր, որն արժանացել է հավանության: Այնուհետև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ կնքվել է համագործակցության հուշագիր: Նախարարության 2012 թ. մարտի 30-ի N 01/14.1/1315-12 գրությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին են տրամադրվելգիտամեթոդական խորհրդի 20.01.2012 թ. N 1 նիստի որոշման հիման վրա լրամշակված և սահմանված կարգով փորձաքննված ու համաձայնեցված նախագծային փաստաթղթերը:
Գնման ընթացակարգը սկսելու նպատակով կազմվել են վերականգնման աշխատանքների իրականացման գնման հայտարարության և հրավերի տեքստերը, որոնք քննարկվել և հաստատվել են ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հայտերը գնահատող հանձնաժողովի` 2012 թ. ապրիլի 4-ին կայացած նիստում, ինչպես նաև ԱՄՆ-ի դեսպանատան` ծրագրի պատասխանատու աշխատակիցների կողմից: Նյութերն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն և 2012 թ. ապրիլի 12-ին տեղադրվելwww.gnumner.am ինտերնետային հասցեում: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթները` հայտարարության և հրավերի տեքստերը /հրավերում ներառվել են աշխատանքների կատարման համարանհրաժեշտ պայմաններ` նմանատիպ գործունեության համապատասխանությունը, մասնագիտական փորձառությունը, տեխնիկական և ֆինանսական միջոցները, աշխատանքային ռեսուրսները և այլն/ գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակվել են 2012 թ. ապրիլի 12-ին: Օրենքով սահմանված 40-րդ օրացուցային օրը` 2012 թ. մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման նպատակով հայտարարված բաց ընթացակարգի հայտերի բացման նիստը:
Հայտ են ներկայացրել չորս կազմակերպություններ` «Բուրգ-999», «Մ. Լամբարյան», «Տիգրան-Ավիկ», «Դանիել» ՍՊԸ-ները: «ՊՄԱԹ ՊՄՊ ԲԸԱՇՁԲ 12/01» ծածկագրով բաց ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ն՝ որպես սահմանված պահանջներին համապատասխան և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից: Երկրորդ տեղ է զբաղեցրել «Բուրգ-999», երրորդ տեղ` «Մ. Լամբարյան», չորրորդ տեղ` «Դանիել» ՍՊԸ-ները:
2012 թ. հունիսի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տիգրան-Ավիկ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների գնման պայմանագիր:Պայմանագրով աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 2012 թ. նոյեմբերի 20-ը, որը համապատասխան համաձայնագրով երկարացվել է մինչև 2013 թվականի հունվարի 31-ը: Պայմանագրի գինը կազմում է 33 423 368 (երեսուներեք միլիոն չորս հարյուր քսաներեք հազար երեք հարյուր վաթսունութ) դրամ, որը համաձայնագրով նախատեսված ծրագրի արժեքից պակաս է 11 237 000 (տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսունյոթ հազար) դրամով: Պայմանագրի առարկան ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում գտնվող միջնադարյան «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացումն է (դրանում ներառված չենշարվածքի արտաքին մակերևույթի մշակման աշխատանքները):
«Կամուրջ» հուշարձանի վերականգնման թույլտվություն ստանալու համարնախագծի հեղինակ Ռ. Դավթյանի և մրցութային կարգովհամապատասխան լիցենզիա ունեցող «Էդիկ Կարախանյան ևընկերներ» ՍՊԸ-ի հետ կնքվել են համապատասխանաբարհեղինակային և տեխնիկական հսկողության պայմանագրեր: Աշխատանքները մեկնարկել են սահմանված ժամկետում. 1-ին փուլում դրանք իրականացվել են պատշաճ մակարդակով: Աշխատանքների կատարման 2-րդ փուլում ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա կամրջի նիշերի փոփոխության հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել նաև կամրջի եզրապատերի նկարվածքը: ՊՈԱԿ-ի կողմից նախարարության համաձայնությանն է ներկայացվել կամրջի վերականգնման նախագծի լրամշակված նախագծային առաջադրանքն ու փորձաքննված աշխատանքային նախագիծը, որը համաձայնեցվել և հանձնվել է ՊՈԱԿ-ին՝ վերականգնման աշխատանքները շարունակելու համար:
Կապալառու կազմակերպության կողմից «Կամուրջ» հուշարձանի վերականգնման և ամրակայման աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետում և համապատասխան համաձայնեցված նախագծին (առկա են տեխնիկական և հեղինակային հսկողության ակտերը): Միևնույն ժամանակ, նախարարության կողմից աշխատանքները կհամարվեն ավարտված 2012 թ. հունվարի 20-ի գիտամեթոդական խորհրդի որոշմամբ շարվածքի արտաքինմակերևույթի մշակման աշխատանքները սահմանված ժամկետումիրականացվելուց հետո:
Հավելենք նաև, որ վաղը Մշակույթի նախարարության դիմաց ակցիա է լինելու:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Իր ծննդյան 56-րդ տարեդարձին՝ այսօր, Նոր Նորքի շենքերից մեկի մուտքի վրա տեղադրվեց գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի անունը կրող հուշատախտակը: Այն բացեցին թարգմանչի հայրը եւ որդին:
Թոմաս Էլիոթ, Ուիլյամ Ֆոլքներ, Էդգար Պո, Սարոյան, Ջեյմս Ջոյս, Չարլզ Բուքովսկի՝ ահա Սամվել Մկրտչյանի շնոհիվ հայերեն դարձած՝ համաշխարհային գրականության ներկայացուցիչների՝ ամենեւին ոչ լրիվ ցանկը:
Գրականագետ Հակոբ Մովսեսի խոսքով, գրողը լեզվի հետ հարաբերվելու մեծ հնարավորություն ունի, այն դեպքում, երբ թարգմանչի հնարավորությունները սահմանափակ են:
«Բայց թարգմանիչը մի ուրիշ հնարավորություն ունի՝ եղած նյութի մեջ ստեղծելու լեզվի հետ գրողի հարաբերությունների միստերիան: Եթե մեր իրականության մեջ թարգմանաբանությունը վերականգնվի, Սամվելի մասին մենագրություններ կգրվեն: Եթե խոսենք միայն Ջոյսի «Ուլիսեսի» մասին, երեք բան պետք է ասենք. առաջին, որ անհնարին գիրք է թարգմանել Սամվելը: Ամեն մի ժողովուրդ ու ամեն մի լեզու չէ, որ հնարավորություն ունի այդ գիրքը թարգմանելու: Երկրորդը՝ այն թարգմանել է անհնարին սկզբունքներով: Ես նկատի ունեմ, որ «Ուլիսես»-ի ամեն մի դրվագ գրված է մի սկզբունքով. մեկը՝ աբսուրդի սկզբունքով, մեկը՝ իրոնիայի, մեկը՝ գիտակցական հոսքի սկզբունքով, մեկը՝ չոր, մամռոտ լատիներենի սկզբունքով: Այսինքն, թարգմանել էդ բոլոր ոճերը եւ գտնել այդ ոճերի բանալիները՝ տրված է միայն տաղանդավոր մարդու: Սամվելը գտել է այդ բանալիները», - ասաց Հակոբ Մովսեսը:
Բանաստեղծ Մհեր Արշակյանի խոսքով, գրականության հետ շփումը միշտ լինում է գործնական:
«Սա մի գաղտնիք է, որը ես ստացել եմ «Աբիսողոմ, Աբիսողոմ» վեպից, որը թարգմանել է Սամվել Մկրտչյանը: Գիրքը կարդալով չէ: Վերցրեք «Աբիսողոմ»-ը եւ կիմանաք, որ գիրքը կարդալով չէ, գրքի հետ շփումը գործնական է: Այսինքն, պառկում ես՝ գիրքը կա, արթնանում ես՝ կա, հաց ես ուտում, գիրքը կա, բայց քո աչքի առաջ չէ: Եթե էդ գործնական շփումը չեղավ, գրքի հետ շփումը ոչինչ է», - ասաց նա:
«Ճանաչեք գրականությունը, որպեսզի լինեք քաղաքացի, ճանաչեք գրականությունը, որպեսզի ձեզ չկարողանան ուտել: Որովհետեւ, եթե ձեզ կերան, դուք ոչինչ եք», - ասաց ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը:
Սամվել Մկրտչյանը մահացել է 2014-ի դեկտեմբերի 7-ին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հեռախոսը, է՜, հայտնաբերված էր դեռեւս մեր թվարկությունից առաջ։ Օրինակ՝ դեռեւս մ.թ.ա 6-րդ դարում Պարսից արքաներն օգտագործում էին «արքայական ականջները»։ Ուրեմն, շատ չէ՝ մի էդպես 30 հազար մարդ էին ընտրում անթերի լսողությամբ ու զիլ ձայնով, կանգնեցնում էին բարձունքների, աշտարակների վրա՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա, ու սրանց գործն էն էր, որ մեկը մյուսին էր փոխանցում արքայի հրամանները։ Փոխանցել էլ որ ասում եմ՝ բղավում էին ձայնալարերի ողջ զորությամբ. «Թագավորն ասու՜մ է՝ գյադեք, էս կողմն անցեք»։ Մոտավորապես այսպես։ Ասում են՝ հրամանները շատ արագ էին տարածվում երկրով մեկ, էդպես էլի՝ մեկ-երկու ամսվա ընթացքում։ Ասում են՝ էն չարաճճի գաղիացիներն էլ էին հեռախոս օգտագործում։ Երեւի կհիշեք Ալեն Շաբայի «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմում ոնց է հեռախոսով «առաջնորդը» հարցաքննում մարդասպան կախարդին։ Վերեւներից ձեն է տալիս՝ լսիր, դու ես սպանե՞լ էն լույսի մարդուն, կախարդն էլ անդնդախոր ձորերից թե՝ հա՛, սպանել եմ, էլի եմ սպանելու, հըլը ուր ե՜ք։
Եթե չեք մոռացել, որ դուք էլ եք Լենին պապիկի նման մանուկ եղել, թիթեռ բռնել ու ծաղիկներ սիրել, ուրեմն կհիշեք նաեւ, որ ձեր մանկության տարիներին նմանատիպ հեռախոսով դուք էլ եք խոսել։ Ճիշտ է, անհայտ պատճառներով մենք դրան «փչացած հեռախոս» էինք ասում, բայց ամեն դեպքում մեր ասելիքն ասում էինք։ Ով սխալ էր լսում, մեղքն իր վիզը։
Այսպես, մարդկությունը գլուխը յոլա էր տանում «հեռախոս-հեռախոս» խաղալով, մեկ էլ օրերից մի օր Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում ծնվեց Ալեքսանդր Գրեհեմ Բելը (1847-1922)։ Ի դեպ, իր անուն-ազգանվանը նա հետագայու՛մ հավելեց Գրեհեմ-ը՝ ի պատիվ իրենց ընտանիքի բարեկամ Ալեքսանդր Գրեհեմի։ Երեւի նկատեցիք, որ Բելը կրում է նաեւ ընտանիքի բարեկամի անունը։ Սա էլ՝ տրամաբանորեն, Բելի ծնողներն են պատիվ արել իրենց ընտանիքի բարեկամին։ Ինչով էր այս մարդն արժանացել այդպիսի սիրո ու պատիվ-հարգանքի՝ պարզել չհաջողվեց։
Բելի կենսագիրները չեն շեշտում, բայց ապագա գյուտարարին հանգիստ խղճով կարելի է հրաշամանուկների շարքը դասել. 13 տարեկանում ավարտում է Արքայական դպրոցը, իսկ 16-ում արդեն գեղեցկախոսություն եւ երաժշտություն է դասավանդում Ուեսթոն Հաուզի ակադեմիայում։
Նրա երկու եղբայրները մահանում են թոքախտից, եւ Ալեքսանդրի կյանքի համար դողացող ծնողները որոշում են հեռանալ անձրեւոտ Ալբիոնից։ Մեկնում են Կանադա։ Այստեղ երիտասարդ գյուտարարը էլեկտրական դաշնամուր է ստեղծում։ Մեկ տարի հետո մեկնում է ԱՄՆ եւ այնտեղ հիմնում խուլուհամրերին ուսուցանող մանկավարժների վերապատրաստման դպրոց։ Մի քանի տարի հետո այս դպրոցը միանում է Բոսթոնի համալսարանին, եւ Բելն այստեղ բնախոսության պրոֆեսոր էր։
30 տարեկանում ամուսնանում է իր ուսանողի՝ Մայբլ Հաբբարդի հետ։
1875-ին ստեղծում է այդ չարաբաստիկ հեռախոսը։ Կհարցնեք՝ ինչու՞ չարաբաստիկ։ Որովհետեւ միայն Ալեքսանդրը չէր երազում ԱՄՆ-ում նստած՝ շատախոսել Շոտլանդիայի իր ազգականների հետ։ Երազում էին եւս մի քանի գիտնականներ, որոնցից մեկն էլ իտալացի Անտոնիո Մեուչչին էր։ Եվ մինչ օրս չեն դադարում վեճերը, թե այս երկուսից ո՛ր մեկն է հեռախոսի «հայրը»։ Ամեն դեպքում հենց Բելի՛ն է հաջողվում 1876-ի մարտի 7-ին արտոնագիր ստանալ այդ գյուտի համար։ 1877-ին հիմնադրվում է Bell Telefone ընկերությունը, որի բաժնետոմսերի մեկ երրորդի տերը Բելն էր։ Եվ այսպես, գյուտարար Ալեքսանդրը մեծ արագությամբ սկսում է հարստանալ, իսկ Անտոնիոն՝ աղքատանալ։
Կնոջ մահից հետո անհաջողակ իտալացին հասնում է Նյու Յորք, 1860-ին այստեղ իր վերջին գրոշները ծախսում եւ իտալական թերթի միջոցով աշխարհին աչքալուսանք է անում, որ երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում լարերով «վազվզող» ձայնն է հայտնագործել։ Այս լուրը կարդում է «Վեսթերն Յունիոն» ընկերության աշխատակիցը, որը փնտրում ու գտնում է գյուտարարի հյուղակը, չնչին գումարով եւ «ազնիվ խոսք»-ով, իբր՝ հետագայում կհամագործակցեն նրա հետ, գնում է նրա գծագրերը, նկարներն ու գրառումները։ Միամիտ Անտոնիոն սպասում է, սպասում է, մի օր էլ համբերության բաժակը լցվում է՝ բա ու՞ր մնաց համագործակցությունը։ Ընկերությունից պատասխանում են, որ բոլոր փաստաղթերը կորել են։ 1871-ից մինչեւ 1876 թվականը շարունակվում է «քաչալ շուն – գող փիսո» երկխոսությունը, եւ մի օր Մեուչչին զարմանքով կարդում է ամերիկյան մամուլում Գրեհեմ Բելի մեծագույն հայտնագործության մասին, որն իրականացվել էր «Վեսթերն Յունիոնի» շատ «բարձր հովանու ներքո»։ Խաբված գյուտարարը դատական հայց է ներկայացնում հզոր ընկերությանը, բայց դատարկ գրպանով՝ ի՞նչ իրավունքներ։ Տասնամյա պայքարից հետո նրան հաջողվում է ընկերության արխիվից գտնել իր արտոնագիրը։ Նյու Յորքի դատարանը ճանաչում է նրա առաջնությունը, բայց Մեուչչին այլեւս չէր կարող օգտվել իր գյուտի բարիքներից, որովհետեւ արտոնագրի ժամկետը վաղուց ավարտվել էր։
Նրա ժամանակակիցներն այդպես էլ չընդունեցին նրա հեղինակային իրավունքը։ Ասում են՝ պատճառը նրա աղքատությունն էր, անգլերենի վատ իմացությունը եւ իր իրավունքները հզոր հակառակորդներից պաշտպանելու անընդունակությունը։ Այդպես աղքատ ու արհամարհված էլ հեռացավ այս աշխարհից Անտոնիո Մեուչչին։
Դժվար է ասել՝ իրո՞ք Բելը սեփականել է իտալացու գյուտը, որովհետեւ հեռախոսն աս մարդու միակ հայտնագործությունը չէր, եւ գրեթե մի տասնյակի հասնող նրա գյուտերի հեղինակային իրավունքը ոչ ոք այլեւս չի վիճարկել։ Մինչեւ...
Մինչեւ 2002-ի հունիսի 11-ը։ Այդ օրը ԱՄՆ Կոնգրեսը բանաձեւ ընդունեց, ըստ որի՝ այդուհետ հեռախոսի գյուտարարը Անտոնիո Մեուչչին է, ոչ թե՝ Ալեքսանդր Բելը։ Իսկ ահա Կանադան Բելից հրաժարվելու միտք չունի։
Այսպիսի խառը բաներ։
Լիզա Ճաղարյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կեցցե՛ն այն մարդիկ, որ ժամանակին ձայնագրել եւ հյուլե-հյուլե հավաքել են Նրա դասախոսությունները, այս Մեծագույն Արտիստի Խոսքը, որ չմոռացվեն։
Բայց։ Լեւոն Ներսիսյանի ուսանողները եւ ազատ ունկնդիրները, որոնք հավաքվում էին Երեւանի պետական համալսարանի այն լսարանում, որտեղ ուր որ է՝ պետք է բացվեր դուռը ու ներս մտներ անտիկ աշխարհի բոլոր ողբերգություններն իր հպարտ ուսերին առած Մարդը, հասկանում էին ու հասկանում են, որ Լեւոն Ներսիսյան նշանակում է՝ Ձայն, Կեցվածք եւ Խոսք։ Բոլորը միասին։ Այս երեքից մեկն անգամ եթե բացակայում է, ուրեմն դուք պատկերացում անգամ չեք կարող ունենալ, թե ով էր Լեւոն Ներսիսյանը։ Եվ որքան էլ պատմենք, որքան էլ՝ հյութեղ պատմենք, որքան էլ սիրով ու հիացմունքով պատմենք՝ Լեգենդը չի ամբողջանա։ Նա կենդանի՛ Լեգենդ էր։ Լեւոն Ներսիսյանը Լեգենդ էր իր կենդանության օրոք։ Եվ մենք՝ նրա ժամանակակիցներս, նրա Ձայնը, Կեցվածքն ու Խոսքը միաժամանակ վայելողներս, պարզապես փորձում ենք մեր կցկտուր, անդամահատված պատմություններով հարություն տալ Լեւոն Ներսիսյան-Լեգենդին։
Չի հաջողվի։
Եվ ինքն էլ գիտեր սա, եւ գուցե հենց այդ պատճառով գրավոր խոսք չկտակեց մեզ։ Եկավ ասպետավայել, կախարդեց մեզ ասպետավայել ու գնաց ասպետավայել։
Լեւոն Ներսիսյանը (1931-1999) ծնվել է Երեւանում։ Մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, ավագ խմբագիր է աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում (նկարահանվել է մի քանի ֆիլմերում), գիտաշխատող՝ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում, դասախոս՝ ԵՊՀ-ում (անտիկ գրականություն էր դասավանդում)։ Դոկտոր չէր, պրոֆեսոր չէր, նույնիսկ՝ գիտության թեկնածու չէր, ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ-ն էր, եւ այսքանով ամեն ինչ ասված է։
1994-ին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի (չհամեմատել վերջին տարիների արժեզրկված ու քանիցս ծաղրված այս նույն անվամբ մեդալի հետ)։
Կյանքի վերջին տարիներին, երբ արդեն վատառողջ էր, Սերժիկ Սարգսյանի նախորդի՝ Քոչարյան Ռոբերտի ականջին ինչ-որ մեկը փսփսացել էր, որ էժան հեղինակություն ձեռք բերելու համար արժե Լեւոն Ներսիսյանին ամսական «մի քանի մանեթ» տալ՝ նրան կուռք դարձնողների աչքին բարձրանալու համար։ «Մի քանի մանեթը» նշանակվեց, ու հեռուստաընկերություններն սկսեցին թնդալ, թե ինչ «բարի ու առատաձեռն» մարդ է էս «նախորդը»։ Լեւոն Ներսիսյանի պատասխանը սա էր. «Ես ապրում եմ ողորմությամբ, բայց՝ Աստծո՛ ողորմությամբ»։ Ո՞նց թե. Քոչարյանը փող տա, ու ինչ-որ «սոված» մտավորական մերժի՞ ընդունել։ Եվ հեռուստաէկրանից սկսեց հոսել դեղին հեգնանքը մի Մարդու հասցեին, որին ծաղրողները նրա կոշիկի փոշին չարժեին։
Եվ երբ Ասպետը ձեռքը թափ տվեց մեզ վրա ու հեռացավ այս աշխարհից, վերջին հրաժեշտը Երեւանի պետական համալսարանում չէր։ Հիմնավորու՞մը։ Լեւոն Ներսիսյանը գիտական կոչում չուներ։
Զարմանալի բան չկար. «գյադաների ժամանակը» արդեն ալիք էր տվել։
...Մի տաղանդավոր բանաստեղծ էր ապրում Երեւանում, Լեւոն Ներսիսյանի ուսանողն էր։ Մի օր բոթը հասավ համալսարան՝ ինքնասպանություն էր գործել։ Ցնցված էին ե՛ւ նրան ճանաչողները, ե՛ւ չճանաչողները։ Ինքնասպան բանաստեղծի համակուրսեցի մի քանիսը լսարանում նստել ու սպասում էին, որ Լեւոն Ներսիսյանը մտնի եւ հիանա իրենց պարտաճանաչությամբ՝ բոլորը սգում են, իսկ մենք, տեսեք, ինչքան ենք սիրում ձեզ, որ եկել ենք ձեր դասախոսությունը լսելու։ Պատմում են, որ լսարան է մտել Լեւոն Ներսիսյանը, դառը, շատ դառը խոսք է ասել «պարտաճանաչների» հասցեին եւ դուրս եկել լսարանից։
Ներող եղեք այս կցկտուր խոսքի համար. աններելի մեծամտություն է Վերջին Ասպետի մասին պատմելու այս խղճուկ փորձը։
Բայց լռելն էլ է աններելի։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
The Hollywood Reporter պարբերականի կազմակերպած ամենամյա կլոր սեղանի ժամանակ Քվենտին Տարանտինոն ոչ միայն կիսվել է ռեժիսորական արհեստի մասին իր մտքերով, այլեւ պատմել է, թե ինչով է զբաղվելու, երբ դադարելու է ֆիլմեր նկարել:
«Թոշակի անցնելուց հետո» «Քրեական պատմությունների» (Pulp Fiction) հեղինակը մտադիր է վեպեր, սցենարներ ու կինոքննադատական հոդվածներ գրել: Միեւնույն ժամանակ, Քվենտինը նշել է, որ, եթե «Սպանել Բիլին»-ի նման մի սյուժե հղանա, ամենայն հավանականությամբ, լիամետրաժ ֆիլմի փոխարեն կնախընտրի վեցժամանոց փոքր սերիալ նկարել HBO հեռուստաընկերության համար, քանի որ «հեռւստանախագծերում չկա այն շտապողականությունը, որն առկա է Հոլիվուդում, եւ ոչ ոք հեղինակին չի ստիպում զոհաբերել լավ գաղափարները՝ բոլոր գործողությունները ստանդարտ ֆիլի շրջանակներում սեղմելու համար»:
Հիշեցնենք, վերջերս Տարանտինոն հայտարարել է, որ կդադարի ֆիլմեր նկարել տասներորդ նկարահանած ֆիլմից հետո, քանի որ չի ցանկանում հասնել գաղափարների ճգնաժամի տարիքին եւ դառնալ ծաղրի առարկա, ինչպես եղել է շատ ու շատ ռեժիսորների դեպքում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը և երգը կընտրվեն ներքին ընտրությամբ: Այս մասին հայտնում է Հյաաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Ներքին ընտրությունը կկատարվի Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովի կողմից, որի կազմում կընդգրկվեն ժամանակակից հայրենական երգարվեստը ներկայացնող մասնագետներ: Հայաստանյան մասնակցության մասին բոլոր մանրամասները հայտնի կդառնան մինչև 2013թ.-ի մարտի 10-ը:
Բացի դրանից, հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ ներկայանալու է Հայաստանը: Մրցույթին կարող են մասնակցել 16-21 տարեկան շնորհալի պարողներ: Հայաստանյան ազգային ընտրությանը մասնակցելու համար հունվարի սկզբին կհայտարարվի մրցույթ: Այս մասին հյատնում է panarmenian.net-ը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հարցը եվրոպական հիշողության մաս դարձնել: «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի երկրորդ օրը «Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Մարությանը։ «Մենք պետք է խոսենք աշխարհի հետ, պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկենք եվրոպական, և ոչ միայն եվրոպական, այլ նաև ամերիկյան հիշողության մի մաս դառնալու համար: Հարկավոր է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանության փաստերը հայտնվեն եվրոպական և ամերիկյան դպրոցական դասագրքերում», - ասաց նա:
Մարությանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ բացի քաղաքակիրթ հարցադրումներից գոյություն ունեն նաև քաղաքական որոշումներ, որոնք մեծապես խոչընդոտում են Ցեղասպանության ճանաչմանը: «Շատերն են իրենց խոսքում նշում, որ 1915թ. հայության և ամբողջ մարդկության դեմ հանցագործություն է իրականացվել, սակայն երբ գալիս է դատապարտելու պահը, առաջ է գալիս քաղաքականությունը և խառնում բոլոր խաղաքարտերը»,- ասաց Մարությանը: Նրա խոսքով` քայլեր պետք է ձեռնարկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մտավորականության դերը մեծացնելու համար:
Հարություն Մարությանը նշեց, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցանկացած գիտաժողով շատ կարևոր նշանակություն ունի: «Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին այս գիտաժողովի կազմակերպումը դրական եմ գնահատում: Կարևոր է այն հանգամանքը, որ բացի գիտական զեկույցներից, ներկայացվում են նաև գործնական առաջարկներ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ հետագայում բոլոր այդ առաջարկները կքննարկվեն ավելի նեղ շրջանակներում՝ որոշելու, թե ինչպես դրանք կյանքի կոչել:
Մարտի 23-ին շարունակվում է «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար: Լայնամասշտաբ այս հանդիպումը նաև հնարավորություն կտա հանգամանորեն քննարկել թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ռեժիսոր՝
Լուկա Գուադանյինո
Գլխ դերերում՝
Թիմըթի Շալամե
Արմի Համըր
Երբ ամառն ու պատանեկությունը հատվում են, երազանքի ու հեռավորության սահմանները պայմանական են դառնում. ու առաջին սիրո անսպասելի այցը չպարտադրող կերպով դարձնում է ողջ հետագա կյանքդ post-պատանեկություն կամ Հետառաջինսեր:
Այն էլ երիտասարդի (յուրահատուկ Արմի Համըր) տեսքով, այն էլ` տաք իտալական տուն ու քո՝ երաժշտի (բացառիկ Թիմըթի Շալամե) սիրտ:
Լուկա Գուադանյինոյի վերջին ֆիլմը (ներկայացվել էր հանրությանը դեռևս 2017 թվականի հունվարին, Սանդենս կինոփառատոնում) անհամբեր կինոսպասում է առաջացրել. առավել ևս «Լուսնի լույսի» տրիումֆից հետո և ԼԳԲՏ-շարժման՝ չդադարող հաղթանակների ֆոնին:
2017 թվականին, թվում է, հնարավոր չէ զարմացնել գեյ-թեմատիկայով, մանավանդ ռետրո տարբերակով, հատկապես՝ առանց սկանդալային տեսարանների ու սյուժեի: Բայց Էլիոյի դերակատարի անմիջական խաղն ու ապրումները, պատումի թեթև ու նրբին ոճը, գույնի ու պատկերման խաղարկումը սահուն անցնում են ժամանակի ու տարածության գոտիներով դեպի իտալական միջավայր ու մշակույթ, որին, ի դեպ, խորթ չեն հոմոէրոտիկ դրսևորումները ու շերտերը:
Էլ չասած ֆիլմի երաժշտության մասին, որի չընդհատվող թույլ հպումները դեռ երկար-երկար մնում են մտքումդ՝ պատրաստ արձագանքելու ամեն մի դրվագի ու հնչյունի հանդիպմանը. առինքնող զգացմունքի հիշողության պես, առաջին համբույրի ու ֆանտազիաների նման:
Հայաստանում մեծ էկրանին այն տեսնել հնարավոր չէր, մնում է ինտերնետային տարբերակը: Մրցանակների ու անվանակարգերի արշավում այն կգտնի իր տեղը, թեև ամենակարևոր տեղն ունի. պատանեկան սիրո այս մանիֆեստը գրավել է կինոքաննադատների ու հանդիսատեսի սիրտը:
Ֆիլմը չի բացահայտում արգելված սիրո ու սոցիալական դրամայի խորքերը. այն նույնիսկ չի էլ ձգտում ընդգրկել կրքի ու շարունակության ամբողջ խենթությունը: Բայց լուսավոր թախծի համը, որ մնում է դիտումից հետո, ստիպում է վերհանել մեր իսկ գաղտնարանների խունացող պատկերները, որ ժամանակին խուսափել են տեսախցիկների ու աչքերի որոնումներից: Մեր խիզախության շնորհիվ կամ էլ հենց դրա բացակայության պատճառով:
Ամփոփում
Ժանրը՝ մուրազ
Imdb գնահատականը՝ 8.4
Իմ հոտառությամբ՝ 7.8
Էսթետիկան՝ Ապոլոն-Դավիթ
Ֆորմատը՝ գեյ-քարոզչություն J)
Ու՞մ համար՝ 14-89 տարեկան պատանիների ու հատկապես նրանց ծնողների
Էլ ու՞մ համար՝ բաբուխների
Ընթերցանության տեսակը՝ պարտադիր-դպրոցական
Աշխարհաքաղաքական կոնտեքստը՝ ԵՄ ասոցացում
Լեւոն Գայլ Ավետիսյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Կինոռեժիսորն կդառնար 79 տարեկան:
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի ստեղծագործությունը մեծապես նպաստել է հայ ազգային կինոարվեստի առաջընթացին. նրա ստեղծած կինոերկերը ազգայինի և համամարդկայինի յուրատեսակ համադրություն են:
Հենրիկ Մալյանը 1951 թ-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1953 թ-ին կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտին կից բարձրագույն ռեժիսորական դասընթացներում: 1951–54 թթ-ին (ընդհատումով) աշխատել է Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններում. բեմադրել է Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», իսկ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» պիեսները: 1954 թ-ից Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր էր: Մալյանը 1971–88 թթ-ին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ համալսարան), 1975–88 թթ-ին եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ:
Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ., Հենրիկ Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ., Լևոն Իսահակյանի հետ, նվիրված է հանրաճանաչ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.): Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» (1967 թ.) շրջադարձային էր ազգային նոր՝ բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար: Այս կինոնկարում իշխում են անմիջականությունը, գեղարվեստական հզոր խոսքը, ռեժիսորական նուրբ ճաշակը:
Մալյանը, «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980 թ.) և այլ կինոնկարների համար ընտրելով ոչ ծավալուն սյուժեներ, հասել է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների: Իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապել է ժամանակակից խոշոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական խմորումներին:
«Նահապետ» ֆիլմն առանձնանում է գունեղ կինոլեզվով: Նա հոգեբանական ճշմարտացիությամբ է կերտել Մեծ եղեռնի սարսափելի արհավիրքներից փրկված հայի կերպարը:
Մալյանի կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը:
1980 թ-ին Հայֆիլմ կինոստուդիային կից ստեղծել է կինոդերասանի թատրոն-ստուդիան, ղեկավարել մինչև 1988 թ. (նույն թվականին կոչվել է Հենրիկ Մալյանի անունով): Գրել է «Երկխոսություն երրորդի համար» (1997 թ.) գիրքը:
Մալյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի (1975 թ.):
«Համոզված եմ, որ այն անհատը, որն իսկապես զգում է իր կողքի մարդուն, զրուցել է հայ գյուղացու կամ քաղաքացու հետ, շնչել է Մատենդարանի խորհրդավոր օդը, զայրույթով լռել է Եղեռնի հուշարձանի առջև, զգացել է մեր եկեղեցիների վեհությունը, հաղորդվել է Նարեկացուն, ում սիրտը բաբախել է Չարենցի սրտի ռիթմով, չի կարող ազգային ֆիլմ չստեղծել»:
Հենրիկ Մալյան
«Ֆիլմերիդ հերոսները էկրանի վրա ապրում են հայերեն, ինքդ հայ ես՝ հայի դարդ ու ցավով, հայի տենչանքներով, երազներով: Ես չեմ հանդիպել մեկ ուրիշին, որ քեզ նման ուժ ունենար՝ հարազատ ժողովրդի ապրելակերպի ու վարքագծի մեջ այդքան թերություններ տեսնելու, և չգիտեմ այլ մեկին, որ այդպես թափանցեր հայ մարդու էության մեջ, հմուտ խուզարկուի նման գանձեր որոներ, գտներ նրա հոգում»:
Սոս Սարգսյան, դերասան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գրավումից հետո մնում են հետքեր՝ հրաշագեղ հուշարձաններով ու նախկին կուռքերի տապալման ենթակա արձաններով։ Հետո մի երկար գիծ է հայտնվում, որն իր վրա է հավաքում կետադրական բոլոր նշանները։ Կետադրական նշաններ՝ առանց բառերի, առավել ևս՝ առանց տեքստի։ Փաստացի սկսվում է կետադրության ձուլումը։ Էդ ընթացքում, բնականաբար, ամենից շատ գլուխ է բարձրացնում Ստորակետը։ Մի խոսքով՝ երկար, զրոյից սկսվող գործընթաց, որն իր մեջ է ներառում անցյալի առասպելները՝ եռաթև արծիվներով, ծովը հնձող մարտակառքերով, խոսող դամբարաններով ու հարթաքանդակների վերածված կիսակենդան ու կեսակենդան մարդկանցով։ Էնքան՝ մինչև՞․․․ Մինչև նոր բառեր չեն խցկվում կետադրական նշանների միջև։ Բայց էսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Կետադրությունը շարունակում է ժամանակ առ ժամանակ, առասպելաբար գլուխ բարձրացնել՝ խառնելով քաղաքակրթության չհստակված շերտերը․․․
«Փարավոնը կռացավ, վերցրեց ոսկե սանդալը և հիացմունքից շողացող, ժպտուն աչքերով ուշադիր զննեց՝ ինքն իրեն քրթմնջալով.
– Անկասկած, սա կնոջ սանդալ է, ինչ գեղեցիկ է ու ինչ թանկարժեք:
– Մի՞թե արծիվը ցած գցեց, – աչքերով ուտելով սանդալը՝ հարցրեց Տահոն:
– Իմ այգում չկա մի այնպիսի ծառ, որից սրա նման հրաշագեղ պտուղ ընկնի, –ժպտալով ասաց փարավոնը:
– Հասարակ ժողովուրդը, տեր իմ, հավատում է, որ արծիվները սիրահարվում են գեղեցկուհիներին ու հրապուրվելով առևանգում են նրանց՝ տանելով լեռնային իրենց բարձունքները. հավանաբար, այս սիրահար արծիվն էլ իջել է բարձունքներից՝ իր սիրեցյալին այս սանդալն ընծայելու, հետո բախտը չի բերել ու մագիլներից բաց է թողել՝ գցելով փարավոնի ծնկին:
Գահակալը հիացած, հուզված, անընդմեջ սանդալը զննելով ասաց.
– Տեսնես՝ որտեղի՞ց է սա առևանգել… Վախենում եմ՝ երկնքի բնակիչներից մեկինը լինի…»։
«Անտարես» հրատարակչության կողմից «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով հրատարակված Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպը՝ արաբերենից Ռուզաննա Մանուկյանի թարգմանությամբ, Վահրամ Դանիելյանի առաջաբանով, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայիսի 6-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:
Նշենք, որ Վահան Միրաքյանը 2005 թվականից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
HighFest XII միջազգային թատերական փառատոնի բոլոր ներկայացումների մուտքն անվճար կլինի: Բացառություն կկազմի միայն Living Picture Theatre հունգարական թատրոնի ներկայացումը, որը հոկտեմբերի 1-ին կբացի փառատոնը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է HighFest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը: Այս տարի թատերական փառատոնը կունենա 200 մասնակից և հյուր աշխարհի 18 երկրից, այդ թվում`Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Ֆինլանդիայից և Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ կխաղացվի ավելի քան 50 ներկայացում`երաժշտական, տիկնիկային, պարային, դրամատիկ բեմադրություններ, կլոունադա: Առանձին ծրագրով կներկայացվեն ուսանողական աշխատանքներ, որոնք, ինչպես նշել է Ղուկասյանը, իրենց որակով չեն զիջում եվրոպական թատրոններին: HighFest XII միջազգային թատերական փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական իններորդ փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: «Արմենպրեսի» փոխանցմամբ` փառատոնն այս տարի նվիրվում է ականավոր երաժիշտ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, փառատոնի գեղարվեստական խորհրդի նախկին նախագահ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Կազմակերպիչները խոստանում են, որ փառատոնը կլինի հետաքրքիր, բազմաոճ եւ պրեմիերաներով լի:
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի նպատակն է հանրահայտ, ինչպես նաեւ Հայաստանում ճանաչում չունեցող հայ եւ օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ եւ համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշները ներկայացնել արվեստասեր հանրությանը:
Փառատոնին այս տարի մասնակցություն կունենան նաեւ պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, Ռուսաստանից աշխարհահռչակ վիրտուոզ բալալայկահար Անդրեյ Գորբաչովը, Էդվարդ Միրզոյանի անվան նորաստեղծ լարային քառյակը, Իսպանիայի ֆլեյտահարուհի Սառա Ուռենան, այլ անվանի երաժիշտներ:
«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը 2008 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության Պետական աջակցության ծրագրերի ցանկում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերանորոգման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման կապալի պայմանագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշել է, որ 7 մլն եվրո արտոնյալ վարկային միջոցները կտրամադրվեն 23 տարի մարման ժամկետով, որից 6.5 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը կկազմի 0%:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մարտի 17-ի գիշերը 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արա Շիրազը: Այս մասին տեղեկացրել է կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը: Արա Շիրազը փետրվարի 24-ից ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Շիրազի առողջական վիճակի վատթարացման պատճառը գլխուղեղի կրկնակի ինսուլտն էր: Նրան միացված էր արհեստական շնչառության ապարատ:
Արա Շիրզը ծնվել է 1941թ. հունիսի 8-ին, Երևանում: Բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է: 1966թ. ավարտել է Երևանի թատերական արվեստի ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: 1968թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Նրա գործերից են «Պարույր Սևակ», «Եղիշե Չարենց», «Ալեքսանդր Մյասնիկյան», «Հովհաննես Շիրազ» , «Տիգրան Պետրոսյան», «Վիլյամ Սարոյան», «Վազգեն Առաջին» և այլն: Նրա գործերի մեծ մասը պահպանվում է Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում և Երևանի Ազգային պատկերասրահում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979թ.` ՀԽՍՀ Պետական մրցանակի` Երևանի «Դվին» հյուրանոցի զարդաքանդակների համար, հետագայում` ժողովրդական նկարչի կոչմանը: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը:
Արա Շիրազի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում: Խորագրի նախորդ նյութերը՝ այստեղ, այստեղ,այստեղ եւ այստեղ
Ռեժիսոր՝ Գիլյերմո դել Տորո
Դերերում՝
Սալի Հոուքինս
Մայքլ Շենոն
Օքտավիա Սփենսեր
Ձոն տարաշխարհիկներին
Ինչպես միշտ՝ ջուրը հոսում է աշխարհաքաղաքական խարդավանքների, կենցաղի ու երազանքների միջով, ու քվիր-նկարիչը հավերժական այդ հորձանուտում երբեմն ընդհատում է մենության նախապատմությունը, այս անգամ՝ ընդերքից վերհանելով գեղեցկուհու(՞) ու հրեշի (՞) մասին ասքը:
Իսկ դուալիստական վտակներում՝
-Ուրբաթի ու Ռոբինզոնի փոխհասկացվածությունը,
-Արևմուտքի (դաժան) ու ռուսների (անգլերեն առոգանությամբ))) հավերժ պայքարը,
-Անհատի ու իշխանության խոցելիությունը,
-Երջանկության ու խիզախության քայլերը:
Վենետիկի փառատոնի մրցանակակիրը միահյուսում է քաղաքական հեքիաթը (հեղինակի բնորոշում) և արկածային մելոդրաման (կիզակետում). հանրային օրակարգում են քաղաքական ուղերձները ու անձնական ապրումները:
Ու խունացող գունաշարում հերթագայում են օտարության, ճանաչումի, ընտելացման ու պաշտպանության ալիքները, որ խիզախության ու հուսահատության փուլերում վերածվում են երկկենցաղ սիրո հաղթանակի:
Երազների ու իրականության ստորջյա աշխարհի հերոսները հաղթելու են. Արտասովորների պաշտպան-ռեժիսորը յուրաքանչյուրին տալիս է աջակցության իր ակնկալիքը. բոլոր-բոլոր զրկվածները, խոցելիները, ոչ լիարժեքները, ոչ մեկները՝ համր-հավաքարար-որբուկ Էլայզան, թմբլիկ սևամորթ հավաքարարուհին, մենակյաց գեյը, գերեվարված Օտարը, նույնիսկ բարի աչքերով մեքենաներն ու հաստլիկը՝ տորթով ու փուչիկներով:
Ստորջրյա աշխարհի էակները (հիանալի դերասանական կազմ) պատումը լցնում են ներքին հագեցվածությամբ՝ զգայուն ցավի և ուշադրության հանդեպ, դիպչում ներքին շոշափուկներով՝ ամոքում են վնասված հոգու սպիները, ընդգծում Տարբերվող Ես-ի անհրաժեշտ լինելիությունը:
Ու մինչև երկնքից ընկնի երեք կաթիլ, կհասցնես արարել պոեզիան.
-Համր ես այնժամ, երբ չես սիրում:
Ժանրը՝ Սերը 20.000 լյո ջրի տակ
Ժամանակը՝ Ժուկով
Ֆորմատը՝ Երկկենցաղ մարդը
Imdb գնահատականը՝ 7.9
Իմ հոտառությամբ՝ 7.5
Ու՞մ համար՝ արքայազնին սպասողների
Էլ ու՞մ համար՝ ԱԱԾ հետախուզական, կենտ/անձրևային օրերին՝ նաև հակահետախուզական վարչությունների աշխատակիցների
Լեւոն Գայլ Ավետիսյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Քաղաքական սպանությունները միշտ անցյալում են: Հանցագործության վայրը, որպես կանոն հանրային է, բոլորի աչքի առաջ: Ավելին՝ քաղաքական հանցագործությունները իրագործվում են մինչ այդ չկիրառված հնարքներով: Իսկ ապահովության երաշխիքնե՞րը, պետությո՞ւնը, ուժային համակարգե՞րը, ներքին-արտաքին կապերն ու ինստիտուտնե՞րը: Մինչ խմբով, ձեռք ձեռքի տված, միաբերան փորձում են հնարաքներն ուսումնասիրել՝ սպանությունները կորցնում են իրենց թարմությունը: Կամ կոծկվում են կամ վերածվում դեդեկտիվ պատմության: Հետո xerox: Ընդ որում xerox է արվում ոչ միայն դեդեկտիվը՝ կորցնելով իր իրական հատկանիշները ու տվյալների ճշգրտությունը: Պատճենահանման «զոհ» է դառնում նաև կոծկումը, պարտադրված լռությունն ու վախը: Եվ քաղաքական սպանության տեղանքը կամաց-կամաց, բայց ուղղակիորեն վերածվում է սեքսուալ ֆանտազիաների ուսումնասիրման կենտրոնի...
«Բաետան, որ տասներեք տարեկանից ծանոթ էր մուկիսուին, գիտեր, որ եթե մարմինը տեղափոխել են դեպքի վայրից, ուրեմն անիմաստ էր մատնահետքեր կամ ուրիշ ապացույցներ փնտրել: Նախ՝ որովհետև կասկածի տակ կդնեին հարյուրավոր մարդկանց, երկրորդ՝ անգամ հավանական վկաները, նույնիսկ նրանք, ովքեր կհամարձակվեին խոստովանել, որ այդ օրը մուկիսույում են եղել, չէին կարողանա մատնացույց անել մեռած աղջկա զուգընկերոջը: Ու երբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը հաստատեց, որ աղջիկը բնական մահով է մահացել, դրանով վերջակետ դրվեց ողջ պատմությանը: Սակայն առաջին բաժանմունքում այդ հանգուցալուծումը ոգևորությամբ ընդունեցին: Այնտեղ Ռելասաուի անձնակազմի հանդեպ ուժեղ հակակարանք կար այն օրերին, երբ ոստիկանապետի հրամանով ազատ արձակվեց Ռուֆինուին...»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Ալբերտո Մուսսայի «Ձախ կողմի վարպետը» վեպը՝ պորտուգալերենից Աննա Մարությանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Genealogy» խմբի 6 մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը:
Ինչպես տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թ. աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես կգա «Don’t deny» երգով: Մրցույթը այս տարի կանցկացվի Վիեննայում, որին կմասնակցի 40 պետություն:
Խմբի երկրորդ մասնակցի անունը կհրապարակվի փետրվարի 20-ին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայկական «Լուռ երկխոսություն» կինոնկարը երեկ Սոչիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է երրորդ տեղին:
Նշենք, որ հայազգի կինոռեժիսոր Էմար Տոուշի Ֆիլմը ռեստորանում ճաշող երկու զույգերի վերաբերյալ հետաքրքիր նովել է: Չսիրելով զուգընկերոջը՝ հերոսներից յուրաքանչյուրը երջանկանալու իր հույսը կապում է դիմացի սեղանի շուրջ նստածի հետ: Ըստ էության, ֆիլմը կեղծված սիրո և դրանից բխող դավաճանության պահանջի մասին է:
«Լուռ երկխոսություն» ֆիլմը կարելի է դիտել այստեղ.
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես տեղեկացրել ենք, հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մայրաքաղաքից այցելել էին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամաս` Սլաբոդկա: Ոստիկանությունը, այդ թվում Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, լրատվամիջոցներով կտրականապես հերքել էր Գյումրու նախկին քաղաքապետի տունը խուզարկելու փաստը: Այսօր տեղի ոստիկանության պաշտոնյաներից մեկը Aravot.am-ին որոշակի մանրամասներ փոխանցեց ոստիկանների այցից: Պաշտոնյայի ասելով, ոստիկանությունը այցելել է Սլաբոդկա թաղամաս՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին 2013 թվականի հուլիսին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի միջանցքում Վարդան Ղուկասյանի թիմակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ:
Քիչ առաջ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում չհերքեց այս տեղեկությունը` այլ մանրամասներ չտրամադրելով: Փաստորեն մեր այն հարցը, թե կա՞ բերման ենթարկված անձ Սամվել Սարգսյանին ծեծի ենթարկելու գործով, մնաց անպատասխան:
Մանրամասները՝ այստեղ
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նյու Յորքում մեկնարկել են սցենարիստ Ակիոա Գոլդմանի դեբյուտային՝ «Ձմեռային հեքիաթ» ֆիլմի նկարահանումները: Համացանցում արդեն հայտնվել են գլխավոր բացասական կերպարով հանդես եկող Ռասսել Քրոուի լուսանկարները, որը մարմնավորում է ավազակախմբի ղեկավար Պերլի Սոումսին:
Ֆիլմը պատմում է Փիթեր անունով երիտասարդ գողի մասին, որը սիրահարված է թոքախտավոր Բեվերլիին: Մահվանից հետո աղջիկը դառնում է Փիթերի պահապան հրեշտակը, իսկ տղային նրա օգնությունն անկասկած, պետք է, քանի որ նրան արկածների մի ամբողջ շարան է սպասում. պարանորմալ երեւույթներ, ժամանակի մեջ ճամփորդություններ եւ մոգական բնույթի այլ հետաքրքիր իրադարձություններ: Դրան գումարած՝ Փիթերին հետեւում են նրա նախկին «գործընկերները»:
Ռասսել Քրոուից բացի, ֆիլմում նկարահանվում են նաեւ Ուիլլ Սմիթը, Քոլին Ֆարրելը, Ուիլյամ Հերթը եւ Ջեսիկա Բրաուն Ֆինդլին: Նկարահանումները կշարունակվեն եւս երկու ամիս:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երգիչ Իոսիֆ Կոբզոնը հոսպիտալացվել է Մոսկվայում՝ արյան ճնշման կտրուկ բարձրացման պատճառով։ 76-ամյա արտիստն իրեն վատ է զգացել բուժզննման ժամանակ՝ հենց բժշկի սենյակում, հայտնում է lifenews.ru-ն։
Այնուամենայնիվ ոչ մի լուրջ բան Կոբզոնի մոտ չի ախտորոշվել և նա կարող դուրս գրվել հիվանդանոցից արդեն այսօր:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը 2014թ. հայտարարել են Հայոց Ցեղասպանության թեմայով սցենարական մրցույթ` նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը,
մրցույթը հրավիրում է կարճամետրաժ (3-6 րոպե տևողությամբ) խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: Հաղթող կճանաչվեն լավագույն 10 սցենարները` ընտրված մասնագիտական ժյուրիի կողմից. հեղինակներին կշնորհվեն դրամական պարգևներ. մասնավորապես` լավագույն երեք սցենարների հեղինակները կարժանանան 1000-ական, իսկ հաջորդող լավագույն յոթի հեղինակները` 500-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևների: Սցենարները պետք է ներկայացնել «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ՝ Ք. Երևան, Մոսկովյան 3 հասցեով կամ ուղարկել [email protected] Էլ. հասցեով ՝ մինչև 2014թ-ի հունիսի 30-ը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի հայ դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին։ Երեկոն անցկացվում է Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։
Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում հանդես կգան Սուրեն Բագրատունին (թավջութակ/ԱՄՆ), Հակոբ Աթյանը (թավջութակ), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Զարուհի Խանջյանը(դաշնամուր)։ Կհնչեն Բախի, Շոպենի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նա 29 անգամ կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը, եղել է Պաղեստինում ու Օդեսայում, գրել է 30 գիրք եւ 50 հազարից ավելի նամակ։
Ծնվել է հենց այն ժամանակ, երբ Հալեի գիսաստղը մոտեցել է Երկրին, եւ իր մահից մեկ տարի առաջ ասել է. «Եկել եմ այս աշխարհ Հալեի գիսաստղի հետ եւ նրա հետ էլ գնալու եմ»։ Այդպես էլ եղել է, հենց իր մահվան տարում Հալեի գիսաստղը հեռացավ Երկրից։ Ի դեպ, եղբոր մահն էլ մեկ ամիս առաջ տեսել էր երազում։
Մարկ Տվենը, իսկական անունը՝ Սեմյուել Լենգհորն Քլեմենս (1835-1910), ծնվել է ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆլորիդա քաղաքում։ Դժվար է հավատալ, որ այս տաղանդավոր ու սրամիտ մարդը կարող էր ամաչկոտ լինել, բայց, ժամանակակիցների պնդմամբ՝ այդպես էլ կար, հատկապես՝ կանանց միջավայրում։ Դժբախտ պատահարն է օգնում, որ նա վերջապես համարձակվի ամուսնության առաջարկ անել իր ընկերոջ քրոջը՝ Օլիվիային։ Ինքն ու ընկերն անսարք կառքից շրխկում են գետնին, Մարկը վնասվածքներ է ստանում, տուժածին խնամում է ընկերոջ քույրը, եւ երեւի հենց այդ ընթացքում էլ համարձակվում է նրա ականջին ինչ-որ բաներ շշնջալ։ Կարճ ասած՝ ամուսնանում են։ Չար լեզուներն ասում են՝ Օլիվիան Մարկ Տվենի կյանքում եղած առաջին եւ վերջին կինն է, որը մի օր սայթաքում է սառույցի վրա ու հաշմանդամ դառնում։ Մարկը հոգատար ամուսին էր, օգնում էր նրան՝ ինչով կարող էր։ Ասում են՝ կնոջ մահը շատ ծանր է տարել, առանց Օլիվիայի չէր պատկերացնում իր կյանքն այս աշխարհում։ Չափազանցություն է, թե ճշմարտություն՝ ո՞վ իմանա. ամեն դեպքում՝ հաճույքով հավատանք, որ այդպես էլ եղել է։ Ի վերջո, տղամարդկանց աշխարհում էլ են բացառություններ լինում։
Օլիվիան խստաշունչ տիկին էր, եւ անկողնային սիրախաղերը չէին գրավում նրան։ Երեւի պատճառը դա է, որ մեր մանուկների սիրելի գրողը, կնոջից գաղտնի, էրոտիկ տեքստեր գրելու թուլություն է ունեցել։ Օրինակ՝ «1601 թվական. զրույցներ բուխարու մոտ» ստեղծագործությունը։ Այս բուխարու մոտ Անգլիայի թագուհու շուրջը հավաքվում են պալատականները եւ պատմում իրենց սեքսուալ քաջագործությունների մասին։ Համարյա թե՝ «Հազար ու մի գիշեր»։
Ամեն դեպքում նրանք միասին ապրել են 34 տարի՝ մինչեւ Օլիվիայի մահը, չորս երեխա են ունեցել, բայց ընտանեկան կյանքում նրանց երջանիկ ասելը մեծ չափազանցություն կլինի։ Գրողի մի երեխան մահանում է մեկուկես տարեկանում, երկու աղջիկները՝ երեսունը չեն բոլորում։ Իսկ միակ ողջ մնացած դուստրը՝ Կլարան, քիչ հոգս չի պատճառում հորը։ Մեծ գրողի աղջիկն ինքն իրեն ներշնչել էր, որ տաղանդավոր դաշնակահար է, եւ մեներգիչների, երաժշտության ուսուցիչների, հյուրախաղերի համար պարտադրում էր հորը, որ գրպանները դատարկի։ Թերեւս, Մարկ Տվենը հաճույքով ճանապարհ կհարթեր իր միակ աղջկա համար, եթե նա իրոք տաղանդավոր լիներ։ Ավաղ, նույնիսկ շնորհալի չէր, եւ եթե Կլարան դա չէր հասկանում, հայրը ե՛ւ տեսնում էր, ե՛ւ հասկանում։ Կլարան նաեւ շատ սիրառատ էր, եւ սիրեկաններին փոխում էր թաշկինակի պես։ Աչալուրջ մամուլն էլ չէր զլանում, հերթական սկանդալը թափահարում էր գրողի քթի տակ, եւ Տվենը նրանց էլ էր վճարում՝ իր աղջկա հերթական «չարաճճիության» մասին լուրերի հրապարակումը կանխելու համար։ Օգնությունը Ռուսաստանից եկավ։ Նշանավոր դաշնակահար Օսիպ Գաբրիլովիչը խնդրեց Կլարայի ձեռքը, հոգնատանջ հայրն էլ ուրախությամբ հանձնեց նրան ե՛ւ Կլարայի ձեռքը, ե՛ւ Կլարային՝ ոտքից գլուխ։ Ուրախությունը կրկնապատկվեց, որովհետեւ մեծ դաշնակահարի հետ մի տանիքի տակ ապրելով՝ Կլարան վերջապես հասկացավ, որ ինքը պետք է այդուհետ միայն դաշնամուրի փոշին մաքրի եւ հրաժարվի մեծ երաժիշտ դառնալու երազանքից։
Մարկ Տվենի նախասիրած գույնը սպիտակն էր։ Ոտքից գլուխ ճերմակ նրա հագուստի տակից ծիկրակում էր կարմիր գուլպան։ Ամերիկացիներն այլ գույներ չեն տեսել նրա վրա։
Մոլի ծխող էր, նրա սիգարը միշտ մխում էր, հանգչում էր միայն այն ժամանակ, երբ գրողը քնած էր։ Այս սրամտությունը, որն ում ասես՝ վերագրում են, առաջին անգամ ասել է Մարկ Տվենը. «Ծխելը թողնելուց հեշտ բան չկա, ես հո դա լավ գիտեմ՝ հազար անգամ արել եմ էդ բանը»։ Սկսել է ծխել ութ տարեկանից, այնպես որ՝ տպավորությունը, թե Հեքլբերի Ֆինն ավելի սրտամոտ է իրեն, քան Թոմ Սոյերը, երեւի թե սխալ չէ։
Մյուս մոլությունն էլ բիլիարդն էր։ Ու որքան մեծանում էր, այս խաղի նկատմամբ կիրքն ավելանում էր ու ավելանում։ Պատմում են, որ իր 70-ամյակը նշելուց հետո, ժամը 24.00-ին ընկերոջ հետ վերադառնում է իր տուն, առաջարկում է մի քիչ բիլիարդ խաղալ, եւ այդ «մի քիչ»-ը տեւում է մինչեւ առավոտ։ Կաթնավաճառի ձայնն է ուշքի բերում նրանց։ Թղթախաղից էլ չէր հրաժարվում։ Նրա տանը չգրված օրենք կար. իր հյուրերը կամ պետք է բիլիարդ խաղային, կամ՝ թղթախաղ։ Եթե որեւէ մեկը քամահրանքով էր վերաբերվում այդ զվարճանքներին, այլեւս գրողի տուն ոտք դնելու բախտ չէր ունենում։
Գրամեքենայի առջեւ նստող առաջին գրողն է Մարկ Տվենը։
Նա մտերիմ էր աշխարհի ամենաառեղծվածային մարդկանցից մեկի՝ բազմաթիվ հայտնագործությունների հեղինակ Նիկոլայ Տեսլայի հետ։ Երեւի հենց նրա հետ բարեկամությունն էլ ոգեւորել էր իրեն, քանի որ ինքն էլ է մի քանի գյուտերի հեղինակ։ Օրինակ՝ լրագրողների համար պոկովի էջերով ծոցատետր է ստեղծել, շարժունակ դարակներով պահարան, նաեւ՝ փողկապ կապելու գործիք եւ այլն։
Տվենը պաշտում էր կատուներին, ու այդ առիթով ասել է. «Եթե մարդուն խաչասերեն կատվի հետ, մարդկային ցեղը միայն կշահի դրանից, իսկ ահա կատվայինը՝ ակնհայտորեն կտուժի»։
Կյանքի վերջին տարիներին, ասում են, շատ ընկճված էր, բայց շարունակում էր սրամտել։ Թեւավոր խոսք դարձած այս արտահայտությունը՝ իմ մահվան մասին լուրերը գերչափազանցված են, հենց Մարկ Տվենն է ասել, երբ «New York Journal»-ում կարդացել է իր մահախոսականը։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունվարի 21-ին ժամը 19:00-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գյումրիի զոհերի հիշատակին նվիրված համերգ:
Ինչպես հաղորդել է Օպերայի աջակցության հիմնադրամը, համերգին կմասնակցեն Սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, ինչպես նաև թատրոնի երգիչները: Մուտքն ազատ է:
Նշենք, որ հունվարի 12-ին Գյոմրիում սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 ադամները, իսկ նախօրեին «Սուրբ Աստվբածամոր» հիվանդանոցում վախճանվեց նաև ընտանիքի 7-րդ անդամը, 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինծառայող Վալերի Պերմակովը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վերջին օրերին «Երազ իմ երկիր հայրենի» երգը նորից փոթորիկ է բարձրացրել առանձին շրջանակներում: Քիչ է` ժամանակին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին հաջողվեց սեփականել Հայրիկ Մուրադյանի հեղինակությամբ ու կատարմամբ հնչած այս երգը, քիչ է` ոմանք այն անգամ Համո Սահյանին էին վերագրում հետմահու, հիմա էլ գրող Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդյանն է հայտարարում, թե երգը գրվել է իր ամուսնու` բոլորիս սիրելի Աղասի Այվազյանի կողմից:
Հարցի վրա լույս է սփռում Հայրիկ Մուրադյանի որդին` Լեւոն Մուրադյանը, ով նույնպես երաժիշտ է ու բնակվում է Պորտուգալիայում:
Հայրիկ Մուրադյանի համար երգը աղոթք էր:
Հայ մշակույթի մերօրյա առաքյալի համար Հայոց երգն իրոք խորան էր, որտեղից նա հնչեցնում էր Հայ շինականի, ազնվականի ու զինվորի, ուղղակի Հայ մարդու հոգու մրմունջը…
Վերջին օրերին կրկին աշխուժացել են խոսակցությունները «Երազ իմ Երկիր Հայրենի» երգի շուրջ, որոնք հին են այնքան, որքան այն դավադրութունը, որն սկսվեց երգի ստեղծման հետ միաժամանակ: Իմ աչքի առջեւ ստեղծված այդ երգը, որի ընթացքի ամեն ակնթարթին ներկա եմ եղել, այնուհետեւ վերածվեց ամենամանրահոգի առեւտրի առարկայի, եւ ցավալին այն է, որ այդ հոգևոր չարչիությունը շարունակվում է մինչ օրս՝ պատիվ չբերելով բոլոր նրանց, ովքեր փորձում են իրենց անբարո միջամտություններով ավելի աղավաղել երգի ստեղծման պատմութունը:
Ես իրականում կգերադասեի լռել և չխառնվել, իբր` երգի հեղինակներին բացահայտել փորձողների բանակին: Սակայն գերադասեցի բարձրաձայնել՝ ներկայացնելով նաև այս տհաճ պատմության սկզբում իսկ հենց իր՝ Հայրիկ Մուրադյանի՝ իսկական հայ ազնվականի պահվածքը:
Իմ դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ և իրականությունը բացահայտելու իմ ցանկությունը բխել են հորս նկատմամբ անսահման հարգանքից՝ պահպանելով այնպիսի մարդու կեցվածքը, որ վայել է Հայրիկի նման մեծությանը միայն: Մեծություն, որ կյանքի նկատմամբ ազնվական կեցվածքն ապացուցել է իր թողած ժառանգությունով, անխոնջ աշխատանքով եւ ազգային տեսակին և ազգային՝ եղեռնապուրծ մշակույթին ունեցած իր անսահման նվիրումով: Հավատարիմ մնամ նրա փիլիսոփայությանը, որ անհասանելի կարող է լինել շատերի համար, մանավանդ՝ այս երգի պատմության ջրերը պղտորողների:
Միայն երգի նկատմամբ սերը չէր, որ Հայրիկը գնում էր ազգային մշակութային գանձերի հետքերով՝ հատիկ առ հատիկ փրկելով մեր երգերը: Հայրիկը երգ չէր փրկում, այլ մեր տեսակը, Հայու իսկական տեսակը, վեհ, անաղարտ, առաքինի և ազնվաբարո տեսակը:
Հաճախ լռությունը ավելին է ասում, քան բարձրաձայն խոսքը:
Հայրիկին օտար էին բոլոր նրանք, ովքեր անդեմ էին, խաբուսիկ: Մեծերը չեն խոսում, լավագույն պատառի կռիվ չեն տալիս, այլ՝միայն գաղափարի: Նրանք արարում են...
Մինչ այսօր աչքիս առջեւ պահպանվել են պատկերներ, թե ինչպես էին Հայրիկը եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն աշխատում այդ երգի ստեղծման վրա: «Հայրիկ» ֆիլմի համար անհրաժեշտ երգի ստեղծման համար Ռոբերտը դիմեց Հայրիկին` միասին աշխատելու առաջարկով, որը հայրս ընդունեց սիրով: Ստեղծվելիք երգը ազգային հոգով ու ոգով լի պետք է լիներ, ուստի, Ռոբերտը լավագույն ընտրությունն էր կատարել` երգի ստեղծման համար դիմելով Հայրիկին: Հայրս գրեց երգի համար բառերը, որի հիման վրա ստեղծվեց նաեւ մեղեդին: Նրանք գրեթե ամեն օր աշխատում էին մեր տանը: Հիշում եմ, թե ինչպես էր Հայրիկը երգում մեղեդին, իսկ Ռոբերտը գրառում էր եւ հարմոնիաներ հարմարեցնում: Մեր տունը միշտ լի էր Հայրիկի նվիրյալ բարեկամներով, որոնցից շատերը ակամա երգի ստեղծման ականատեսները եղան:
Այնուհետեւ ավարտվեցին ֆիլմի աշխատանքները: Տարօրինակորեն` ֆիլմում Հայրիկի անունը նշված էր միայն որպես երգի կատարող, եւ ոչ մի խոսք` բանաստեղծության կամ մեղեդու ստեղծման մասին: Հայրիկն անսահման վիրավորված էր, սակայն իրեն արժանավայել պահվածք ընդունեց: Նա երբեք այլեւս չխոսեց կոմպոզիտորի հետ:
Հրաշալի ֆիլմ էր ստեղծված մեր մեծերի` Աղասի Այվազյանի, ռեժիսոր Հենրիկ Մալյանի եւ, ինչու ոչ, նաեւ կոմպոզիտորի աշխատանքի շնորհիվ, եւ ոչ մեկը մյուսի աշխատանքի սեփականացման կարիքը չուներ: Ցավալիորեն՝ նման անպատվաբեր արարքով երգի կենսագրությունը խճճվեց, եւ շարունակվում է մինչ օրս` ամեն անգամ նոր հավակնորդ «հեղինակների» ցանկն ավելացնելու մոլուցքով: Համո Սահյանն ու Աղասի Այվազյանը մեր միջամտության կամ մեր պաշտպանության կարիքը չունեն: Նրանք արդեն մեծ են իրենց գործով:
Զավեշտն այն է, որ Ամիրխանյանը շարունակեց իր ապաշնորհ և կեղծարար բեմադրությունը, եւ, որպես ներկայացման երկրորդ գործողություն, տարիներ անց՝ 1995թ. հոկտեմբերի 8-ին, «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում սուտ վկայություն արեց, թե երգի կատարողն էլ ինքն է… Աստված իմ, մի՞թե մարդիկ չեն ճանաչում Հայրիկի այդքան սիրված ձայնն անգամ: Իսկ վերջերս, ֆիլմի թվայնացումից հետո, Հայրիկի անունը մակագրերից վերացավ ընդհանրապես` նաեւ որպես երգի կատարող...
Հայրիկն իր կողմից փրկված ու ժողովրդի հոգու գանձարանը վերադաձված հարյուրավոր երգերի կողքին որեւէ երգ իրեն վերագրելու կարիք չուներ: Հայրիկը ժայռ է, որի հիմքերը Հայոց հողի ընդերքում են, և ում մեկ հարվածով ոչ միայն անդունդը չես նետի` առանց ինքդ Քեզ վտանգելու:
Ուրեմն, այսօր, մանավանդ երբ անցնում են ամեն տեսակ բարոյական սահմանները, հանուն արդարության, ինչպես նաեւ հարգելով Հայրիկի հիշատակը՝ պարտավոր եմ եւ պատրաստ եմ ամեն ամբիոնից բարձրաձայնել ճշմարտությունն այս երգի մասին: Մի երգ, որն իրավացիորեն արժանի եղավ Հայկական Բանակի հիմնը լինել, չպետք է հիմնված լիներ կեղծիքի վրա:
Միեւնույն ժամանակ, Հայրիկի ազնվականությանը վայել կեցվածքով, կոչ եմ անում` վեր կանգնել մտավորականին անվայել գզվռտոցից, երգը սեփականաշնորհելու մոլուցքից և առանց երգն իսկ արժեզրկելու, առանց այս ամբողջ ցեխակոլոլ լեզվակռվի` ուղղակի նրան թույլ տալ իսկական ժողովրդական երգի նման շարունակել կերտել հայի տեսակը, հայ զինվորի, հայոց հայրենիքի պաշտպանի տեսակը…
Հարգանքներով՝ Լևոն Մուրադյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայոց ցեղասպանությանը նվիրված «The GENEX» ֆիլմի հեղինակ Արտակ Սևադան (Art Sevada) կոչ է անում անմիջապես դադարեցնել ֆիլմի ոչ պաշտոնական թրեյլերի տարածումը: Ֆիլմի ռեժիսոր, սցենարի համահեղինակ և պրոդյուսեր Արտակ Սևադան «Արմենպրես»-ին հայտնել է, որ համացանցում լայն տարածում գտած «The GENEX» ֆիլմի այսպես կոչված «պաշտոնական թրեյլերը» չի պատրաստվել EdgeArt Entertainment Inc.-ի կողմից:
«Ֆիլմին վերաբերող բոլոր ոչ պաշտոնական տեսանյութերը չեն ներկայացնում «The GENEX»-ը և պետք է անմիջապես հեռացվեն համացանցից: Որոշ անհատներ կազմակերպության «YouTube»-ի անհատական էջից արտատպել են թրեյլերը, որ արվել էր ներդրողներին ոգևորելու համար, և այն ներկայացրել, որպես լուրջ և ավարտուն աշխատանք: Այն ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ ֆիլմը ներկայացնող պաշտոնական թրեյլեր»,- նշել է պարոն Սևադան: Ֆիլմի հեղինակը խնդրել է անտեսել նման տեսնյութերը մինչև «YouTube» վիդեոհոսթինգը կհեռացնի այն իրենց բողոքարկման համաձայն:
Ֆիլմի սցենարի համահեղինակններն են Ալան Քաթցը և Թիրո Ջաֆեթը, գործադիր պրոդյուսերներն են Ռիչարդ Սաերսթեյնը և Գարի Թիթիզյանը: Նկարահանումները կսկսվեն 2013 թվականի վերջերից:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Դիպուկահարը» ֆիլմի ցուցադրությունից հետո ավելացել են սպառնալիքները ամերիկյան մուսուլմանների հասցեին, հաղորդել են մուսուլմանական իրավապաշտպան կազմակերպությունները:
Խտրականության դեմ պայքարի արաբա-ամերիկյան կոմիտեն՝ ADC-ն, նամակով դիմել է ֆիլմի ռեժիսոր Քլինթ Իսթվուդին և գլխավոր դերակատար Բրեդլի Քուփերին՝ նշելով, թե «վերջին մի քանի օրերին ստացված սպառնալիքների մեծ մասը ուղղակի արդյունքն են այն բանի, թե ինչպես են արաբներն ու մուսուլմանները ներկայացվում ֆիլմում»: Նամակում իրավապաշտպանները Իսթվուդին և Քուփերին կոչ են անում հանդես գալ սոցիալական ցանցերում սպառնալից հայտարարությունների դեմ և փորձել մեղմել մուսուլմանների դեմ թշնամական հռետորաբանությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Իսթվուդի և Քուփերի ներկայացուցիչներն առայժմ չեն արձագանքել ADC-ի իրավապաշտպանների հայտարարությանը:
Ֆիլմի սցենարի հիմքում ամերիկացի դիպուկահար Քրիս Քայլի իրական պատմությունն է, ով չորս ժամկետ, որպես դիպուկահար՝ ծառայել է Իրաքում և ոչնչացրել 160 հոգու՝ դառնալով ամենահռչակավոր ամերիկացի հրաձիգը: Ֆիլմը հիմնված է նրա «Ամերիկացի դիպուկահարը» գրքի վրա, որում նա խոստովանում է, որ ոչ մի բանի համար չի զղջում և իր բոլոր զոհերին համարում է «վայրենիներ»: Փոխանցում է BBC-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Վարպետն այսօր դառնում է 90 տարեկան: Այս առիթով ներկայացնում ենք Ազնավուրի՝ դեռ 2011 թվականին տված հարցազրույցը «Նուվել դ՛Արմենի» պարբերականին:
«Նովել դ’Արմենի» ամսագիր («Nouvelles d’Arménie Magazine» (NAM) — Դուք նոր ընկերներ ձեռք չբերեցիք «Vivement dimanche»-ին տված Ձեր հայտարարություններով:
Շառլ Ազնավուր — Ես արդեն սկսել եմ զզվել այս ամենից: Մենք երբեք չենք շահի գործը: Մեր թշնամիները սպասում են, որ բոլոր նրանք, ովքեր դեռ հիշողության ունեն, մահանան, եւ այսպիսով կարողանան խնդրից դուրս գալ: Ո՞ր երկիրն է պաշտպանում հայ դատը: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչեց այն, ինչ պետք է ճանաչեր, ոչ ավելին: Ոչ մի երկիր մեզ ընդառաջ չի գալու, երբեք: Ավելին, արաբները, որոնք հեղափոխություն են անում, երազում են ունենալ քեմալական նմուշի կառավարություն: Դա ջուր է լցնում թուրքական ջրաղացին, նրանք գնալով հարստանում եւ էլ ավելի մեծ դիրքեր են գրավում: Նրանք արդեն մեծ քսանյակի անդամ են եւ այլեւս անգամ ջանք չեն գործադրում Եվրամիություն մուտք գործելու համար:
Այս ո՞ւր ենք գնում: Եվ այդ ընթացքում Հայաստանը տառապում է. ամեն օր, օր-օրի Հայաստանը դատարկվում է: Շատ չի անցնի, երբ Հայաստանը կդառնա մի դատարկ խեցի… Ո՞ւ մ է դա ձեռնտու: Ընդամենը երեք մեծահարուստ ավազակի՞, երեք մաֆիոզի՞: Իսկ հարյուր հազարավոր խեղճ մարդիկ ցրված աշխարհով մեկ… Այս ամենն ինձ մտահոգում է եւ անհանգստացնում: Եվ այսքանից հետո ոմանք դեռ մնում են կենտրոնացած «ցեղասպանություն» բառի վրա՞, որը Թուրքիան վիճարկում է: Ես ցանկանում եմ հարցս ուղղել թուրքերին. եթե դա ցեղասպանություն չէ, ապա ինչպե՞ս կանվանեք մի ողջ ժողովրդի ոչնչացում: Ինչպե՞ս եք դուք ինքներդ ձեր մեջ դա անվանել տարիներ շարունակ: Ի՞նչ բառով է Աթաթուրքը որակել կատարվածը: Դա եմ ցանկանում իմանալ՝ ինչպե՞ս են դա անվանել «ցեղասպանություն» բառը հորինելուց առաջ: «Կոտորա՞ծ: Հայերի ջա՞րդ» : Այսպիսով, եթե դուք չեք ցանկանում օգտագործել «ցեղասպանություն» բառը, խոստովանեք գոնե, որ դա կոտորած է: Երբ կհասնենք դրան, մեծ քայլ արած կլինենք: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է, իսկ մարդիկ կենտրոնանում են միայն «ցեղասպանություն» բառի վրա: Ես չեմ հասկանում՝ ինչո՞վ է դա օգնելու երկրի առաջընթացին: Ո՞ւր է մեզ տանում այդ տրամաբանությունը:
Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են նման մտքեր արտահայտելու համար, որտե՞ղ են նրանք: Ի՞նչ են նրանք անում Հայաստանին օգնելու համար: Ո՞ր պահին են նրանք գումար ուղարկում: Եվ դեռ ցանկանում են ինձ դասե՞ր տալ: Այդ ես պետք է նրանց դաս տամ: Ես այդ մասին խոսել եմ ամերիկահայ մի իրավաբանի հետ, որն ունի 300 մասնագետից բաղկացած փաստաբանական գրասենյակ: Նա մյուսների պես էր մտածում: Բայց երբ ես նրան բացատրեցի իմ տեսակետը, նա համաձայնեց ինձ հետ: Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքականությունից շատ բան չեմ հասկանում, բայց մի բան ես հաստատ գիտեմ՝ մենք ունենք մի դժբախտ երկրի փոքր կտոր, որը երկրորդ անգամ է մահանում: Իսկ մարդիկ դեռ տերմիններից են խոսում…
NAM — Այնուամենայնիվ Դուք Ձեզ շատ ակտիվ դրսեւորեցիք այդ խնդրի քննարկման հարցում, մասնավորապես պաշտպանելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը ֆրանսիական Սենատի առջեւ: Դուք խոսեցիք Սենատի առաջ…
Շ. Ազնավուր — Ի՞նչ օգուտ:
NAM — Դուք մասնակցել եք ցույցերին…
Շ. Ազնավուր — Ի՞նչ օգուտ:
NAM — Դուք հոդվածներ եք տպագրել թերթերում…
Շ. Ազնավուր — Ի՞նչ օգուտ: Դա մեզ ինչի՞ հանգեցրեց, ի՞նչ տվեց : Եթե մետրերով չափենք իրերի իրական վիճակը եւ սկսենք Ա կետից, քանի՞ միլիմետր ենք առաջ շարժվել: ԶՐՈ:
NAM — Դուք իսկապե՞ս կարծում եք, որ առաջ չենք շարժվել:
Շ. Ազնավուր — Չենք շարժվել եւ չենք շարժվելու: Երբեք: Ինձ պարբերաբար հրավիրում են Թուրքիա: Նույնիսկ Թուրքիայի արտգործնախարարն ինձ հրավիրեց անցկացնել արձակուրդս իր տանը : Ուրեմն եկեք պայմանավորվենք եւ որոշենք, թե ինչ պետք է նրանցից պահանջենք: Բայց մենք չպետք է քաղաքական խաղ խաղանք՝ այս կամ այն կողմի շահերը պաշտպանելով: Ինչ վերաբերում է ինձ, ապա այն հարցը, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը, ինձ բացարձակապես չի հուզում: Ես միայն մի բան եմ ցանկանում, որ սահմանները բացվեն, եւ այս երկիրը կարողանա մի փոքր շունչ քաշել:
NAM — Դրանով Դուք աշխարհի՞ն եք դիմում:
Շ. Ազնավուր - Այո: Ես միշտ լավն եմ խոսում թուրքերի մասին: Ես կարծում եմ, որ նրանք հետաքրքիր ժողովուրդ են: Չկա ոչ մի թուրքաբնակ հայ, որ ասի, որ չի սիրում թուրքերին: Հնարավոր է, որ դուր չգա նրանց վերաբերմունքը, նրանց քաղաքականությունը, բայց ո՛չ ժողովուրդը՝ որպես այդպիսին: Իմ նպատակն է խթանել առաջընթացը:
NAM — Այնուամենայնիվ Դուք հիասթափված չե՞ք 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների խախտումից:
Շ. Ազնավուր — Դրանք մի երեկո ստորագրվեցին, հաջորդ օրն արժեզրկվեցին: Ես հիասթափված չէի, քանի որ գիտեի, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու: Ինչո՞ւ: Որովհետեւ թուրքերի հետ ոչ մի պայմանագիր երբեւէ չի վավերացվել: Միշտ լինում է մի այնպիսի պահ, երբ նրանք ետ են կանգնում, եւ այլեւս ոչինչ հնարավոր չէ անել: Նրանց ներկայիս ռազմավարական դիրքը նպաստում է այդ տենդենցին: Նրանք իրենց ուժեղ են զգում եւ, հետեւաբար, ավելի ու ավելի քիչ են հակված զիջումների: Այսպիսով, ի՞նչ անենք: Ես անձամբ կողմ եմ ոչինչ չանելուն: Բայց ինձ վրա այլեւս հույս մի դրեք… ամենեւին: Ես զզվել եմ: Ես չեմ ուզում անիմաստ ջանք թափել: Թուրքերն այն ժողովուրդն են, որոնց միշտ քարոզել են կեղծ ճշմարտություններ: Նրանց սուտ բաներ են սովորեցրել: Ուրեմն սկսենք նրանց այդ թյուր տեղեկություններից եւ նրանց հակառակը սովորեցնենք:
NAM - Պետք է բավականաչափ խելացի լինել երկու կողմերի համա՞ր էլ:
Շ. Ազնավուր - Պարզապես խելացի: Գործել է պետք: Նախաձեռնությունը սեփական ձեռքը վերցնել: Իմ հերթին ես Ձեզ մի հարց տամ. արդեն որքա՞ն ժամանակ է, որ թուրքերը մեր տարածքներում են ապրում: Ես չեմ խոսում այն ամենի մասին, ինչ կատարվել է դրանից հետո… միայն առաջ:
NAM — Դարեր: Մոտավորապես հազար տարի…
Շ. Ազնավուր - Գերմանացիներն այլեւս չեն պահանջում Էլզաս-Լոթարինգիան, իսկ մենք (ֆրանսիացիներս) էլ չենք հիշում Ռուռը: Պետք է խելացի լինել եւ հասկանալ իրերի իրական կողմը: Ես ավելի հեռու եմ գնում: Նույնիսկ եթե նրանք մեզ վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այդտեղ ապրի: Ոչ ոք: Խելամիտ լինենք: Հաշվարկենք ամեն ինչ:
NAM — Բայց Դուք չե՞ք կարծում, որ հայկական իշխանությունները քաջատեղյակ են իրավիճակին եւ լավ գիտեն, թե ինչ են անում:
Շ. Ազնավուր - Ես չգիտեմ: Հաջորդ անգամ կխոսեմ այդ մասին նրանց հետ: Ես չեմ ցանկանում որեւէ քայլ անել առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց կարծում եմ՝ նրանց համար առաջնայինը սահմանների բացումն է: Դրսում բառերի պատերազմ է, իսկ ներսում մարդիկ տառապում են:
NAM — Ներեցեք ինձ, բայց չե՞ք կարծում, որ հայերի արտագաղթի հիմնական պատճառը պարզապես գոյություն ունեցող համակարգն է, որը հույս չի ներշնչում ժողովրդին : Եվ սա դեռ առանց հաշվի առնելու ղարաբաղյան հարցը: Այս հարցո՞ւմ էլ պետք է զիջումների գնալ:
Շ. Ազնավուր - Իհարկե: Ոչինչ չի արվում մարդկանց օգնելու համար: Ընդհակառակը: Ես մաֆիոզական պատմություններ գիտեմ, որոնք անտանելի են: Մարդիկ այն վիճակի են հասել, որ գյուղացիները սովամահ են լինում սեփական հողի վրա: Մաֆիայի այդ ներկայացուցիչներին պետք է գնդակահարել: Ուրիշ ճար չկա: Դուք ցանկանում եք մաֆիո՞զ լինել. գնացեք եւ ուրիշ երկրում մաֆիա ստեղծեք: Շատ երկրներ կան, որոնք ձեզ կընդունեն: Բայց մի ստեղծեք մաֆիա ձեր տանը, ձեր սեփական ժողովրդի գլխին:
NAM: Բայց հայկական հարցի վերաբերյալ ո՞րն է ձեր տեանկյունը :
Շ. Ազնավուր : Ես համաձայնություն եմ ուզում : Ես ցանկանում եմ, որ թուրքերը ճանաչեն տեղի ունեցածը : Բայց ես թքած ունեմ « ցեղասպանություն » բառի վրա : Ի՞նչ կտա մեզ, եթե նրանք օգտագործեն այդ բառը : Թող ճանաչեն կոտորածը : Ժամանակին հենց դա էին ասում : Բոլորը խոսում էին կոտորածից… Եվ հանկարծ միանգամից, 50-ական թվականներից սկսեցին կենտրոնանալ « ցեղասպանություն » բառի վրա, ինչը շատ դժվար է ընդունել, նույնիսկ երբ այն համապատասխանում է իրականությանը :
NAM: Այնուամենայնիվ:
Շ. Ազնավուր : Նրանք չեն ցանկանում ընդունել այն փաստը, որ որոշել են վերացնել մի ողջ ժողովուրդ : Ուրեմն պետք չէ մոռանալ այն ինչ տեղի է ունեցել. Բայց հարկավոր է այսուհետ գնալ դեպի հուսալին, դեպի հույսը: Սահմանակից թուրքերը հայերին դեմ չեն : Դիարբեկիրի քաղաքապետը բացահայտորեն հայտարարեց, որ պետք է ճանաչել ցեղասպանությունը : Կան կարևոր մարդիկ, որոնք բավականին հետաքրքիր բաներ են ասում, բայց կան նաև այնպիսինները, որոնք հակառակն են ասում : Կարևորն այն է, որ թուրք ժողովուրդը քայլեր է անում, ինչպիսին արեց Հրանտ Դինքի թաղման ժամանակ:
NAM: Իսկ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի՞նչ եք մտածում : Այդ կողմից Հայաստանին ավելի շատ վտանգ է սպառնում, քան Թուրքիայի կողմից : Ի՞նչ եք դուք առաջարկում :
Շ. Ազնավուր : Դա ընդհանուր փաթեթի մի մասն է : Դա նորմալ է : Ուղղակի պետք է ազնիվ լինել. Արդյո՞ք Ղարաբաղը պատկանում էր ադրբեջանցիներին մինչև Ստալինի նվիրաբերությունը : Մյուս կողմից արդյո՞ք Ղարաբաղը Հայաստան է : Ոչ, դա ինքնավար երկիր է : Ճի՞շտ է թե ոչ :
NAM: Այսինքն, այստեղ նույնպե՞ս պետք է նահանջել:
Շ. Ազնավուր :Ոչ, բայց պետք է ընդունել, որ Ղարաբաղը առանձին երկիր է, ինչպիսին Ադրբեջանը և Հայաստանը : Միգուցե ես ուտոպի՞ստ եմ :
NAM: Դուք համաձայնեցնու՞մ եք հայկական իշխանությունների հետ, երբ նման դիրքորոշումներ են արտահայտում :
Շ. Ազնավուր :Երբ ես զրուցում եմ հայկական իշխանությունների հետ, նրանք ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ : Բայց նրանք ոչինչ չեն անում : Նույն բանն է նաև Ֆրանսիայում : Իշխանությունների հետ անիմաստ է խոսել : Ինչպիսին էլ նրանք լինեն :Ես չեմ կարծում, որ Ֆրանսիան ինչ որ բան կանի մեզ համար : Ամեն ինչ անօգուտ է, քանի որ Թուրքիան շատ կարևոր երկիր է Ֆրանսիաի համար : Հնարավոր չէ անտեսել Թուրքիային : Ֆրանսիայում մարդիկ իրենց շատ ուժեղ են կարծում, բայց երբ գալիս է ընդունելու ժամը, ամեն ինչ փոխվում է : Ֆրանսիան Հայաստանի համար ոչինչ չի անի : Արդեն 90 տարի է, որ սպասում ենք որևէ քայլի : Գրքեր են գրվել, տարբեր բնագավառի մարդիկ են ելույթ ունեցել հայկական հարցի օգտին, սակայն դրանից ոչինչ չի փոխվել : Իսկ դուք սպասում եք, որ այսօր հրաշքներ կկատարվե՞ն, երբ կան բացառիկ խոչընդոտներ, որոնք խանգարում են հայկական հարցին : Կարելի է ուտոպիստ լինել, բայց շատ երազել հարկավոր չէ: Ես չեմ երազում : Իմ կյանքն ապացուցում է, որ ես չեմ երազել երբևէ : Ես աշխատել եմ : Ես քաղաքական գործիչ չեմ : Ես այդչափ խելամտություն և զարգացվածություն չունեմ, որպեսզի հաստատեմ այն ամենն ինչի մասին խոսում եմ : Բայց ես սրտանց եմ խոսում, որովհետև ես այդպես եմ մտածում:
NAM: Դուք միշտ հետաքրքրվու՞մ եք քաղաքականությամբ :
Շ. Ազնավուր : Ես հետաքրքրվում եմ քաղաքական գործիչներով, լինեն տղամարդ ե կին և սպասում, թե ինչ են նրանք անելու : Խոստումներ…խոստումներ….Երեկ իմ համերգին ներկա էր իմ ընկեր Բեզանսենոն : Ես նրան հարգում եմ , սիրում եմ: Նա անկեղծ է : Նա աշխատում է զօր ու գիշեր իր ելույթների վրա: Մյուսների մասին ոչինչ չգիտեմ : Նրանց համար այդ ելույթները գրվում են :
NAM : դուք գո՞հ եք ձեր համերգային նոր շրջանից :
Շ. Ազնավուր : Ես շատ գոհ եմ : Ես շատ մարդկանց ցույց տվեցի իրենց տեղը : Նրանք, ովքեր վատ բաներ էին գրում իմ մասին, հիմա դեռ փոքր վերապահումներով են ինձ վերաբերվում, թեև գնալով ավելի քիչ վերապահումով : Միևնույնն է, նրանք ինձ երբեք չեն ների իմ հաջողությունների համար: Կներեն միայն երբ մահանամ : Բայց ես դեռ չեմ պատրաստվում մահանալ : Լսեք ինձ, Արա : Ես ցանկանում եմ, որ Հայաստանում որևէ բան արվի իմ ժողովրդի համար, այն ժողովրդի համար, որը կամավ-կամաց մահանում է : Որքա՞ն են նրանք մնացել : Ինձ ասում են 2,3 միլիոն : Իշխանությունները նշում են 3,6 միլիոն, բայց սուտ է: Շատ ժամանակ չի անցնի, երբ այդ թիվը կհասնի 1,8 միլիոն, հետո էլ կհասնենք 1 միլիոնի, այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում : Ու՞մ վրա ենք հույսներս դնելու մեր երկրի բնակեցման հարցում. չինացիների՞: Ես ցանկանում եմ, որ ամեն մի հայ ինքն իրեն տա այդ հարցը. ինչ եմ ես անում իմ պապերի հողի համար, ի՞նչ եմ ես անում սա մերժելով, կամ մյուսն ընդունելով : Եվ նա կհասկանա, որ ոչինչ չի անում : Ինչպես տեսնում եք ես շատ հարցեր բարձրաձայնող մարդ եմ :
NAM: Իրականում այն ինչ դուք ցանկանում եք, դա հայ ժողովրդին ուշքի բերե՞լն է :
Շ. Ազնավուր : Հարկավոր է նրան ուշքի բերել, թուրքերին նույնպես : Ամեն ինչ մեր երկու ազգերի մեջ է որոշվելու, եթե մենք բարի կամքի տեր մարդիկ ենք :
NAM: Բայց դուք կարծես «բռնաբարում» եք հայերին : Դուք դա գիտակցու՞մ եք:
Շ. Ազնավուր :Ես իմ ողջ կյանքի ընթացքում «բռնաբարել» եմ իմ հանդիսատեսին: Ինչու՞ պետք է նույն կերպ չվարվեմ իմ հարազատ ժողովրդի հետ : Մի օր իմ քույրն ինձ ասաց. Դու կարծում ես, որ որևէ մի թուրք կարող է քեզ սպանե՞լ : Իսկ ես կարծում եմ, որ հայը նույնպես դա կարող է անել, նույն պատճառներով : Ես ռիսկի եմ դիմում: Դա իմ ոճն է : Եվ եթե սկսում եմ բարձրաձայնել, ուրեմն կբարձրաձայնեմ մինչև վերջ: Միգուցե ես սխալվու՞մ եմ : Ուրեմն թող ինձ լուծում առաջարկեն, այլ ոչ թե չգիտեմ թե ինչ : Ոչ մի բողոք, և ոչ մի տաբու : Մի օր ես խոսեցի մուսուլմանացված հայերի խնդրի մասին ՀՀ նախագահի հետ և նրան ասացի, որ պետք է մի բան անել : Այդ մարդիկ դժբախտ են, քանի որ ընդունված չեն ոչ մի կողմից (ոչ թուրքերի, ոչ հայերի). Պետք է նրանց օգնել : Մենք իսլամին դեմ չենք, մենք վեց հիասքանչ մսկիթ ունենք Հայաստանում, որոնք պահպանվել են ի հեճուկս Ստալինի` դրանք քանդելու հրամանին : Իրանն ամեն ինչ անում է դրանք վերանորոգելու համար : Մենք ազգ են, իսկ ազգը բնականաբար բաղկացած է տարբեր մարդկանցից. լավ կամ վատ, տարբեր կրոններից. քրիստոնյա, հրեա, մուսուլման, դա նորմալ է : Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց:
NAM: Դուք ճանաչում եք ՀՀ երեք նախագահներին : Դուք կարո՞ղ եք մեզ հետ խոսել նրանց մասին :
Շ. Ազնավուր : Ոչ դա իմ գործը չէ : Նրանք բարի կամքի տեր մարդիկ են, բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը …Ամեն դեպքում երբեք ոչ մի նախագահ ինձ չի ասել « ոչ » : Ավելի լավ կլիներ երևի, որ ասեին : Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ : Ես կուզենայի իմանալ : Ինչ է նշանակում լինել սփյուռքահայ: Լավ ուտել՞, լավ խմել՞, սեփական խանութն ունենալ՞ և ցեղասպանության մասին խոսել՞ : Դա է նշանակում լինել հա՞յ : Դա շատ քիչ է :
Զրույցը վարեց Արա Տորանյանը
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նոյեմբերի 1-5-ը Երևանում կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը, այս տարի ծրագրում ընդգրկվել է աշխարհի 34 երկրի 113 ֆիլմ: Փառատոնի շրջանակներում սպասվում են վարպետության դասեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մշակութային, կրթական և սոցիալական ծրագրեր: Գրիգորյանի խոսքով՝ առաջիկա փառատոնում կավելանա մրցութային անվանակարգերի թիվը:
Փառատոնի կազմակերպիչը Ռոլան Բիկովի անվան Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման հիմնադրամն է`Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կարևոր սպանություններից հետո, որպես կանոն, սկսվում է կանոնավոր ճառերի դարաշրջանը։ Երկար, պղտոր, սկզբում հրապարակներ, ապա՝ խորհրդարաններ, քաղաքներ ներառող բառերի մի վարար հոսք, որը պղտոր գետի նման քշում, խեղդում է ցանկացած հանդիպողի, վերածվում՝ սուր-սուր դաշույններով զինվորների, հեծելազորի, զրահաշարասյուների ու կարևոր ուրվականների կանոնավոր արձանները շրջելով՝ նոր կարևոր ուրվականների արձաններ է տեղադրում։
Կարևոր սպանություններից հետո, որպես կանոն, ճառերը երկու ճամբարի բաժանվելու սովորություն ունեն՝ կարևորին կողմ և կարևորին դեմ, ավելի ճիշտ՝ հակառակը, կարևորին կողմ, կարևորին դեմ։ Արդյունքում կարևոր ճառեր արտասանելով՝ երկու կարևոր ուժեր ոչնչացնում են իրար, ու Ուրվականի անունը բերանին՝ պատվանդան է բարձրանում ստվերում թաքնված Երրորդը...
«ԱՆՏՈՆԻՈՒՍ
Թե արցունք ունեք, արդ, պատրաստ եղեք այժմ թափելու:
Ահա ամենքիդ ծանոթ թիկնոցը: Այն օրն եմ հիշում,
Երբ որ Կեսարը առաջին անգամ թիկնոցն այս ծածկեց.
Դա ամառային մի երեկո էր, իր վրանի մեջ,
Ներվիցիներին56 հաղթելուց հետո։
Նայե՜ք, Կասսիուսի դաշույնն է ահա այստեղ մխրճվել,
Տեսեք` ինչպիսի՜ ճեղք է նախանձոտ Կասկան բաց արել։
Այս տեղն էլ ահա նրա սիրեցյալ Բրուտուսն է խոցել,
Եվ իր նզովյալ պողպատը ներսից մի կողմ քաշելիս
Դրա հետևից տեսեք` ինչպիսի՜ արյուն է ժայթքել.
Ասես նետվել է նա դռներից դուրս` համոզվելու, թե
Այդ Բրո՞ւտուսն էր, որ դաժանորեն դռները ծեծեց.
Քանզի Բրուտուսը, ինչպես դուք գիտեք,
Կեսարի միակ հրեշտակն էր սուրբ:
ՏԵՍԱՐԱՆ II
Օ՜, դո՛ւք, աստվածներ, ինքնե՛րդ դատեք,
Թե որքան խորն էր նա սիրում նրան:
Սա ամենանենգ հարվածն էր բոլոր հարվածների մեջ.
Քանզի, երբ ազնիվ Կեսարը տեսավ, որ նա հարվածեց,
Ապերախտությունը, որ դավաճանի սրից զորեղ է,
Տապալեց նրան, հաղթ սիրտը պայթեց,
Եվ իր թիկնոցը դեմքին քաշելով
Հենց Պոմպեուսի պատվանդանի վրա,
Որ ոռոգված էր նրա արյունով,
Մեծ Կեսարն ընկավ:
Օ, ի՜նչ անկում էր, հայրենակիցներ,
Իր հետ միատեղ բոլորս ընկանք` ես, դուք, ամենքս.
Այս արնոտ դավը յուրաքանչյուրիս գլխին է կանգնած:
Դուք արտասվո՞ւմ եք, ձեր գութը շարժվե՞ց:
Օ՜, գեղեցիկ են այդ արցունքները:
Օ՜, բարի սրտեր, դուք լոկ Կեսարի թիկնոցը տեսաք
Այսպես հոշոտված
Եվ արտասվեցիք. այստե՛ղ նայեցեք,
Ահա նա ինքը` դավաճանների ձեռքով ավերված:
Ա ՔԱՂԱՔԱՑԻ
Օ, ի՜նչ սրտաշարժ տեսարան է սա:
Բ ՔԱՂԱՔԱՑԻ
Օ, ազնի՜վ Կեսար:
Գ ՔԱՂԱՔԱՑԻ
Օ՜, վշտալից օր:
Դ ՔԱՂԱՔԱՑԻ
Օ՜, դավաճաններ և սրիկաներ:
Ա ՔԱՂԱՔԱՑԻ
Օ՜, դու ամենից արնոտ տեսարան:
Բ ՔԱՂԱՔԱՑԻ
Մենք վրեժխնդիր կլինենք:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Վրե՜ժ: Գնա՜նք, բռնե՜նք, այրե՜նք, վառե՜նք, սպանե՜նք,
մորթե՜նք, չթողնե՜նք ոչ մի դավաճան ապրի:
56. Ներկայիս Բելգիայի տարածքում ապրած վայրագ ցեղ, որին Հուլիուս Կեսարը պարտության մատնեց Ք. ա. 57-ին Գաղղիական պատերազմում: Պերճախոս հռետոր ՄարկուսԱնտոնիուսի «ճարտար հնարքը,- ինչպես նկատել է Այզեք Ազիմովը,- ստիպում է ամբոխին մտաբերել Կեսարի հաղթանակները ոչ թե հռոմեացիների, այլ բարբարոս գաղղիացիների հանդեպ (որոնց հռոմեացիներն ատելով ատում էին՝ չմոռանալով Հռոմի վաղեմի պաշարումը գաղղիացիների կողմից Ք. ա. 390-ին): Իհարկե, այս հատվածն ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ: Մարկուս Անտոնիուսը չէր կարող հիշել այն օրվա երեկոն, երբ Կեսարը հաղթեց ներվիցիներին, քանի որ Գաղղիա էր ժամանել այդ դեպքից երեք տարի անց: Բացի դրանից, հազիվ թե Կեսարը սեփական թագադրության օրը երեսնամյա վաղեմության թիկնոցը հագած լիներ: Դատելով այն ամենից, ինչ գիտենք Կեսարի մասին, նա պճնասեր էր և ջանադրաբար հոգ էր տանում իր արտաքինին»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Լիակատար Շեքսպիր» մատենաշարով լույս ընծայված Ու. Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» պիեսը՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆրանսահայ նշանավոր երգիչ Շառլ Ազնավուրն անակնկալ կմատուցի հայաստանաբնակ երկրպագուներին: Ինչպես տեղեկանում ենք Ազնավուրի ֆեսյբուքյան պաշտոնական էջից` Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգով ելույթ կունենա Հայաստանում: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Լեգենդար երգչի վերջին համերգը տեղի է ունեցել մարտի 15-ին`Թել Ավիվի «Նոկիա»
համերգասրահում:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
// <![CDATA[
(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/ru_RU/all.js#xfbml=1"; fjs.parentNode.insertBefore(js, fjs); }(document, 'script', 'facebook-jssdk'));
// ]]>
публикация Charles Aznavour.
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փոլ Մակարտնին Twitter միկրոբլոգի միջոցով բուսակերությանն աջակցող անիմացիոն տեսահոլովակ է հրապարակել:
Հոլովակը նկարահանվել է Heart of the Country (Երկրի սիրտը) երգի հիման վրա, որը Մակարտնին 1971թ-ին ձայնագրել է իր հանգուցյալ կնոջ՝ Լինդայի հետ միասին: Անիմացիայի գլխավոր հերոսը Լինդայի կերպարն է, որը լուսանկարում է երգող և նվագող կենդանիներին:
Լինդան իր ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն տարածել է բուսակերության գաղափարը՝ միշտ կրկնելով, որ «չի կարող ուտել այն,ինչ դեմք ունի»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ջասթին Թիմբեռլեյքը հաղթել Է MTV Video Music Awards 2013-ի երկու անվանակարգերում: Երաժշտի «Suit & Tie» տեսահոլովակը, որը նկարահանվել է Jay-Z ռեպերի հետ համատեղ, հաղթող է ճանաչվել «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Թիմբեռլեյքի մյուս տեսահլովակը՝ «Mirrors»-ը պարգև Է ստացել լավագույն մոնտաժի համար: Բացի դրանից, երաժշտին է հանձնվել Մայքլ Ջեքսոնի անվան «Video Vanguard» հատուկ պարգեւն արդի երաժշտական տեսահոլովակների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար:
Ամերիկացի քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆտն ստացել է MTV Video Music Awards 2013-ի մրցանակը «Կին կատարողի տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում «I Knew You Were Trouble» տեսահոլովակի համար: Ռոքի ժանրում լավագույն տեսահոլովակի համար պարգեւ է ստացել 30 Seconds to Mars խումբը: Լավագույն փոպ-տեսահոլովակ է ճանաչվել Սելինա Գոմեսի տեսահոլովակը, իսկ սոցիալական տեսակետից ամենահրատապ կոմպոզիցիա է ճանաչվել Macklemore & Ryan Lewis խմբի «Same Love» երգը՝ նվիրված սեռական փոքրամասնությունների իրավունքներին:
MTV Video Music Awards-ի ամենամյա արարողությունը, որն անցկացվում է 1984 թվականից, անց է կացել օգոստոսի 25-ին Նյու Յորքում: Մրցանակներ են շնորհվում է 11 անվանակարգերում, որոնց մեծ մասում հաղթողը որոշվում է MTV-ի հեռուստադիտողների քվերակությամբ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Շարժումը սկզբում բանաստեղծություն է: Մեկ գումարած մեկ՝ երկու կամ տասը չէ, թիվ ու ծանրություն չունի, միանգամից, հիմնականում՝ աննկատ է: Բայց ամենազարմանալին հարցն է, որը զերծ է ձևից ու ձևակերպումից. որտեղի՞ց է հասունանում: Տեսանելի է վերջում, շոշափելի է շատ ուշ, երբ վերհիշում կամ վերլուծում ես «արդյունքը» (ախր արդյունքն էլ նման չէ «արդյունք» բառին): Շարժումը սկզբում բանաստեղծություն է. շա՜տ կարճ է, այնքան կարճ, որ թվում է, թե չի եղել, ֆռռթացել-գնացել, ծխվել-մարել է: Բայց ինչ-որ ժամանակ «կախվել» է: Բռնվելի չէ, բայց կես մաշկով զգալի է եղել: Հետո՞... Շարժումը դադարում է սկզբում, այլ կերպ ասած՝ բանաստեղծություն լինել, ու բացվում է արձակ մեգապոլիսների ու արձակված տափաստանների՝ հաճախ աքսորված «հեռանկարը»...
ԿԱՌՈՒՑՈՒՄ
Դու կառուցում ես հիմա քոնը,
Ու դրանով էլ դու հպարտ ես,
Օրերը քո շուրջը նվագում են
Հաճախ ծանր, բայց դու անվհատ ես:
Ու չեն հոգնում քո պիրկ ձեռները,
Կառուցում ես նորը քար առ քար,
Այն որ չի, չի՛ կառուցել դեռ
Եվ ոչ մի հերոս կամ արքա...
1932թ.:
«Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված՝ Գուրգեն Մահարու «Երկերի լիակատար ժողովածուի» երկրորդ հատորը (Խառը բանաստեղծություններ, 1921-1948) հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապրիլի 9-ին Փարիզի համալսարանական «քաղաք»- ում (Cité Universitaire de Paris) անցկացվեց համաժողով՝ նվիրված հայոց ցեղասպանությանը: Համաժողովը վարում էր Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի ժամանակակից արվեստի մագիստրոս Ծովինար Բանուչյանը, ով այժմ շարունակում է ուսումը Փարիզում՝ արվեստի և գրականության ոլորտում: Արգենտինացի ուսանողների առաջարկով Հայկական տան ուսանողները պատրաստեցին եռակողմ ատենախոսություն և ներկայացրին մեկ ու կես ժամ տևողությամբ համաժողովի ժամանակ:
Սարգիս Սարգիսյանը լիբանանահայ է, մասնագիտությամբ պատմաբան, ով ուսանել է եվրոպական տարբեր երկներում և այժմ պատրաստում է իր թեկնածուական թեզը Փարիզի բարձրագույն գիտահետազոտական դպրոց-ինստիտուտում՝ պատմաբանասիրական բաժնում (Ecole Pratique des Hautes etudes): Վերջինս ներկայացրեց Հայոց ցեղասպանության հակիրճ պատմությունը և հատկապես անդրադարձ կատարեց Մեծ եղեռնի պատճառներին: Իր ատենախոսության երկրորդ հատվածում Սարգիս Սարգիսյանը վերլուծեց օտար պետությունների անտարբեր քաղաքականությունը՝ սկսած Սան Ստեֆանոյի վեհաժողովից մինչև Մեծ եղեռնը, մասնավորապես՝ լուսաբանեց սուլթանների պանիսլամական քաղաքականությունը և երիտթուրքերի ցեղակրոն պանթուրքական ծրագիրը:
Վանիկ Մարկոսյանը, ով արգենտինահայ է և բնակվում է Փարիզի ուսանողական հանրակացարանային «քաղաք» - ի Արգենտինայի տանը, պատմեց իր ընտանիքի պատմությունը. թե ինչպես են մազապուրծ ճողոպրել ցեղասպանությունից, անցել անապատի, գաղթի արհավիրքի միջով և, իջևանելով Ֆրանսիական նավահանգստային Մարսել քաղաքում, ինչպես են այնուհետեւ հասել Արգենտինա:
Վանիկի վկայությունը հուզեց ներկաներին, հատկապես՝ արգենտինացի աշակերտներին, ովքեր, ապրելով Վանիկի դրացիությամբ, պատկերացում անգամ չունեին նրա նախնիների պատմության մասին:
Երրորդ ատենախոսությունը ներկացրեց Դեբորա Բաբիչենկոն Արգենտինայից, մասնագիտությամբ հոգեվերլուծաբան, ով ապրում է նույն հանրակացարանային «քաղաք» - ի Հայկական տանը և հասցրել է բազմաթիվ հայ ընկերներ ձեռք բերել, ընտելանալ հայկական սովորույթներին, ուսումնասիրել հայկական մշակույթը և նույնիսկ լեզուն: Նրա խոսքով՝ հատկապես տպավորվել է «ցավդ տանեմ» արտահայտությունից, որն, իր կարծիքով՝ մարդկային կարեկցության, մարդկային արժեքների խտացում է, նույնիսկ՝ եթե իր հայ ընկերները չեն մտածել այդ մասին: Նա պատմեց իր փորձառության մասին, թե ճանաչելով իր հայ ընկերներին՝ ինչպես է մոտեցել նաև Ցեղասպանության պատմությանը, և իր խոսքի վերջում խնդրեց չլինել անտարբեր այլ մշակույթների, այլ ժողովուրդների պատմության ողբերգական էջերի նկատմամբ:
Պետք է նշել, որ համաժողովի ավարտին ներկաները կարողացան հարցեր ուղղել ատենախոսներին:Հանդիպեցին նաև ազգությամբ թուրքեր, ովքեր առիթը բաց չթողեցին ժխտողական ելույթ ունենալու, սակայն ազգությամբ թուրք մի ուսանող հակադարձեց և չխուսափեց արտասանել ցեղասպանություն տերմինը:
Հայկական տունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում Արգենտինայի տան տնօրենին՝ Մարսելո Բալսելսին և ուսանողներին՝ այս հանդիպման համար, որը հնարավորություն տվեց հատկապես երիտասարդությանը ևս մեկ քայլ անել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու համար:
Ծով Բանուչյան, Փարիզ
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նյու Յորքի «Ուղիղ օգնություն հայ ժողովրդին» կազմակերպության հիմնադիր, դոկտոր Սվետլանա Ամիրխանյանի նախաձեռնությամբ, հոկտեմբերի 13-ին Նյու Յորքի հանրահայտ «Կառնեգի հոլում» տեղի ունեցավ «Հայ տաղանդավոր երեխաների» եզրափակիչ համերգըՙ նվիրված Հայաստանի Հանրապետությանՙ ՄԱԿ-ին անդամակցելու 20-ամյակին: Այս առիթով շնորհավորական ողջույնի ուղերձներ էին հղել ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մեծի տանն Կիլիկիո ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը, Համազգային հայ կրթական եւ Թեքեյան մշակութային միությունները, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-օպերայի նախկին մեներգչուհի Լուսին Ամարան, ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին, այլ կազակերպություններ եւ անհատներ :
Հայ տաղանդավոր երեխաների եզրափակիչ համերգին մասնակցեցին շուրջ 30 պատանիներ ու աղջիկներ, որոնց կատարողական արվեստը ներկաների կողմից ընդունվեց ջերմությամբ: Համերգային ծրագրում հնչեցին Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի եւ այլ կոմպոզիտորների ստեծագործություններից:
Համերգի վերջում պատանի երաժիշտներին եւ Սվետլանա Ամիրխանյանին շնորհակալական եւ շնորհավորական խոսք ասաց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ժամանակները հաճախ պահածոներ են թվում՝ ժամկետի մեջ և ժամկետանց։ Պահածոյացված նորաձևություն, սպասք, նստել-վեր կենալու արարողություն, ընտանեկան, ստեղծման պահից, հին դիմանկարներ, պարտադիր տուրուդմփոց ու․․․անվերջ, անդադար տալ-առնելու պարտականություն, մի խոսքով՝ զգացմունքների ցուցադրություն։ Ու կյանքը հետզհետե վերածվում է ժամանակատախտակի վրա շարված տարբեր ժամանակներով տարաների։ Շարվել ՝վախեցնում, աչքով են անում, գրավում, վանում, ծանրանում, ուրախ լուսավորություն են արթնացնում։ Հա, ի դեպ, ժամանակները մի հիվանդություն էլ ունեն, անվերջ ստիպում են ետ նայել․ մեկ-մեկ հետաքրքրությամբ, մեկ-մեկ՝ ստիպողաբար գրքերի մեջ նայելու ու էկրանի մեջ մտնելու, անցյալը փորփրելու անհասկանալի ցանկություն են առաջացնում։ Ու մի օր հանկարծակի նկատում ես, որ քո ժամանակաշրջանը ևս պահածոյանում է։ Ո՞ւ․․․ Ի՞նչ է մնում անել․․․ Հեչ․․․ Երևի ընդամենը տարայի վրայի ժամկետի մեջ լինելու թիվը ստուգել․․․
«Հանդիպում էինք շատ հաճախ մեզ մոտ գտնվող սրճարանում։ Ավելի ու ավելի շատացած վիրավորները քարշ էին գալիս փողոցներում, հաճախ չկոճկված շալվարներով։ Հանգանակություն էին հավաքում, կազմակերպվում էին «Ցերեկույթներ» սրանց համար, նրանց համար, մանավանդ «Ցերեկույթներ» հենց իրենց՝ կազմակերպողների համար։ Խաբել, սեռական հարաբերություն ունենալ, մեռնել։ Ուրիշ բան անելն արգելվում էր։ Խաբում էին կատաղորեն, խելքից-մտքից դուրս, զավեշտից և անհեթեթությունից դուրս, թերթերում, ազդագրերում, ոտքով, ձիով, ավտոմեքենայով գնալու ժամանակ։
Բոլորը դրանով էին զբաղված։ Թե ով մեկը մյուսից ավելի շատ կխաբի։ Շուտով այլևս ճշմարտություն չմնաց քաղաքում։
Էն ամենաքիչ բանը, որ գտնում էինք 1914 թվին, հիմա ամաչում էինք դրանց համար։ Ինչին որ ձեռք էինք տալիս՝ խարդախված էր…, շաքարը, ինքնաթիռները, սանդալները, քաղցրեղենը, լուսանկարները, ինչ կարդում էինք, ինչ կուլ էինք տալիս, ծծում էինք, հիանում էինք, հռչակում էինք, հերքում էինք, պաշտպանում էինք՝ էս ամենը չար տեսիլքներ էին, կեղծիք, դիմակահանդես»։
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին» վեպը՝ ֆրանսերենից Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրահայտ Forbes ամսագիրը կազմել է կինոէկրանին սիրահարների մարմնավորած ամենաեկամտաբեր զույգերի վարկանշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել են «Մթնշաղը» կինոշարքի գլխավոր դերակատարներ Ռոբերտ Փաթինսոնը և Կրիստեն Ստյուարտը: Վերջին երեք տարիների ընթացքում ֆիլմի կինովարձույթից ստացված եկամուտը կազմել է 1,17 մլրդ ԱՄՆ դոլար:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են «Երդումը» ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորած Չենինգ Տատումը և Ռեյչել ՄակԱդամսը: Այս կինոնկարի եկամուտը կազմել է 200 հազար մլն դոլար:
Գրեթե նույնքան եկամուտով առաջատար եռյակը եզրափակել են «Ձևացիր իմ կինը» ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջենիֆեր Էնիսթոնն ու Ադամ Սենդլերը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նրա հասակը մեկ մետր ութսուն սանտիմետր էր։ Իսկ ահա այն արձանիկը, որ նրա անթերի մարմնի կրկնօրինակն է՝ ընդամենը 33,5 սանտիմետր հասակ ունի եւ կշռում է մոտավորապես 3,5-3,85 կգ։
Էմիլիո ֆերնանդեսը կինոռեժիսոր, դերասան ու սցենարիստ է։ Ծնվել է Մեքսիկայում (1904-1986)։ Հայրը զինվորական էր, իսկ 1910-ից հետո՝ հեղափոխական։ Մայրը հնդկացի էր, կիկապու ցեղախմբից։ Հենց դա է պատճառը, որ Էմիլիոն հայտնի է նաեւ «Էլ Ինդիո» մականվամբ։ Ապագա ռեժիսորը ուսումը կիսատ է թողնում, որ մասնակցի Ադոլֆո դե լա Ուերտայի գլխավորած հեղափոխությանը։ Երկրի նախագահ Օբրեգոնը Ուերտային «աքսորում է» Լոս Անջելես (նախանձելի աքսոր է), իսկ Ֆերնանդեսի նկատմամբ ավելի դաժան է վարվում՝ 20-ամյա ազատազրկում։ Ֆերնանդեսն, անշուշտ, գերադասում է «աքսորը» եւ իր հեղափոխական առաջնորդի հետքերով փախչում է ԱՄՆ։ Ինչպես է հաջողում փախչել, միայն իրեն է հայտնի, համենայն դեպս՝ ինքս ոչ մի տեղեկություն չգտա դրա մասին։
Նոր նախագահ Կարդենասը բոլոր ապստամբներին ներում է շնորհում, եւ Ֆերնանդեսը վերադառնում է Մեքսիկա։ Հոլիվուդի համը տեսած՝ սկսում է աշխատել մեքսիկական կինոարտադրության մեջ՝ որպես սցենարիստ եւ դերասան։ Առաջինը կինոդերը խաղում է 1934-ին։ Metro Goldwyn Mayer-ի գեղարվեստական ղեկավար Սեդրիք Գիբոնսի մտահղացմամբ՝ խաչակրի սրով զինված ասպետը պետք է դառնար այն կինոմրցանակը, որի մասին երազում են կինոաշխարհի բոլոր մեծերն ու փոքրերը։ Քանդակագործը Ջորջ Սթենլին էր, որը հենց մեքսիկացի Էմիլիո Ֆերնանդեսին է տեսնում այդ ասպետի դերում։ Էմիլիոն սկզբում չեմուչում է անում, բայց ի վերջո՝ գայթակղությանը չի դիմանում եւ համաձայնում է մերկ բնորդի կեցվածք ընդունել։
1929 թվականից ձեռքեձեռք անցնող այս արձանիկն անվանակոչվում է տասը տարի անց, եւ թե ինչու «Օսկար», ոչ թե, օրինակ՝ Էմիլիո (ինչ պակաս հնչեղ անուն է, «պատմական անարդարության» մասին էլ՝ չասենք), մտածում-մտածում ու բան չես հասկանում։ Զանազան վարկածներ կան, եւ ի դեպ՝ մեկը մյուսից անլուրջ, թե ինչու՝ Օսկար։ Ըստ մի վարկածի՝ Ամերիկյան կինոակադեմիայի գրադարանավար տիկին Մարգարեթը, տեսնելով արձանիկը, զարմացած ասել է, որ դա իսկեւիսկ իր քեռի (կամ՝ զարմիկ) Օսկարն է։ Մեկ այլ վարկածով էլ՝ մրցանակն այդպես է անվանակոչել Բեթ Դեւիսը (1999-ին Ամերիկյան կինոինստիտուտը նրան հոլիվուդյան մեծագույն դերասանուհիների ցուցակում երկրորդ տեղն է հատկացրել), որովհետեւ, պատկերացնու՞մ եք՝ այդ ոսկեզօծ «ասպետը» շատ նման էր իր սիրասուն ամուսնյակ Օսկար Նելսոնին (էլ ոնց կլինե՞ր)։
Ի դեպ, Էմիլիո Ֆերնանդեսի մասին ժլատ տեղեկություններ կային սոցցանցերում, բայց դրանք շատ էլ խոսուն են. նա, այսպես ասած, դենն ընկած ռեժիսոր չէր, ե՛ւ 1946-ին Կաննի կինոփառատոնում Գլխավոր մրցանակի է արժանացել «Մարիա Կանդելարիա» ֆիլմի համար, ե՛ւ 1947-ին Վենետիկի կինոփառատոնում «Մարգարտահատիկ» ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար է պարգեւատրվել, եւս մեկ մրցանակ էլ 1962-ին վաստակել է Սան Սեբաստիանի միջազգային փառատոնում «Pueblito» ֆիլմի համար։
Իսկ ահա իր կատարյալ մարմնաձեւերով ստեղծված արձանիկից բաժին չի հասել Էմիլիո Ֆերնանդեսին։
Խնդրեմ, եւս մեկ «պատմական անարդարություն»։
Լիզա Ճաղարյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին ընդունել է որոշում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին»՝ հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցահանդես կազմակերպելու նպատակով թույլատրվել է Երևան տեղափոխել պատմության և մշակույթի՝ թվով 63 անշարժ հուշարձան: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016 թ. սեպտեմբերին, դրանք, կառավարության որոշման համաձայն, կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: Սակայն այս որոշումը լայն հասարարական զանգվածների դժգոհությունն է առաջացրել. մասնավորապես՝ մտահոգություն կա, որ հուշարձանները չեն վերադարձվի իրենց նախկին վայրերը, որոշումը խոչընդոտում է մարզերի համաչափ զարգացման հեռանկարները, և այլն:
«Կառավարության որոշումով հստակորեն գրված է՝ 4 տարի հետո բոլոր նմուշները կվերադարձվեն: Ենթադրենք, որ վաղը պատմագրական մի ցուցահանդես ենք անում, որի համար մեզ պետք է հատուկ ցուցադրել հնագույն մշակույթի մասիկ հանդիսացող նմուշներ, պետք է ասեք՝ մեր մարզերից դրանք մի տարե՞ք»,- լրագրողների հետ զրույցում վրդովվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Վերջինս համաձայն չէ այն մտքին, որ նման նախաձեռնությամբ ամեն ինչ կետրոնացվում է մայրաքաղաքում՝ դարձնելով այն քաղաք-պետություն: Նրա խոսքով՝ հուշարձանները, կամ ինչպես ինքն է նշում՝ հուշարձանային բեկորները, վերադարձվելու են նույն վայրեր՝ մշակված վիճակում:
iLur.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես խաչքարը տեղափոխելու ընթացքում կոտրվել է՝ նախարարը պատասխանեց, որ նման բան չի կարող լինել, քանի որ նմուշները հատիկ-հատիկ փաթեթավորվում են և անվտանգ տեղափոխվում:
iLur.am-ի թղթակիցը հետաքրքվեց նախարարից, թե արդյոք որքան է արժեցել այդ ցուցահանդեսի կազմակերպումը, և ինչ միջոցներ են հատկացվել հուշարձանների տեղափոխման համար:
«Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսը կազմակերպում է իր միջոցների հաշվին, մենք ոչ մի լրացուցիչ գումար չենք տվել, իսկ տեղափոխման հետ կապված բոլոր խնդիրները լուծել է «Մշակութային ժառանգության պահպանություն» ՊՈԱԿ-ը, այսինքն՝ երկու պետական կառույցներ ստանձնել են այդ գործառույթը», -ասաց նախարարը:
Պատասխանելով այն դժգոհություններին, թե տեղի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվում և չեն իրականանում հանրային լսումներ՝ նախարարը նշեց, թե դրանք պետական սեփականություն հանդիսացող հուշարձաններ են, դա հասարակական քննարկման հարց չէ:
«Եթե այդպես է, ուրեմն եկեք ոչինչ չանենք, չներկայացնենք ոչ մի նոր ցուցադրություն: Շատ դյուրին է ասել՝ ավելի լավ է սենց լիներ կամ ավելի լավ է նենց լիներ, միայն կասեմ, որ գործընթացը իրականացվել է օրենքի սահմաններում»,- նկատեց նախարարը:
iLur.am-ի այն հարցին, թե արդյոք նպատակահարմար չէր ոչ թե տեղափոխել հուշարձանները, այլ պարզապես ներկայացնել հուշարձանների լուսանկարների ցուցահանդես՝ նախարարը պատասխանեց առարկությամբ.
«Թանգարաններում ցուցադրվում են օրիգինալներ, դա օրենք է, դու չես կարող թեկուզ Վան Գոգի նկարի պատճենը բերել ու ցուցադրել թանգարանում: Սա է խնդիրը, ձեզ՝ որպես հայի, մի՞թե հետաքրքիր չէ մեր մշակույթը տեսնել համահավաք՝ մի տեղ: Օտարերկրացիները ասել են՝ հավաքեք մի տեղ և հավաքական տեսեք ձեր քարի արվեստը, մենք ժամանակին չենք արել:
Չեմ կարողանում հասկանալ խնդիրը ինչումն է, եթե իմանամ, անպայման խնդիրը կլուծեմ: Ես խնդիր չեմ տեսնում, չկա որևէ վտանգ: Եթե պետությունը որոշումով ասում է, որ կվերադարձնի հուշարձանները իրենց տեղերը, ապա կանի:
Ի՞նչ է, նշանակում է, որ կառավարությունն իր ստանձնած պարտավորությունը չի՞ կատարի: Պետք չէ այդքան արժեզրկել ամեն ինչը»,- ամփոփեց մշակույթի նախարարը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
․․․Սկսվում է այն պահից, երբ, երբ․․․
Գիտակցական կյանք։ Ամեն անգամ լսում ու փորձում եմ հասկանալ, թե երբվանից, որ կիսավայրկյանից, որ բջիջով է սկսվում, երևի թե` մարդու սկիզբն ազդարարող պահը՝ Գիտակցական կյանքը։ Ինչն է գիտակցել տալիս գոյության իմաստը կամ, առավել ևս՝ անիմաստությունը։ Ինչ թելերով ես կապվում «ամեն գնով ապրելու» գաղափարին։ Ի՞նչն է ստիպում ապրել համոզիչ՝ հանուն ինչ-որ կարևոր բանի, հանուն կարևորին հավատալու ու էդ կարևորին հասնելու չդադարող ցանկության։ Ու հորինել․․․ Առասպելներ, առասպելներ․․․ Էն ինչը եղել է քեզնից առաջ առասպել, ինչ-որ կավճային իրականություն, որտեղ ապրող մարդիկ ամպերով էին սնվում։ Բայց շեղվեցին․․․
Վերջ ի վերջո, ո՞ր պահից է սկսվում․․․ Հա, հա՝ գիտակցական կյանքը․․․ Սկսում ես հանրագիտարանները թերթել, հազար ուղղությամբ ճանապարհորդել, գնալ անցյալ ու ետ գալ, ամուսնանալ-բաժանվել, մտովի ամուսնանալ, անվերջ ասել «երբեք» ու հարաբերությունների մեջ ու շուրջը պտտվել, պտտվել, խճճվել․․․ Իսկ պատասխանը՝թեև թաքնված, բայց ամենուրեք նույնն է․․․ Նշան․․․ Չէ, սա էն ճակատագրական, հավերժ կրոնակա-կուսակցական նշանը չէ․․․ Բայց այնուամենայնիվ՝ նշան․․․ Երևի թե․․․
․․․Սկսվում է հենց էն պահից, երբ չգիտեմ ինչ բնազդով հասկանում ես, որ միշտ Նշանի տակ ես, թեև մինչև վերջ էլ չես գիտակցում՝ Թիրա՞խն ես, թե՞ Նշանառուն․․․
«Գիտեմ նաև, թե ինչ կաներ, եթե Այովայում լինեինք. եթե կավիճ ունենար, ուրախությունից կուտեր, եթե չունենար, կհարթեցներ բեղերը ճնճղուկի նման բարակ ու սև մատներով, իսկ հետո հանգիստ կասեր. «Գրականությունն էլ ունի իր տառապող հոգիները, ամիգո»։ Նրա համար ամեն բան գրականություն է, իմ խորունկ գետակ, ամեն բան, ասացի, քանի որ ապրում է նշան պատմելու համար, ապրում է իրականությունը բացահայտելու համար, որպեսզի դարձնի այն համոզիչ։ Նա ինձ հաստատ կհավատար, Դորունտինա, քանի որ հենց ինքն էր ինձ ասում, որ Կուկուտայի՝ Հարավային Կուկուտայի բնակիչները սավառնել են գորգերի վրա նստած, և ես նրան հավատացի. պատմում էր մի տատիկի մասին, ով տարել էր իր տասներկուամյա թոռնուհուն գյուղով մեկ՝ փողով վաճառելու, որպեսզի վճարեր թոռնուհու կողմից տանը միամիտ հրդեհից հասցրած վնասի գինը, ասում էր, որ տասնհինգ տարի շարունակ թոռնուհուն վաճառում էր օրական երեսուն տղամարդու, իսկ հրդեհից առաջացած վնասը դեռ հատուցված չէր, քանի մենք Այովայում էինք, նաև ասում էր, որ մի օր իրեն տարել են առաջին անգամ սառույց տեսնելու, և նրա սիրտը դողացել էր վախից և ուրախությունից՝ այդ առեղծվածին կպչելիս, և ես նրան հավատացի, Դորունտինա, ասում էր Մակեդոնիայի իմաստուն ալքիմիկոսների ութերորդ հրաշալիքի մասին, Դորունտինա, ասում եմ, Մակեդոնիայի, ասացի, և ես նրան հավատացի։ Այդ իսկ պատճառով գիտեմ, որ նա էլ կհավատար թիթեռի ու քո մասին պատմվածքին, Դորունտինա, հաստատ կհավատար, բայց այստեղ չէ և արդեն վաղուց նույնիսկ իր Կուկուտայում՝ Հարավային Կուկուտայում չէ»։
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը՝ մակեդոներենից Արմինե Փիլոյան-Վրտեսկայի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։
«120 րոպե՝ Ժվանեցկու հետ» խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում։
Մ. Ժվանեցկին Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։ Նրա երգիծանքի թիրախ են մարդկային թերությունները և հասարակության արատները։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության և Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 5-ից մայիսի 3-ը ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում կանցկացվի «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 7-րդ մրցույթը, որը նվիրվում է Կոմիտասի 145-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը,
մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 77 հայտ: Մրցույթի առաջին փուլը կանցկացվի 2014 թ. ապրիլի 5-15-ը, երկրորդ փուլը՝ 2014 թ. ապրիլի 26-ին և 27-ին: Գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թ. մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ռեփ երաժշտության լեգենդներից մեկն այդքան էլ հաճախ հարցազրույցներ չի տալիս: Dr. Dre-ի երկու ալբոմները՝ The Chronic-ն ու 2001-ը, համարվում են դասական, իսկ երրորդի՝ Detox-ի ծննդին ռեփի սիրահարները սպասում են արդեն 14 տարի:
Hip-Hop-ի պատմության լավագույն բիթմեյքերներից մեկը Esquire ամսագրի, RZA-ի, Large Professor-ի և DJ Premier-ին պատմում է, թե որոնք են իր կյանքի օրենքները:
«Երբ ես ծնվեցի, մայրս ընդամենը 15 տարեկան էր: Նրա շրջապատից գրեթե բոլորը պնդում էին, որ նա, ինձ ծննդաբերելով, կործանում է և՛ իր, և՛ իմ կյանքը, և փորձում էին համոզել, որ նա աբորտ անի: Բայց մայրս այդպես էլ չհամաձայնեց: Հենց այդ պատճառով էլ փոքր տարիքից գլխումս կա ամեն կերպ հաջողոթյան հասնելու «բարդույթ»:
Հայրս էլ 6 եղբայր ուներ, ովքեր փողոցային կյանքի արտապատկերն էին: Նրանք ներգրավված էին բանդիտիզմի մեջ և զբաղվում էին թմրանյութերի վաճառքով: Հորս ընտանիքը լավ օրինակ էր՝ հասկանալու, թե ինչին կարող է հասցնել այդ ուղին: Ես ընդամենը 11 տարեկան էի, երբ տեսա, թե ինչպես են մարդիկ թմրանյութեր օգտագործում: Այն ժամանակ մոդայիկ էին PCP-ները, որոնց ազդեցության տակ մարդիկ սկսում էին հանել իրենց հագուստը և վազել փողոց: Այդ ամենին ես հետևում էի բավականին փոքր տարիքից և շատ շուտ հասկացա, որ այդպիսի ապրելակերպում «երջանիկ ավարտ» չկա:
Դպրոց հաճախեցի մորս շնորհիվ: Իսկ հայրս ծանոթացրեց փողոցային կյանքի բարդություններին: Եվ իրականում բարդ է ասել, թե որտեղից ես ավելի շատ բան սովորեցի:
Որքան ինձ հիշում եմ՝ ես միշտ երգեր էի լսում: Հենց դրա համար եմ ես լույս աշխարհ եկել: Չեմ վիճում, երաժշտության մեջ շատ բան կարելի է և սովորել, բայց լավ երաժիշտ լինելու համար այն պետք է քո մեջ լինի:
«Իմ ձայնագրման պրոցեսը մի անգամ տևեց մոտ 79 ժամ: Երբ կարողանում ես որսալ և կառավարել ոգեշնչման ալիքը, այն թմրանյութի ազդեցություն է ունենում: Նույնիսկ չես մտածում քնելու անհրաժեշտության մասին՝ վախենալով, որ հնարավոր է՝ բաց թողնես որևէ տպավորիչ գաղափար»:
«Ես ոչ մի ավարտված երգ տանը չեմ լսում: Դա օրենք է, ես արգելում եմ տանը դա անել կնոջս և երեխաներիս: Ձայնագրությունների վրա աշխատանքի ավարտից հետո նրանք ինձ համար դառնում են ոչ ավելի, քան պարզապես բիզնես՝ թվեր»:
«Զվարճալի է լսել պատմություններ այն մասին, թե ես ինչից եմ ոգևորվում և առաջնորդվում երգերի վրա աշխատելիս: Իրականում նրանք պատկերացում չունեն՝ ինչի մասին են խոսում»:
«Երբ մարդիկ ցանկանում են գումարներ ներդնել իմ ստեղծագործությունների վրա, ես տարօրինակ զգացողություններ եմ ունենում: Եվ երբ ես նրանց ասում եմ, որ ինձ գումար պետք չէ, նրանք չեն հավատում իրենց լսածին»:
«Երեխաները շատ բան են կլանում իմ խոսքերից: Հնարավոր է՝ նրանք միանգամից չեն ընդունում խորհուրդներս, բայց վերջում հաճելի է լսել «Դու ճիշտ էիր» նախադասությունը: Նրանք շատ յուրօրինակ մոտիվացման առարկա են: Նրանք հետևում և կրկնօրինակում են քեզ: Նրանք քո շարունակությունն են, և հենց նրանց համար դու պետք է հաղթես»:
«Փոխըմբռնում, հարգանք, լավ հարաբերություններ և շատ ծիծաղ: Ահա որոնք են երջանիկ ամուսնական կյանքի գրավականը»:
«Ես ուրախ եմ, որ երկրի նախագահը մեկն է, ով սիրում է բասկետբոլ»:
«Eminem-ի հետ իմ համագործակցության հարցում ռասայական խնդիրը վերջին տեղում է: Մեր գաղտնիքը երաժշտության մեջ է և նրա, թե ինչպես ենք իրար փոխըմբռնում ձայնգրման ստուդիայում: Մենք պարզապես կատարյալ թիմ ենք»:
«Ես խելագառվում եմ նոր տեխնոլոգիաների համար: Նրանց անդադար զարգացումը և ընձեռած հնարավորությունը ևս մեկ պատճառ են՝ ստուդիա վերադառնալու համար»:
«Հավատում եմ ռեինկարնացիային և նրան, որ նախկինում բազմաթիվ կյանքեր եմ ունեցել»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2013-ը մոտենում է ավարտին, և բազմաթիվ արտասահմանյան ամսագրեր սկսել են տարվա ամփոփումը: Forbes-ը նույնպես հետ չի մնում և հրապարակել է 2013-ի ընթացքում Հոլիվուդում ամենաշատ վաստակած աստղերի ցանկը: Ցանկը կազմելիս Forbes-ը հաշվի է առել դերասանների՝ ֆիլմերից ստացած կանխավճարները, վարձույթից ստացած շահույթը և նրանց գովազդային պայմանագրերը: Ամսագիրն այս ամենը կազմել է դերասանների գործակալների և հոլիվուդյան իրավաբանների հետ միասին:
10. Լիամ Նիսոն, եկամուտը՝ 32 մլն $
Շատերին «Շինդլերի ցուցակից» ծանոթ դերասանը չի ընգրկվում նույնիսկ 100 ամենաազդեցիկ աստղերի ցանկում, բայց դա նրան չի խանգարում եզրափակել 2013-ին ամենաշատ վաստակած դերասանների 10-յակը: 2012-ից սկսած՝ դերասանի մասնակցությամբ էկրան է բարձրացել 8 ֆիլմ, որոնցից ամենահնչեղը, իհարկե, «Մռայլ Ասպետը. Լեգենդի վերածնունդն» էր:
9. Դենզել Վաշինգտոն, եկամուտը՝ 33 մլն $
Դժվար է հավատալ, բայց դեկտեմբերին Վաշինգտոնը կդառնա 59 տարեկան, ինչն ամենևին չի խանգարում նրան շարունակել համարվել ամենապահանջված սևամորթ դերասաններից մեկը: 2012-ի ավարտին էկրաններ բարձրացած «Անձնակազմ» ֆիլմն ընդամենը 31 մլն $ բյուջեով ապահովեց 161 մլն $ եկամուտ, Վաշինգտոնը նոմինացվեց «Օսկարի», իսկ այս տարի նա նկարահանվեց «2 Զենքը» ֆիլմում:
8. Թոմ Կրուզ, եկամուտը՝ 35 մլն $
Անցյալ տարվա այս ցուցակը գլխավորող Թոմ Կրուզի եկամուտները կրճատվել են կրկնակի: Forbes-ը ընդգծում է, որ Կրուզը շարունակում է ավելի մեծ գումարներ աշխատել Հոլիվուդից դուրս, չնայած «Ունայնությունը» մեծ հաջողություն ունեցավ նաև ԱՄՆ-ում:
7. Ադամ Սենդլեր, եկամուտը՝ 37 մլն $
Հոլիվուդում արդեն մի քանի տարի է, երևի թե՝ «Քլիքից» հետո, նրա համար փնտրում են տարբեր ուղիներ, որով դերասանը կարող է հետ բերել իր նախկին փայլը: Իսկ այս 10-յակում Սենդլերի տեղը պայմանավորված է ոչ թե «Համադասարանցիներ 2»-ով, այլ «Հրեշներն արձակուրդներին» մուլտֆիլմում Դրակուլայի ձայնավորմամբ:
6. Լեոնարդո Դի Կապրիո, եկամուտը՝ 39 մլն $
«Ջանգո», «Մեծն Գեթսբի» և վերադարձ Սկորսեզեի մոտ՝ «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում: Եվ եթե հաշվի առնենք այն, որ միայն «Ջանգոն» վարձույթից բերեց մոտ կես միլիարդ $ եկամուտ, հասկանալի է դառնում, որ 10-յակում Դի Կապրիոյի տեղն ապահովված էր:
5. Դուեյն Ջոնսոն, եկամուտը՝ 46 մլն $
Ռեսլինգի նախկին աստղը մի քանի տարիների ընթացքում վերածվեց բարձրակարգ դերասանի, և չնայած այս կարծիքը քննարկելի է, բայց Ջոնսոնը Հոլիվուդում արդեն իսկ ավելի շատ է աշխատում, քան նույն Դի Կապրիոն, չնայած նրանց վարպետության տարբերությունը քչերը կհամարձակվեն քննարկել: «Ֆորսաժի» 6-րդ մասը հավաքեց մոտ 700 մլն $ եկամուտ, ինչից հետո Ջոնսոնը տեղափոխվեց հեռուստատեսություն, որտեղ աշխատում է «Հերոս» հեռուստաշոուում:
4. Մարկ Ուոլբերգ, եկամուտը՝ 52 մլն $
Ուոլբերգի՝ նման բարձր հորիզոնականում հայտնվելը մեծապես պայմանավորված է «Երրորդն ավելորդ է» կատակերգության հաջողությամբ: Այժմ դերասանը նկարահանվում է «Տրանսֆորմերների» հաջորդ ֆիլմում, ինչը նրան երևի թե կապահովի տեղ նաև Forbes-ի հաջորդ տարվա նույն ցանկում:
3. Հյու Ջեքման, եկամուտը՝ 55 մլն $
Վերջերս Ջեքմանը խոտովանեց, որ տառապում է մաշկի քաղցկեղից, բայց կարիերայի առումով 2013-ը Ջեքմանի համար բավականին հաջող տարի էր, որտեղ դերասանը Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» մյուզիքլի էկրանավորման համար նոմինացվեց «Օսկարի»:
2. Չենինգ Տատում, եկամուտը՝ 60 մլն $
Forbes-ի ցանկում նման անկանխատեսելի աճի հարցում դերասանը պարտական է «Սուպեր Մայք» ֆիլմին: Տղամարդու մերկապարերի մասին պատմող ֆիլմը, ունենալով ընդամենը 7 մլն $ բյուջե, ապահովեց 167 մլն $ եկամուտ:
1. Ռոբերտ Դաունի-կրտսեր, եկամուտը՝ 65 մլն $
Մի քանի տարի առաջ Ռոբերտ Դաունի-կրտսերը համարվում էր միջակ դերասան, ով լուրջ խնդիրներ ուներ ալկոհոլի հետ, իսկ այժմ նա իրար հետևից նկարվում է Հոլիվուդյան ամենահաջողված բլոքբաստերներում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փողի ամեատիպիկ հատկությունը արագ անհետանալն է: Քաղաքակրթության պատմությունը դրամի պահպանման պատմություն է կամ... հակառակը: Փողը պահպանելով՝ մարդը մշտապես փորձում է պահպանել իր միջավայրը, միջավայր, որը դրամի էվոլուցիայի հետ, ուղղակիորեն, տվյալ ժամանակաշրջանի «փողային» ձևերն է ընդունում: Իսկ կոնկրետ՝ փող-միջավայրը իրոք արագ անհետանալու հատկություն ունի: Նույնիսկ լինում են պահեր, երբ կայսրություններն ու միացյալ պետությունները, ինֆլիացիայի ենթարկվելով, քո անձնական լումայի կարիք են ունենում: Իսկ քո լուման ակնհայտ է, կա, թեև, արժույթի առումով, որևէ կերպ կիրառելի չէ...
«Այդ շրջանի ամենաառաջին արծաթե դրամներին առյուծի մորթիով ծածկված Հերակլեսի գլուխն էր: Ժամանակի հետ այդ պատկերն արագ սկսեց Ալեքսանդր Մակեդոնացու դիմագծերն ընդունել: Առաջին անգամ դրամների վրա ոչ թե աստված, այլ մահկանացու մարդ էր պատկերվում: Սա նախևառաջ քաղաքական փոփոխությունների հետևանք էր»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Ինչու և ինչպես» մատենաշարով լույս ընծայված Ֆրանցիսկա Յունգման-Շտադլերի «Փողը» գիրքը՝ Հրազդան Մադոյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մարդը զուգահեռ երկու կյանք է ապրում: Ավելի ճիշտ՝ մեկն ապրում է, մյուսն՝ անցկացնում: Սնանկացում, անբարենպաստ ժամանակ (ի դեպ, ամենադժվարը հենց սնանկացած ժամանակային հատվածում ապրելն է) , ի ծնե բեռ, ի ծնե լույս աշխարհ չգալու ցանկություն, մի խոսքով հոգս, հոգս, հոգս... Բա մյուս կյա՞նքը: Չէ, մյուսը՝ երազներով ու նմանատիպ ֆինտ ու ֆլյուշկաներով սնվող ու իբր ապրվող կյանքը չէ: Մյուսը, այսինքն՝ առաջինը, հենց բուն կյանքն է. յուրաքանչյուրիս ներքին տարածքը, որը մշտապես գրավվելու ու ապականվելու մեծ ռիսկեր ունի: Իսկ գրավողը հիմնականում հոգսն է, որը հաճախ աննկատ, տափուկ սարդի նման սողոսկելով՝ իր բնակտարածքն է հյուսում ու մեր ներսից իրական կյանքը դուրս վանելով՝ մեզ համոզում է, որ ինքն է իրականը: Արդյունքում՝ ապրող կյանքը կորում է, իր դիրքը զիջելով կյանքի տխուր, ծանր ու անտանելի անցկացմանը...
«Նա բռնեց իր խիտ ու արդեն ճերմակող թանձր մազերից և բարկության րոպեին առանց նկատելու ոտքով այնպես ուժգին դիպավ մանկան օրորոցին, որ այն ուժեղ տարուբերվեց:
– Ինչո՞ւ է այս որդը ծնվել,– մռմռաց նա մռայլորեն, ապա չոքեց օրորոցի մոտ, իր մեծ, կարմիր ձեռքերի մեջ առավ երեխայի փոքրիկ թաթիկներն ու ասաց։– Եթե դու գիտենայիր, տղաս, թե ինչքան ստոր ու կեղտոտ է այս աշխարհը, թե ինչպես անամոթությունն այնտեղ միշտ հաղթող է և արդարությունը շարունակ ոտնատակ է լինում, անշուշտ, կմնայիր քո առաջվա տեղում։ Ի՞նչ պիտի լինի քո օրը. հայրդ թափառաշրջիկի մեկն է, ամեն բան կորցրած մի կալվածատեր, որ թափառելու է իր կնոջ և երեխաների հետ փողոցներում, մինչև մի տեղ գտնի, ուր կարողանա իրեն և յուրայիններին բոլորովին կորստի մատնել...
– Մաքս, մի կոտրիր սիրտս այդպես խոսելով,– գոչեց տիկին Էլսբեթը լաց լինելով և ձեռքը մեկնեց, որ ամուսնու մեջքին դնի, բայց ձեռքն անզոր կերպով վայր ընկավ նախքան իր նպատակին հասնելը։»
«Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված Հերման Զուդերմանի «Հոգսը» վեպը՝ գերմաներենից Գևորգ Ալթունյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Վարպետի երկրպագուները հրաժեշտ տվեցին իրենց սիրելի նահապետին` սրտերում պահելով Սարգսյանի վառ հիշատակը:
«Կան անհատներ, որոնք կարծես թե քեզ հետ միասին են ծնվում, այսինքն`աչքերդ բացում ես և ճանաչում նրանց: Թվում է, թե նրանք քո ծնողն են, ուսուցիչը, դաստիարակը. ուղեկցում են քեզ ամբողջ կյանքիդ ընթացքում: Սոս Սարգսյանն այդ անհատներից էր. նա մշտապես եղել է մեր կյանքում`իր ֆիլմերով, իր իմաստուն խոսքերով, խրատներով, իր բացառիկ հայի կերպարով: Դժվարությունն այն է, որ նա մեր կողքին չէ: Այժմ խորհուրդ հարցնելիս պիտի մտածես՝ ո՞ւմ հարցնես, իմաստուն խոսք լսելիս պետք է որոնես մի անհատի: Նման մարդիկ մեր հասարակությունում պակասել են, և դա շատ ցավալի է»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
«Ես կարծես որբացած լինեմ. թատերական հորս եմ կորցրել: Մենք կորցրինք մեր վերջին մոհիկանին, մեր կինոյի և թատրոնի մեծ վարպետին: Վերջին տարիներին ես արտերկրում էի ապրում և կարծես դուրս էի մեր թատերական ընտանիքից: Հիշում եմ, որ 2000 թվականին Սոս Սարգսյանն իմ մասին խոսելիս ասաց՝ «Վարդանը մեր զավակն է», և ես ինձ որդեգրված զգացի: Նրա հետ ես վերագտա հայ թատրոնը: Նա միշտ գալիս էր իմ ներկայացումներին և խոսում էր մարդկանց հետ: Ցավոք, չկարողացավ ներկա գտնվել վերջին ներկայացմանը: Սոսի մահվանից հետո բոլորս ենք որբացել »,-նշել է դերասան Վարդան Պետրոսյանը:
«Սոս Սարգսյանի հետ ծանոթացել եմ 33 տարի առաջ, և տեսել եմ նրա հիասքանչ դերակատարումները: Ինձ համար նա հորից թանկ էր: Նա հորիցս ավելին է արել, փոխել է իմ կյանքը»,-նշել է Մոսկվայից Հայաստան ժամանած լրագրող Ալեքսանդր Մինկինը:
Հրաժեշտի արարողությունից հետո Սոս Սարգսյանին հուղարկավորեցին Կոմիտասի անվան այգու պանթեոնում:
Սեպտեմբերի 26-ին կյանքի 84-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր: 1997-2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը, 2008թ.` ՀՀ Հանրային խորհրդի անդամ: Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն:
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի» (1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ» (1977թ.)‚ «Ձորի Միրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին» (1985թ.): ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը: Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսոր Կիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված փորձեր:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 27-ին Գյումրիում՝ բանաստեղծին նվիրված հիշատակի երեկոյով, տուն-թանգարան այցելությամբ և կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, նախատեսվում է նաև 2 հոբելյանական հիշատակի երեկոյի անցկացում Գյումրիում և Երևանում, Հ. Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր ամերիկյան կինոյի և թատրոնի հանրահայտ դերասան, ռեժիսոր Ալ Պաչինոյի (Ալֆրեդո Ջեյմս Պաչինո) ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1940թ–ի ապրիլի 25-ին Նյու Յորքում: Ալ Պաչինոյի ծնողները բաժանվել են, երբ նա ընդամենը 2 տարեկան էր: Այդ ժամանակ նա մոր հետ տեղափոխվել է հարավային Բրոնքս և բնակվել մոր ծնողների հետ: Իր հուշերում Ալ Պաչինոն գրել է. «Չնայած նրան, որ մայրս շատ էր աշխատում, նա ժամանակ էր գտնում ինձ կինո տանել։ Իսկ հաջորդ օրը մնալով տանը մենակ՝ ես խաղում էի այդ ֆիլմը սկզբից մինչև վերջ՝ խաղալով ֆիլմի բոլոր հերոսներին»։
Ալ Պաչինոն կինոյում առաջին անգամ խաղացել է 1969թ–ին «Ես, Նատալի» ֆիլմում: 1971թ–ին նկարահանվել է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և հրավիրել նրան խաղալու հանրահայտ «Կնքահայրը» ֆիլմում, չնայած որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություններ։
Ալ Պաչինոն մարմնավորել է 50 դեր, 7 անգամ ներկայացվել է «Օսկարի» և ստացել մեկ մրցանակ («Կնոջ բույրը» ֆիլմում կույր գնդապետի դերի համար)։
Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխաների հայր է:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արաբ շեյխ Սուլթան III բին Մուհամեդ ալ-Քասիմին գումար է նվիրել Հաղարծինի քրիստոնեական վանքը նորոգելու համար, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով վանքի վանահայր Արիստակես Այվազյանին: Վերջինս չի նշել նվիրատվության ստույգ չափը, սակայն ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը մոտավորապես 1,7 միլիոն դոլարի մասին է: Վանքում և նրա շուրջ վերականգնողական աշխատանքներ տարվում են արդեն մի քանի տարուց ի վեր: Հաղարծին տանող նոր ճանապարհը բացվել է այս տարվա հոկտեմբերին: Ալ-Քասիմին Հաղարծին է այցելել 2005 թ.: Ականատեսների վկայությամբ՝ մտնելով վանքի գլխավոր ՝ Սուրբ Աստվածածնի եկեղեցին՝ շեյխը հայտարարել է, թե «այստեղ իսկապես լսելի է Աստծո խոսքը», ապա առաջարկել է գումար հատկացնել վանքի վերանորոգման նպատակով:
Սուլթան III Մուհամեդ ալ-Քասիմին 1972 թվականից Շարջա էմիրության ղեկավարն է, որտեղ 2011 թվականից գործում է ԱՄԷ-ում առաջին ուղղափառ տաճարը՝ Ֆիլիպ առաքյալի եկեղեցին, փոխանցում է lenta.ru-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեկ «Մոսկվայի տանը» «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի էջեր» ցուցահանդեսի բացումը:
Մեչիտովը լեգենդար վրացի լուսանկարիչ է, բազմաթիվ գրքերի եւ մի քանի տասնյակ անհատական ցուցահանդեսների հեղինակ: Բազմաթիվ հայտնի լուսանկարներ ունի Մեչիտովը, որոնք խորհրդանշում են Վրաստանն ու այդ երկրում ապրող հայտնի ու անհայտ մարդկանց, սակայն նրա աշխատանքների այցեքարտն են համարվում աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի լուսանկարները: Հենց Մեչիտովն է հանդիսանում Փարաջանովի հայտնի «թռչող» լուսանկարի հեղինակը, որի սյուժեով էլ 2004-ին քանդակագործ Վաժա Միկաբերիձեն կերտեց Փարաջանովի՝ ներկայում Թբիլիսիի կենտրոնում տեղադրված Փարաջանովի արձանը:
Մեչիտովը նաեւ մեծ վարպետին նվիրված «Սերգեյ Փարաջանով. Երկխոսության քրոնիկոն» գրքի հեղինակն է, որտեղ ներկայացված են վարպետի բազմաթիվ լուսանկարներ եւ նրա մասին փոքրիկ պատմություններ:
Եւ ահա Մեչիտովի՝ վերջին 40 տարիների ընթացքում արված լուսանկարները հասան նաեւ Հայաստան, եւ հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ մոտիկից տեսնել դրանք:
«Ես շատ եմ սիրում գալ Հայաստան, բայց այնպես էր ստացվել, որ ես 3 տարի այստեղ չէի եղել և երեք տարի տանջվում էի, թե ինչու չեմ կարողանում գալ այստեղ»,- ասաց Մեչիտովը՝ հավելելով, որ ինքը Փարաջանովի համար եղել է շատ մտերիմ մարդ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն՝ իր սաների և ուսուցիչների հետ, ինչպես նաեւ Վրաստանի դպրոցներից մեկի տնօրենը՝ 50 հոգանոց պատվիրակությամբ:
«Կովկասյան գործընկերության» նախագահ Հովհաննես Մանուկյանը, iLur.am-ի հետ զրույցում հիշելով իր առաջին հանդիպումը Մեչիտովի հետ (երբ ինքը Վրաստանում ՀՀ դեսպանն էր, վերջինս էլ՝ Վրաստանի մշակույթի փոխնախարարը), նշեց, որ այդ հանդիպումից այնպիսի տպավորություն էր ստացել, որ Մեչիտովը հայտնվել է մի տարածքի մեջ, որտեղից ուզում է փախչել, սակայն հնարավորություն չունի:
«Եվ այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ իրականում ազատ մարդը, նկարիչը չի կարող չինովնիկի հագուստի մեջ իրեն լավ զգալ»,- ասաց Մանուկյանը:
Հավելենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 17-ը:
Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյութում:
Լիլիթ Թադևոսյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Պաշտոնական շնորհանդեսից օրեր առաջ համացանցում է հայտնվել Ջեյսմ Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի համար Ադելի ձայնագրած երգից մի հատված,-հայտնում է BBC Radio 1-ը: Առայժմ հնարավոր չի եղել պարզել, թե ովքեր են կանգնած արտահոսքի ետևում:
Երգի հատվածը հրապարակված է SoundCloud երաժշտական կայքում:
Լուրերն այն մասին, թե Ադելը պատրաստվում է աշխատել 007 գործակալի մասին ֆիլմում, շրջանառվում էին դեռ 2011թվականից: Տեղեկությունները պաշտոնապես հաստատվեցին մեկ ամիս առաջ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի մրցանակին է արժանացել Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմեն» կինոնակարը, որն «Օսկար» է ստացել նաև լավագույն ռեժիսուրայի, լավագույն օպերատորական աշխատանքի և յուրօրինակ սցենարի համար:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը՝ «Էլի նույն Էլիսը» ֆիլմում դերակատարման համար: Ի դեպ, Մուրն «Օսկարի» է արժանացել վեցերորդ փորձից հետո:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդան»: «Օսկարի» հինգ հավակնորդների թվում էր նաև ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը», որն արդեն մի քանի միջազգային մրցանակների է արժանացել և արտասահմանյան ֆիլմերի շարքում համարվում էր ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը:
Որպես լավագույն փաստագրական ֆիլմ՝ «Օսկար» է ստացել Լորա Փոյթրասի «Քաղաքացի չորս» կինոնակարը ՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին:
Փոխանցում է BBC-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունենալիք համերգը նվիրված է ՀՀ ականավոր ռազմական, քաղաքական, պետական գործիչ Վազգեն Սարգսյանի 55-ամյակին։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա Խաչատրյանի անվան տրիոն։ Ծրագրում Խաչատրյանի կոնցերտներն են՝ Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Կարեն Քոչարյան), Ջութակի կոնցերտ (մենակատար՝ Կարեն Շահգալդյան) և Դաշնամուրի կոնցերտ (մենակատար՝ Արմինե Գրիգորյան)։
Ինչո՞ւ որոշվեց Վազգեն Սարգսյանին նվիրված համերգում կատարել Արամ Խաչատրյանի կոնցերտները, ո՞րն է երկու անհատականությունների միջև էմոցիոնալ կապը։ Հարցին Խաչատրյանի եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Արամ Խաչատրյանը այն կոմպոզիտորն է, ով հայկական երաժշտությունը բերեց միջազգային ասպարեզ։ Խաչատրյանով ճանաչում են հայկական մշակույթը, հայ ազգին։ Ամբողջ աշխարհում Խաչատրյանը ասոցացվում է Հայաստանի հետ։ Վազգեն Սարգսյանը նորաստեղծ հանրապետությունում կազմավորեց բանակ։ Պետականության կայացման գաղափարը կապված է նաև նրա անվան հետ։ Այս երկու մարդիկ էլ վառ անհատականություններ են, ում միջև կարելի է շատ զուգահեռներ տանել»։
Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն էլ ավելացրեց, որ ինչպես Խաչատրյանն է իր երաժշտությամբ զանգվածներ տանում իր հետևից, այնպես էլ՝ սպարապետը։ Իսկ ըստ Կարեն Շահգալդյանի՝ այս երկու նշանավոր անձինք էլ օժտված են մեծ էներգիայով և փոխլրացնում են միմյանց։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապրիլի 25-ից Երևանի բոլոր կինոթատրոններում կարող եք դիտել «Ռոմանտիկները» նոր երիտասարդական դրաման, որի գլխավոր դերերը մարմնավորել են Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը։
Ֆիլմի ռեժիսորներ Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանը որոշ փակագծեր են բացել ու ֆիլմից բացառիկ տեսարան տրամադրել։
Նրանք նշել են.
Ֆիլմի հիմնական ասելիքը.
«Ուզում եմ անկեղծ լինել ու բոլորին նախազգուշացնել, որ այս տեսակ հայկական ֆիլմ դեռ չի նկարահանվել։ Ֆիլմի էական թեմաներից մեկը Հայոց Ցեղասպանությունն է և դրա շուրջ ծավալվող բանավեճերը՝ երիտասարդների շուրթերով, սակայն մյուս կողմից, մենք զուգահեռներ ենք տանում մեր ու արտասահմանցի երիտասարդների, նրանց պատկերացումների ու երազանքների հետ։ Պատահական չէ, որ գերմանացի մի շարք կինոգետներ ու կինոծրագրավորողներ մեզ բացեիբաց նշում են, որ ֆիլմում շեշտված հակաթուրքական ու հակագերմանական դիրքորոշումը չեն կարող ողջունելի լինել գերմանացի հանդիսատեսի համար։ Ֆիլմն, ըստ էության՝ 6 ընկերների մասին է, ովքեր բանական մարդ լինելով՝ մի քանի ժամում վերածվում են գազանի, նրանց մեջ արթնանում է կենդանին։ Ֆիլմի նկարահանման ոճն այնպիսին է, ասես՝ հանդիսատեսն էլ է մասնակցում խնջույքին»։
Ինչու «Ռոմանտիկներ»
«Ռոմանտիկներ, որովհետև նրանց երազանքները ռոմանտիկ են, նրանք մեղսագործներ են, սակայն, ինչպես անմեղ երեխան՝ անգիտակցորեն են հանցանք գործում։ Իրականում սա «Տականքներ» բառի հականիշ է։ Ինչպես գրել է Գարեգին Նժդեհը. «Ազգերը տառապել են ու դեռ կտառապեն իրենց ազգի տականքների պատճառով»։ Այս արտահայտությանը որոշակի առաջաբան է եղել մեզ համար, սակայն մեր հերոսները տականքներից միայն մի բանով են տարբերվում. նրանք իրենց մեղքը չեն գիտակցում, ուստի դրա համար էլ ռոմանտիկ են։
Սուր տեսարաններ
Ֆիլմում որպես այդպիսին «բաց» կամ «էրոտիկ» տեսարան չկա։ Կա սարկազմ, որոշակի ծաղրանք նմանօրինակ տեսարանների հանդեպ։ Ֆիլմը նկարահանված է ռեալիստական ոճով ու այդ իմաստով շատ համարձակ կթվա։ Մենք մեր հերոսներին ազատություն ենք տվել, նրանց խոսքն ու գործողությունները մաքսիմալ անկաշկանդ են։ Թեև ֆիլմում կան հայհոյանքներ, մեկ է դա արված չէ գռեհկորեն։ Եթե անդրադառնում ես նման թեմայի` այն հնարավորինս հավաստի պետք է ներկայացվի: Մեզ համար ֆիլմը հայրենասիրական է, սակայն շատերի համար «Հայրենասիրություն» բառը կարող է փոքր-ինչ այլ կերպ ընկալվել։ Մենք ցույց ենք տալիս խելացի ու բանիմաց երիտասարդների, սակայն միևնույն ժամանակ ֆիլմում այդ նույն խելացի երիտասարդները` գտնվելով թմրանյութերի ու ալկոհոլի ազդեցության տակ, 180 աստիճանով փոխվում են»։
Հավելենք, որ «Ռոմանտիկները» ներկայացված է «Հայակ» Ազգային Կինոյի մրցանակբաշխության 6 անվանակարգերում՝ «Լավագույն խաղարկային Ֆիլմ», «Լավագույն Ռեժիսոր», «Լավագույն Սցենար», «Լավագույն Օպերատոր», «Լավագույն Նկարիչ» և «Լավագույն Դերասան»։
«Ռոմանտիկներն» իրականացվել է Այսօր-Պլյուս ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արեւելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։ Համաշհարհային պրեմիերան տեղի է ունեցել «Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում» (Շվեդիա) 2014թ. հունվարին։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Եթե ոչինչ էլ չաներ, չխոսեր, չերգեր, պարզապես ծնվեր ու ապրեր, այդքանն էլ բավական կլիներ, որ ասեինք՝ ի՜նչ լավ է, որ այսպես սիրուն-սիրուն ծնվել ես ու կաս, ոչինչ մի արա, պարզապես ապրիր, իսկ մենք նայենք քեզ ու հիանանք։
«Անտանելի» գեղեցիկ էր, կատարելության ձգտող գեղեցիկ։ Եվ զարմանալի բան չկա, որ նրա մահից 41 տարի է անցել, բայց մինչ օրս բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիայից ու Բելգիայից մինչեւ Նոր Զելանդիա, Թաիլանդից մինչեւ Սիրիա եւ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներ, գործում են Մայք Բրանտի երկրպագուների ակումբներ, լեգենդներ են հյուսվում նրա մասին, հարյուրավոր կանայք պարծենում են, որ նրա սիրուհին են եղել, իսկ տղամարդիկ հպարտությամբ պատմում են, որ Մայքի հետ ընկերություն են արել։
Մայք Բրանտը հրեա էր։ Իսկական անունը Մոշե Բրանդ էր, ծնվել է (1947-1975) Կիպրոսի Ֆամագուստա նավահանգստային քաղաքում, հրեա փախստականների ճամբարում։ Մայրը՝ Բրոնյա Ռոզենբերգը, Լեհաստանի հրեա էր, հայրը՝ Ֆիշել Բրանդը, Ռուսաստանի։ Մինչ որդու ծնվելը նրանք փորձել էին փոխադրվել Իսրայել, սակայն այս մտադրությունը հաջողվեց իրականացնել Մոշեի ծնվելուց հետո։ Հաստատվեցին Հայֆա քաղաքում։
Տարօրինակ երեխա էր։ Մինչեւ երկու տարեկանը չի քայլել, մինչեւ վեց տարեկանը չի խոսել։ Երբ խոսեց, ընկերներին մի մեծ գաղտնիք հայտնեց՝ մեծանամ, կամ աստղ եմ դառնալու, կամ... թափառաշրջիկ։ 11 տարեկան էր, որ դպրոցի երգչախմբում սկսեց երգել։ 15-ից իր եղբոր խմբում մեներգիչ էր։ Խումբը հանդես էր գալիս Հայֆայի ու Թել Ավիվի սրճարաններում, գիշերային ակումբներում, հյուրանոցներում։ Շուտով նրան նկատում է իսրայելցի իմպրեսարիո Ջոնաթան Կարմոնը։ Հենց նա է առաջարկում, որ Մոշեն Մայք դառնա։ «Մոշեն հնչեղ անուն չէ»,- «հիմնավորում է» Ջոնաթանը (իսկ մենք, իհարկե, շատ էլ լավ հասկանում ենք, որ Հոլոքոստ տեսած ազգի ներկայացուցչին «Մոշե»-ի հնչեղությա՛ն հարցը չի հուզում)։ Նա հյուրախաղեր է կազմակերպում Մայք դարձած Մոշեի համար դեպի ԱՄՆ եւ Հարավային Աֆրիկա, մեկ տարի տեւողությամբ։ Իսկ 1969-ին Թեհրանի հյուրանոցներից մեկում նրա ձայնը (գուցե նաեւ շլացնող արտաքինը) հիացնում է ֆրանսիացի երգչուհի Սիլվի Վարդանին (կիսով չափ հայկական ծագումով)։ Նա Մայքին հրավիրում է Փարիզ։ Նույն թվականի հուլիսին 22-ամյա Մայքն արդեն արվեստների քաղաքում էր։ Ճիշտ է, Սիլվի Վարդանին գտնում է տասնօրյա տանջալի փնտրտուքներից հետո, բայց ամեն դեպքում Սիլվին խոստումը չէր մոռացել. Մայքին ծանոթացնում է այդ տարիների իր ամուսնու՝ երգիչ եւ դերասան Ջոնի Հոլիդեյի (60-ականների սերունդը եթե նրա ու Սիլվիի երգերը չհիշի, ապա ա լյա «Հոլիդեյ» տաբատները դժվար թե մոռացած լինի) պրոդյուսեր Ժան Ռենարի հետ։ Ռենարն էլ առաջարկում Բրանդը Բրանտ դարձնել։ Ինչու՞։ Չգիտենք։ Գիտենք միայն, որ Փարիզը սիրահարվում է թխահեր ու թխադեմ «Ապոլոնին»։
1970-ին արդեն աստղ էր։ Ասվեց՝ գեղեցկությամբ ու բարեկազմությամբ մի հատիկ էր, արտիստիկ էր, մեծ դիապազոնով ձայն ուներ, նրբակիրթ էր։ Նրա սկավառակները վաճառվում էին միլիոններով, լուսանկարները զարդարում էին ամսագրերի շապիկները։ Մայքը մասնակցում էր ամենահայտնի թոք-շոուներին, հյուրախաղերով ոտքի տակ էր տալիս ողջ աշխարհը։ Նրա յուրաքանչյուր նոր հնչած երգ չէր իջնում հիթ-շքերթի գագաթից։ Դալիդայի հետ հյուրախաղերի էր մեկնում, փարիզյան «Օլիմպիա» հռչակավոր դահլիճում երգում էր նրա հետ (մինչ օրս շշուկները չեն դադարում նրանց սիրավեպի մասին), իսկ հետո՝ շռնդալից մենահամերգ տվեց նույն դահլիճում։ Ահա այս տղան, որ լող էր տալիս փառքի ու սիրո իններորդ ալիքի վրա, այս տղան, որ անչափահասների կուռքն էր, Փարիզ մտնելուց ու Փարիզը նվաճելուց չորս տարի անց՝ Ժնեւի մի հյուրանոցի համարներից մեկի պատուհանից ցած է նետվում։ Գուցե հենց իր անթիվ երկրպագուների անսահման սե՞րն է փրկում Մայքին. բազմաթիվ կոտրվածքներ է ստանում, բայց բժիշկներին հաջողվում է ոտքի կանգնեցնել նրան։ Ասում են՝ հիվանդանոց են այցելել մեր հայրենակից Շարլ Ազնավուրը եւ վշտից գլուխը կորցրած Դալիդան։ Ասում են՝ Մայքն այդպես էլ չպատասխանեց իրեն պաշտողներին տանջող «ինչու՞» հարցին, եւ այդպես լուռ՝ երկու տարի հետո փարիզյան իր բնակարանի պատուհանից կրկին նետվեց սալահատակին, եւ այս անգամ մահը սիրուց հզոր գտնվեց։
Ընդամենը 28 տարեկան էր, եւ ինքնասպանություն գործեց իր հերթական ալբոմի լույսընծայման օրը։
Ինչու՞։
Այս հարցին փորձել է պատասխանել դրամատուրգ Գադի Ինբարը, Մայքի մահից 33 տարի հետո Իսրայելում բեմադրված իր պիեսն սկսելով Մայքի մանկությունից Հայֆայում, հասնելով մինչեւ նրա գլխապտույտ հաջողությունը Ֆրանսիայում եւ մահը փարիզյան փողոցներից մեկի մայթին։ «33 տարի սպասել եմ այն պահին, թե երբ է Մայքը վերադառնալու բեմ», - ասել է նա 2007 թվականի նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում։ Նաեւ ընդգծել է, որ իր պիեսը ոչ միայն Մայքի պատմությունն է, մի տղայի, որը մինչեւ վեց տարեկանը չի խոսել, մի պատանու, որն ապրել է Հայֆայում, այլ մարդու, որը գնացել է Եվրոպա, որտեղ ոչնչացրել են իր ծնողների ընտանիքներին, նվաճել է այդ Եվրոպան... Նվաճել է ու ձեռքը թափ տվել՝ հեռացել անվերադարձ։
Մոշե-Մայքի մայրն ապրել է Օսվենցիմի բոլոր սարսափները։ Նրա յոթ հոգանոց ընտանիքից միայն մայրն է փրկվել։ Հայրը ռազմաճակատում կռվում էր ֆաշիստների դեմ։ Նրա ծննդավայր գյուղը ֆաշիստները հիմնովին հրի մատնեցին, այդ դժոխքում մոխիր դարձան նրա գրեթե բոլոր հարազատները, իսկ ողջ մնացածներին քշեցին համակենտրոնացման ճամբարներ, որտեղից ոչ ոք չվերադարձավ։
Ըստ հոգեբույժների ու հոգեբանների՝ ցեղասպանություն տեսած ծնողների երեխաներին ողջ կյանքում հետապնդում են հոգեկան խնդիրները։ Մայքի ընտանիքում խստորեն արգելված էր խոսել Հոլոքոստի մասին։ Այդ ողբերգության մասին Մայքն իմանում է 14 տարեկանում եւ ահավոր ցնցում է ապրում։
Գուցե հենց այստե՞ղ է թաքնված Մայք Բրանտին պաշտողների «ինչու»-ի պատասխանը։ Ո՞վ գիտե։
Փաստ է. գեղեցկությունը գուցե մի օր իրո՛ք կփրկի աշխարհը, բայց Մայք Բրանտին չփրկեց։
Թաղված է Հայֆայում։
Ֆրանսիայի եւ Իսրայելի համատեղ արտադրությամբ, 1998-ին վավերագրական ֆիլմ է նկարահանվել նրա մասին։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ստորև ներկայացվող վերամբարձ տեքստի հեղինակը ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն է, ով ոչ միայն չի հանդուրժում, որ որեւէ մեկը երբեւէ ասի, որ «իր աչքի վերեւ հոնք կա», այլեւ սեփականաշնորհել է Գրողների միության աթոռը եւ այն տառացիորեն զմռսել իր հետույքին: Իսկ այդ նպատակին հասնելու համար Գրողների միությունը ողողել է բառացիորեն աղբով՝ գրի ու գրականության հետ որեւէ առնչություն չունեցող մարդկանց գրող է հռչակել եւ ընդունել միություն: Այս եղանակով իր վերընտրման հավանականությունը մոտեցրել է 100 տոկոսանոց սահմանին եւ ապահովել է այս աթոռը ցկյանս տնօրինելու՝ որեւէ բարոյական նորմով չապահովված իրավունքը: Մանավանդ որ ստեղծագործական միությունների նախագահների թայֆայով կարողացան հասնել նրան, որ օրենքներն ու կանոնադրություններն այնպես փոխեն, որ որեւէ իրավական խոչընդոտ չլինի այդ ճանապարհին: Պարզապես զարմանալի է, թե ժամանակին Աբգար Ափինյանի դեմ մարտնչող գրողներն ուր են եւ ինչու են հաշտվել Գրողների միության իշխանամետ ու ոչ գրական «թագավոր» ունենալու մտքի հետ:
«Հրապարակի» նախորդ համարում ամենայն ուշադրությամբ կարդացի բանաստեղծ Հուսիկ Արայի հարցազրույցն արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ (երկուսն էլ` ՀԳՄ անդամ)։ Շատ բարձր եմ գնահատում ՀԳՄ նոր կանոնադրության նկատմամբ ե՛ւ թերթի, ե՛ւ հեղինակների սրտացավ վերաբերմունքը, բայց, դե, իմ վաղեմի բարեկամներն այդպես անտեղյակ կարող էին զրուցել Գրողների տանը եւ ոչ թե «Հրապարակ»-ով։ Այն էլ հայտարարելով, թե իրենք ծանոթ չեն ՀԳՄ նոր կանոնադրության տեքստին։
Իսկ ճշմարտությունը հետեւյալն է. դեռեւս 2011 թ. գարնանը ՀԳՄ նախագահությունը կազմեց հատուկ հանձնախումբ՝ հանձնարարելով կազմել կանոնադրության նոր տարբերակ։ Մինչ հանձնախմբի տարբերակի վերջնական մշակումը, «Գրական թերթի» երկու համարներում շարունակաբար հրապարակվեց արձակագիր Վլադիմիր Հայրապետյանի ալտերնատիվ կանոնադրությունը (NN 19-20, 2011)։ Արդեն տարեվերջին ԳԹ-ն հրապարակեց, ընդ որում՝ ամբողջ զույգ էջով, թավ տառերով, նոր ՀԳՄ նոր կանոնադրության տարբերակը, որն անգամ ամենակարճատեսի աչքից էլ չէր վրիպի։ Տեքստի ավարտին, խոշոր տառատեսակով, կոչ էր արվում Հայաստանի գրողների միության բոլոր անդամներին՝ հանձնախմբին ներկայացնել իրենց առաջարկություններն ու լրացումները (N 43, 2011)։ Սփյուռքից եւ Հայաստանից անմիջապես հաջորդեցին սույն թեմայի քննարկումները, որոնք սփռված են ԳԹ-ի տարբեր համարներում։
Չերկարացնեմ. անցած ամիսներին էլ կանոնադրական հանձնախումբը, հենվելով ՀԿ-ների օրենքի պահանջների վրա, հաշվի առնելով արված առաջարկները, մասնավորապես Վլ. Հայրապետյանի տարբերակի բոլոր ընդունելի (օրենքով) լրացումներն ու շտկումները, հղկել է կանոնադրության վերջնական տեքստը, որը համագումարից առաջ կբաժանվի պատվիրակներին՝ ի նոր ծանոթություն։ Համագումարի ընթացքում հանձնախմբի նախագահ Պետրոս Դեմիրճյանը մի անգամ եւս մանրամասն կներկայացնի առաջարկությունների եւ լրացումների ողջ փաթեթը, որից հետո կծավալվի եւս մի քննարկում, եւ ապա միայն կհաստատվի կանոնադրությունը։
Այսքանից հետո էլ ի՞նչ վաշ ու վիշ, ափսոսանք ու հեկեկանք, էլ ի՞նչ մեղք ու մեղսագործ...
Ուրեմն, ապատեղեկատվություն տարածելուց առաջ, նախ բարի եղեք կարդալ ձեր իսկ «Գրական թերթը», հետո միայն ձենձենեք, թե ինչ-որ բան նեխել է Դանեմարքայում (ճիշտ ձեւը՝ Դանեմարք)։ Գլուխը քարը Դանեմարք-Դանիան, դուք ազնիվ եղեք եւ նեխվածքը փնտրեք ձեր իսկ բարոյականության կալվածքներում, հավատացած եմ, այն ձեզ շա՜տ մոտ է...
Հարգանոք՝ Լեւոն ԱՆԱՆՅԱՆ
«Հրապարակ»
Նշենք նաև, որ Անանյանը, որ նախագահական ընտրությունների ժամանակ քարոզչություն էր իրականացնում Սերժ Սարգսյանի, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին, երեկ Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարին՝ բաց քվեարկությամբ միաձայն գրողների միության նախագահ է վերընտրվել:
Հիշեցնենք, որ Լևոն Անանյանը առաջին անգամ 2001 թվականին է ընտրվել միության նախագահ, հետո հաջորդաբար՝ 2005-ին և 2009-ին վերընտրվել է:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն այլևս չի պատրաստվում Հոլոքոսթի մասին ֆիլմ նկարահանել` թողնելով դա Շոայի հիմնադրամի ինստիտուտին:
«Շինդլերի ցուցակի» ավարտից հետո Սփիլբերգը սկսել էր հավաքել Հոլոքոստ վերապրած մարդկանց պատմությունները: Այս տարի Սփիլբերգի հիմնադրամը ընդլայնում է իր աշխարհագրությունը և սկսել է հավաքել տեղեկություններ Հայոց ցեղասպանության, Կամբոջայի ու Ռուանդայի ցեղասպանությունների մասին, գրում է telegram.com-ը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Ամստերդամում 60 տարեկան հասակում մահացել է հոլանդացի դերասանուհի Սիլվիա Քրիստելը, որը հայտնի դարձավ «Էմմանուել» էրոտիկ ֆիլմում գլխավոր դերակատարումից հետո:
Այս ֆիլմն առաջին էրոտիկ կինոնկարն էր, որը լայն տարածում գտավ Խորհրդային Միությունում և կարող էր նույնիսկ քրեական հետապնդման պատճառ դառնալ «պոռնոգրաֆիայի տարածում» հոդվածով:
Աղբյուրը՝ newsru.com
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը «Հայակ» մրցանակաբաշխության ընթացքում ստացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակն Ազնավուրին հանձնեցին կինոյի ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդները:
«Շնորհակալ եմ, որ «Հայակն» իր ներկայությամբ պատվել է մեր սիրելի Շառլ Ազնավուրը: Մենք այս տարվա երեկոն անցկացնելուց առաջ որոշեցինք սահմանել հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար: Ժյուրին այն որոշեց կոչել Ռուբեն Մամուլյանի անունով և առաջին մրցանակը հանձնել Շառլ Ազնավուրին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է «Հայակ»-ի նախագահ Գևորգ Գևորգյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |